Գյումրիում բացվեց «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոն
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ նոյեմբերի 4-ին Գյումրիում պաշտոնապես բացվեց «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոն։ Այն Շիրակի մարզում բոլոր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված առաջին մատչելի կենտրոնն է։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը, Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ գործադիր տնօրեն Սյուզան Սիգալը:
«Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին, համավարակի ու Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում տեղի ունեցած պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։ Կենտրոնն աջակցել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և երկարաժամկետ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։
«Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնը հիմնադրման օրվանից՝ երկու տարվա ընթացքում ավելի քան 1250 ծառայություն է մատուցել շուրջ 500 անձի, կազմակերպել է 280 անկախ կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթաց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար։
«Երանի իմ մանկության և պատանեկության տարիներին Հայաստանում լինեին «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոններ, այդ դեպքում ինձանից չէր պահանջվի 30 տարի, որ հասկանայի՝ կարող եմ ապրել անկախ կյանքով։ Անկախ կյանք նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձը ինքն է վերահսկում և ուղղորդում իր սեփական կյանքը և պատասխանատվություն կրում իր գործողությունների համար: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն մարդու նույն հիմնարար իրավունքները, ինչ հաշմանդամություն չունեցող անձինք. Այն է՝ մասնակցել և նպաստել համայնքային կյանքին և երկրի ներառական զարգացմանը: «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնը շարունակելու է աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց և ընտանիքների հետ` հզորացնելով և նրանց ձայնը լսելի դարձնելով որոշում կայացնողների համար, ինչպես նաև՝ ակտիվորեն շահերի պաշտպանություն իրականացնել ազգային ու միջազգային մակարդակներում, որպեսզի մեր երկրում մշակվեն ու կիրարկվեն ներառական և մարդու իրավունքների վրա հիմնված իրավական ակտեր, քաղաքականություններ»,- ողջունելով հյուրերին՝ նշեց «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար կենտրոնի մատուցած ծառայությունների առկայությունը, նշեց.
«Հպարտ ենք, որ այսօր պաշտոնապես բացում ենք Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հիմնադրված երկու «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոններից առաջինը՝ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից։ Այս կենտրոնները օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց դուրս գալ մեկուսացումից, ստեղծում են կապ գործատուների հետ ու առաջարկում աշխատանքի հնարավորություններ,մատուցում են ծառայություններ՝ հիմնված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա»։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կարևորեց կենտրոնի գործունեությունը:
«Շնորհավորում եմ բոլորիս կենտրոնի բացման կապակցությամբ, որը նախանշում է հսկայածավալ աշխատանքների սկիզբ: Այն գտնվում է լավագույն ձեռքերում»,-նշեց ՄԻՊ-ը:
Պաշտոնական բացման իր խոսքում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս կարևորեց կենտրոնի գործունեությունը Շիրակի մարզում։
Արմենուհի Մխոյան