Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան
Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, իրավիճակը տևական ժամանակ լարված էր: Քարտեզագրողները երեկոյան ապօրինի սահմանազատման աշխատանքներ կատարելու նպատակով փորձել էին մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն քաղաքացիներն արգելափակել էին մեքենայի շարժը:
168.am-ը գրել էր, որ տավուշցիները նկատել են, որ վերոնշյալ մեքենայի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (առջևի երկրորդ սև, առանց համարանիշի մեքենայի մեջ)։ Բնակիչները կասկածներ էին հայտնել նաև, որ նրա հետ կարող էր լինել ադրբեջանցի գործընկերը՝ Շահին Մուստաֆաևը, ում հետ միասին կոորդինացնում են սահմանազատման աշխատանքները:
Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ Արդյո՞ք եղել է Շահին Մուստաֆաևը, հայտնի չէ:
Չնայած Բագրատ Սրբազանը շարունակում է կասկած հայտնել, որ մեքենայում Մհեր Գրիգորյանն է եղել Շահին Մուստաֆաևի հետ:
«Մգեցված ապակիներով առանց համարների մեքենա, անհայտ ինքնության մարդիկ, որոնք կասկածների տեղիք են տվել, անվստահության՝ ովքեր են այդ մեքենայի մեջ եղել, և հնչեցնում էին՝ միգուցե ադրբեջանցի էին: Նույնիսկ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել և Շահին Մուստաֆաևը:
Մհեր Գրիգորյան, փոխվարչապետ, ողջամիտ կասկածներ կան, որ մեքենայում Դուք եք եղել: Ձեր և Ձեր կառավարության քայլերի ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ անընդհատ խաբել եք, և չի բացառվում, որ երեկ էլ խաբած լինեք: Ես վստահաբար չեմ ասում, որ այդպես է, բայց գաղտնիության քողի տակ՝ քողածածկույթով արված, իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու: Վերստին կրկնում եմ՝ ես չեմ հաստատում, որ դա այդպես է, միգուցե ես անձնապես էլ չեմ հավատում, որ այդպես է, բայց դուք իրավունք եք տվել ձեր իսկ վարքագծով»,- շեշտել է Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում