Բաժիններ՝

Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Միացյալ Թագավորության, Կանադայի և ԱՄՆ-ի պատժամիջոցներն ԻԻՀ-ի զինված ուժերի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ՝ դրանք անվանելով հնարավորություն շարունակել երկրի պաշտպանունակության ամրապնդումը:

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցից։

Նա նշել է, որ Իրանի ռազմական կարողությունները զարգանում են ըստ երկրի կարիքների՝ ազգային անվտանգությունն ու շահերը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու և արտաքին սպառնալիքներից ու ագրեսիայի ակտերից օրինական ու զսպող պաշտպանություն ստեղծելու նպատակով։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային հանրության գլխավոր գործընկերն է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,-ընդգծել է Քանանին՝ հավելելով, որ Իրանի պաշտպանական հատվածի դեմ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող խաթարել երկրի վճռականությունը՝ ուժեղացնելու իր ուժը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը։

Ապրիլի 25-ին Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին հակաիրանական նոր պատժամիջոցների ներդրման մասին։ Լոնդոնը սահմանափակող միջոցներ է տարածել իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության հետ կապված երկու անձանց և չորս ընկերության նկատմամբ։

Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, թագավորությունը սահմանափակումներ էր մտցրել նաև պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս