Բաժիններ՝

«Ասենք, 300.000 կտորե տոպրակ բաժանեցին, հետո՞». Բնապահպանը՝ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ քննարկում, որին մասնակցել էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրով հետաքրքրվող և շահագրգիռ այլ անձինք: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը տեղեկացրել էր Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին՝ պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին։

Բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է՝ այս քայլով ոչինչ չի փոխվելու, որովհետև մի երկու անգամ մարդիկ կտանեն այդ տոպրակը, հետո կսկսեն մոռանալ ու կրկին պոլիէթիլենային տոպրակներ կգնեն:

«Պետք էարդյունքի հասնելու համար պոլիէթիլենային տոպրակները վերանան շուկայից: Ուզում եմ հասկանալ՝ ասենք,300.000 կտորե տոպրակ բաժանեցին, հետո՞: Ի՞նչ է փոխվելու: Իրենց կարծիքով՝ 300.000 հոգի ամեն օր տոպրակը պետք է դնի պայուսակն ու գնա՞: Նման բան չի լինում:Սակայն, եթե խանութում չլինի պոլիէթիլենային տոպրակ կամ արժենա, պայմանական ասեմ,1000 դրամ, մարդը կաշխատի տանել իր կտորից տոպրակը: Խանութում կարող է որպես այլընտրանք լինել նաև թղթե տոպրակ, որն ավելիէժան կլինի, քան պոլիէթիլենային տոպրակը: Այս դեպքում հարցը կլուծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ պետք է բարձրացվի նաև թղթի վերամշակման հարցը:

Կարդացեք նաև

«Երևանում այնպիսի կետեր պետք է լինեն, որ զանգով գան, տանեն, կամ մարդուն այնքան մոտ լինի, որ կարողանա մակուլատուրա հանձնել: Այսինքն, կարելի է հարցը լուծել՝ ունենալ թղթի վերամշակումև այնպիսի տոպարկներ, որոնք առկա են, օրինակ, ԱՄՆ-ում: Եվ հետո, կան պոլիէթիլենային տոպրակներ, որոնք լուծվում են բնության, ինչպես նաև ջրի մեջ: Գիտեմ, որ մեզ մոտ նման փոքր արտադրամաս կա, որ զբաղվում է դրանով, բայց ի վիճակի չէ ամբողջ Հայաստանն ապահովել»,- նշեց բնապահպանը:

Ի դեպ, բնապահպանին լսելուց հետո խնդրի շուրջ զրուցեցինք Երևանի խանութներում մշտապես առևտուր անող երևանցիների հետ, պարզվեց, որ ոչ միայն իրենք են սեփական տոպրակներով գնումներ կատարում, այլ նաև նկատել են, որ իրենց նման շատերը կան, ոմանք ունեն պոլիէթիլենի տոպրակ, որը մեկ անգամգնել, բայց մի քանի անգամօգտագործում են, կան նաև մարդիկ, որոնք իրենց մոտ մշտապես ունեն կտորե տոպրակներ: Պատճառը, ինչպես իրենք բացատրեցին, ոչ միայն խանութում վաճառվող պոլիէթիլենի տոպրակների գինն է՝ 45 դրամ, այլ նաև այն, որ նրանք էլ են մտածում շրջակա միջավայրի մաքրության մասին:

Համենայն դեպս, մեր զրուցակիցների մեջ կան նաև այդպիսիք, որ նման հիմնավորում ներկայացրեցին: Տեղեկացնենք նաև, որ Եվրոպայում պոլիէթիլենից տոպրակների կիրառումը սահմանափակող միջոցները վաղուց են կիրառվում, օրինակ՝ Չեխիայում պոլիէթիլենային տոպրակների գինը մոտ 200 դրամ է, ինչը տեղացիների համար բարձր գին է, ու նրանք նախընտրում են կտորե սեփական տոպրակներով խանութ գնալ գնումների: Թղթե տոպրակները, իհարկե, ավելի մատչելի են, բայց այսօր դժվար թե Հայաստանում թղթե տոպրակների այնպիսի արտադրություն լինի, որ մատչելի գներով տոպրակ արտադրեն: Կա հաստատված կարծիք և աշխարհում վաղուց կիրառվող հարցի լուծման գտնված մեթոդ՝ աղբի վերամշակում: Ինչի մասին Հայաստանում շատ վաղուց խոսվում է, բայց դեռ արդյունք չկա: Որոշ մասնավոր ընկերություններ, իհարկե, կազմակերպում են սորտավորված աղբի հավաքագրում, բայց դա դեռևս լայն տարածում չի գտել և այնքան էլ մատչելի չէ բոլոր քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությանօրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս