«Հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել երկաթուղու շահագործման վերաբերյալ փաստաթուղթը». Նիկոլ Փաշինյան
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ալիևը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել, թե իբր Հայաստանն իր պարտավորությունները չի կատարել՝ այդ պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում: Եվ այս տեսակետը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է մի քանի փաստով և նոյեմբերի 9-ի հայտարարությունից մեջբերումներով.
«Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ «Լաչինի միջանցք», սա մեջբերում է, այսինքն՝ Լաչինի միջանցքն ուղիղ անվանված է՝ որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում: Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք: 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսք է գնում միայն հաղորդակցության՝ տրանսպորտային հաղորդակցության մասին: Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար:
Այսինքն, մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի՛ կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել, և միայն սա կարող է անել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»:
Մեկ անգամ ևս անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, Փաշինյանն ընդգծեց, որ այդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ հաստատելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է․
«Սա ակնհայտ է դարձնում նաև 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ:
Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի՛ ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից: Ընդ որում, նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ ադրբեջանական հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, թե այլ հայտարարությամբ և փաստաթղթով Հայաստանը նման պարտավորություն չունի։
«Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ:
Հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:
Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահն ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է՝ ընդամենը պետք էր այն, ինչ հրապարակային հայտարարվել էր, դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել և նաև Կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այդպես շարունակ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում