«Մենք պայքարում ենք, որ Փաշինյանը հեռանա, Էդմոն Մարուքյանը պայքարել է, որ իրեն պաշտոն տա․ նա հասել է իր նպատակին, մենք՝ ոչ»․ Աշոտ Անդրեասյան

«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:

Նա վստահ է, որ Փաշինյանն Ալիևին չի պատասխանել՝ որպես ՀՀ ղեկավար, այլ պարզապես դա արել է ինչ-որ ուժերի ուղղորդմամբ. «Պատերազմի երկու տարին լրացավ, բայց այդ օրը Փաշինյանը չգնաց Եռաբլուր, պետական մակարդակով չեն հարգել զոհերի հիշատակը: Եռաբլուր գնալը Փաշինյանի համար խնդիր է: Զուգահեռներ տանել Հյուսիսային պողոտայով նրա շոուի հետ՝ 180-200 թիկնապահներով քայլելով՝ մարդ և կին փորձում էին ապացուցել, որ իրենք ժողովրդավար են, լեգիտիմ են, սակայն, նույնիսկ 200 թիկնապահով քայլելու ընթացքում գտնվեց մարդ, որը գոռաց՝ դավաճան: Իրենց ճակատին դաջված է դավաճանի խարանը: Պատերազմից երկու տարի անց մեր զոհերի ցուցակները չկան, թե ով որտեղ ինչ հերոսություն է արել, ով որտեղ է զոհվել: Այդ ամենն արվում է, որպեսզի ՀՀ քաղաքացու մեջ չլինի ոգի, սեր դեպի հայրենիք, դեպի հերոս, դեպի այն հերոսը, որն իր կյանքն է տվել, այսինքն՝ մոռացվի, գնա: Մենք, ինչպես 1991-1994թթ. հերոսների մեծ մասին անուններով գիտենք, իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ 44-օրյա պատերազմի զոհերի, ո՛չ սեպտեմբերի 13-14-ի զոհերի անունները չհրապարակեց»:

Աշոտ Անդրեասյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին խոստումներ է տալիս և չի կատարում. «Օրինակ՝ գնում է Բրյուսել, պայմանավորվածություններ է ձեռք բերում, հայտարարություններ են արվում, հետո գնում է Մոսկվա, ԱՄՆ, բոլորին խոսք է տալիս, և այդ բոլորի շահերը որևէ դեպքում չեն կարող իրար հետ համընկնել: Այդ պատճառով չունենք դաշնակից և միշտ ռազմական գործողությունների ժամանակ մնում ենք մենակ: Այդ ռազմական գործողությունները դադարեցնելու համար նորից ինչ-որ մեկին ինչ-որ բան է խոստանում ու էլի խոստումները չի կատարում»:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծել է. «Ասել՝ Փաշինյանը միջանցք է խոստացել, նշանակում է՝ ադրբեջանցի ես կամ Ալիևի լոբբիստ ՀՀ-ում»:

Կարդացեք նաև

Աշոտ Անդրեասյանը Մարուքյանի վերոնշյալ հայտարարությանն ի պատասխան՝ հետևյալն ասաց. «Էդմոն Մարուքյանը կամ իր նշած ադրբեջանական լոբբիստ է, կամ էլ թուրք է, որովհետև նույն բաներն ԱԺ ամբիոնից ասել է: Օրինակ՝  մենք պայքարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Էդմոն Մարուքյանը պայքարել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն պաշտոն տա, ու այդպես էլ եղել է: Էդմոն Մարուքյանը հասել է իր նպատակին, մենք՝ ոչ: Եթե կառավարությունից ինձ կանչեն ու որևէ պաշտոն առաջարկեն, ես կթքեմ իրենց երեսին, բայց Էդմոն Մարուքյանը դրա համար այնքան է խոսել, մինչև իրեն մի բան առաջարկեն, ու սուս մնա: Դա արժեհամակարգի և մտածողության տարբերությունն է»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ամենից լավ միայն Ալիևի պահանջներն է կատարում. «Եթե մնա, շարունակելու է անել այն, ինչ անում է, իսկ Ալիևը հասկացել է, որ դիմացինը գետնի շորի նման է իրեն պահում, և փորձում է անընդհատ վերցնել: Այս իրավիճակում մենք չենք ասում՝ մեզ պաշտոն է պետք, ես ու իմ հարյուրավոր ընկերներ կարող ենք խոստանալ, որ եթե Փաշինյանը հեռանա, դուրս գանք քաղաքականությունից, ուղղակի ասում ենք, որ Փաշինյանը պետք է գնա, որ այս անվերջ պարտությունների շարանն ավարտվի»:

Աշոտ Անդրեասյանն ասում է՝ չի զարմանա, եթե մի օր էլ Փաշինյանը որոշի Գյումրին նվիրել թուրքերին ու դա արդարացնի նրանով, թե իբր գյումրեցիներն ավելի լավ կապրեն. «Այո, դրա համար եմ ասում՝ առհասարակ, հիմա Փաշինյանին քննարկելը կամ նրա գործողությունները քննադատելը արդիական չեն, գործողություններ են պետք: Քննադատելով, քննարկելով՝ մենք ոչնչի չենք հասնի: Ինքն ամեն ինչի պատրաստ մարդ է: Ես նույնիսկ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, երբ ասում էին՝ մեր տղային գերի տանք, իրենք դա կանեին, նույնիսկ կուզենային, որ իրենց տղան զոհված լիներ պատերազմի ժամանակ, որ ասեին՝ տեսեք՝ մեր տղան զոհվել է, ամեն ինչ արդար է, մի 10 տարի էլ մնանք ղեկավար: Իրենք սրբապիղծ մարդիկ են: Իրենք իրենց տղայի ֆակտորը շատ անգամներ են շահարկել, և ես ինֆորմացիա ունեմ, որ այդ ամենից հետո իրենց տղան իրենց հետ չի էլ ապրում, նեղացած է իրենցից»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Աշոտ Փաշինյանն առանձի՞ն է ապրում, նա պատասխանեց. «Այո, ես այդպես գիտեմ, որ առանձին է ապրում: Իրենք փողոցում մոտեցել են, ասել են՝ քո դավաճան հայրը… Ասել է՝ ես իրենց հետ կապ չունեմ, ես առանձին եմ ապրում: Նա չի շփվում իր տան անդամների հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս