Փոխարժեքը ընկնում է, քաղաքացիների ֆինանսական կորուստներն ավելանում են. դոլարն իջավ հերթական հոգեբանական շեմից

Աշխարհում դոլարը թանկանում է, իսկ Հայաստանում շարունակում է արժեզրկվել։ Թե դրանից ինչպիսին են տնտեսության օգուտներն ու վնասները, շատ է խոսվել։ Բայց բոլորը մոռացել են այն հազարավոր քաղաքացիներին, որոնք մեծ վնասներ են կրում դոլարի ու ընդհանրապես տարադրամի արժեզրկումից։

Խոսքը նրանց մասին է, ում եկամուտները ձևավորվում են տարադրամով։ Այդպիսիք մեր երկրում հաստատ քիչ չեն։ Այդ մարդիկ անցած 7-8 ամսում 20-25 տոկոսով կորցրել են իրենց եկամուտները ու դեռ շարունակում են կորցնել։ Բայց նրանց մասին մտածող չկա։

Վերջին օրերին դոլարի գինը կրկին ընկավ. այն իջավ նաև 400 դրամի հոգեբանական շեմից։

Փոխանակման կետերում դոլարը գնվում է 396 դրամով։ Վաճառքը  400-401 դրամ է։

Կարդացեք նաև

Դոլարի գինը էլ ավելի ցածր է բանկերում։ Բանկերն այն իջեցրել են ընդհուպ մինչև 390-391 դրամի։ Վաճառքը 395-397 դրամի սահմաններում է։

Տարեսկզբից մինչև հիմա դոլարի գինը Հայաստանում իջել է 90-100 դրամով։ Իսկ եթե հաշվի առնենք, որ փետրվարի վերջին-մարտի սկզբին այն հասել էր 520 դրամի, ապա արժեզրկումը շատ ավելի մեծ կլինի՝ առնվազն 23-24 տոկոս։

Հաշված ամիսների ընթացքում սա շատ մեծ տատանում է, որին այս տարի բախվել են տնտեսությունը, հատկապես արտահանելի հատվածն ու հասարակության այն խավը, որի եկամուտները ձևավորվում են տարադրամով։ Որքան իջնում է տարադրամի գինը, այնքան ավելանում են այս մարդկանց ֆինանսական կորուստները։ Դեռ չհաշված այն կորուստները, որոնք առաջանում են դրսից ուղարկված գումարները ներսում փոխարկելու և բանկային բարձր միջնորդավճարներ գանձելու հետևանքով։

Այս մարդկանց մեջ քիչ չեն այնպիսիք, ովքեր բացառապես այդ գումարների հույսին են և դրանցով են հոգում իրենց սոցիալական կարիքները։ Եթե տարվա սկզբին 1 դոլարը փոխանակելիս նրանք ստանում էին մինչև 500-520 դրամ, հիմա ստանում են 400 դրամից պակաս։

Այդպիսի մարդիկ մեր հասարակության մեջ հասնում են հարյուր հազարների։ Մի մասն արտագնա աշխատանքով է վաստակում, մյուս մասը՝ պարզապես օգնություն է ստանում հարազատներից, իր կարիքները հոգալու համար։ Դոլարի և ընդհանրապես մյուս տարադրամների արժեզրկումը նվազեցնում է այս մարդկանց եկամուտները։

Իհարկե, տարադրամի արժեզրկումն ունի նաև իր հիմնավորումները. երբ գործադիր իշխանության համապատասխան մարմիններն իրենց տեղում չեն, դրանով Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճը։

Գնաճը ինչ-որ տեղ զսպում են, բայց նաև մարդկանց այսպիսի մեծ վնասներ պատճառելու գնով։ Նրանք մեղավոր չեն, որ երկիրը հայտնվել է բարձր գնաճային միջավայրում, կառավարությունը մի կողմ է քաշվել, իսկ Կենտրոնական բանկն այն զսպելու ավելի արդյունավետ գործիքներ չունի ու թողնում է, որպեսզի դրամն ամրապնդվի։

Իրականում Հայաստանում ոչ թե դոլարն ու մյուս արժույթներն են արժեզրկվում, այլ դրամն է ամրապնդվում։ Պատահական չէ, որ դրամի նկատմամբ թուլացել են բոլոր հիմնական արժույթները։ Ոչ միայն դոլարը, այլև եվրոն, նաև ռուսական ռուբլին։

Եթե դրամն այսքան ամրապնդված չլիներ, հիմա ռուբլու գինը Հայաստանում ոչ թե 6-6,5, այլ առնվազն 7,-7,5, գուցե նաև 8 դրամ լիներ։ Դրամը արժևորվել է ու հանգեցրել արտարժույթի թուլացման։

Դրանից օգտվում են նրանք, ովքեր դրամ ունեն ու կարող են մեծ քանակությամբ տարադրամ գնել։ Գնել ու վաճառել՝ ստանալով լուրջ եկամուտներ։

Այդպիսիք, իհարկե, շատ չեն, բայց կան. առաջին հերթին, ֆինանսական ինստիտուտները, որոնք այս տարի հասցրել են աստղաբաշխական շահույթներ ստանալ։

Օրինակ՝ բանկերի շահույթներն այս տարի 3 անգամ ավելի շատ են եղել, քան անցած տարի։ Ավելի շատ, քան երբևէ։ Դրանց մեջ քիչ չեն փոխարկումից ստացված եկամուտները։

Կենտրոնական բանկն էլ է դոլար գնում, բայց ոչ մեծ ծավալներով։ Դա երևում է նաև բանկի արտաքին տարադրամային պահուստներում, որոնք ավելանում են։

Վերջին 2 ամսում ԿԲ պահուստներն աճել են 179 մլն դոլարով, 75 միլիոնով՝ օգոստոսին, և 104 միլիոնով՝ սեպտեմբերին։ Թեև, եթե հաշվի առնենք շուկայում տարադրամի առաջարկի ծավալը, հավանաբար ավելի շատ պիտի աճեին։ Բայց ԿԲ-ն խուսափում է մեծ ծավալի տարադրամի ներքաշումից, չնայած կապիտալի հոսքը դրսից սեպտեմբերին կրկին մեծացել է։

Վերստին ավելացել են տրանսֆերտները։ Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն այդ ամսին կազմել են ավելի քան 551 մլն դոլար։ Նախորդ ամսվանից 79 միլիոնով ավելի։

Աճը կրկին Ռուսաստանից է. հայտարարված մասնակի զորահավաքից հետո ավելացավ մարդկային հոսքը՝ մեծացնելով նաև Հայաստան մտնող տարադրամի քանակը։

Իհարկե, Կենտրոնական բանկը կարող էր ներքաշել այդ հավելյալ զանգվածը և թույլ չտալ տարադրամի հետագա թուլացում, բայց գերադասել է այդպես չանել։ Ոչինչ, որ դրանից հասարակության մի հսկայական հատվածի ֆինանսական կորուստներն էլի ավելացել են։

Մի պահ դոլարի գինը կայունացել էր 410 դրամի շրջակայքում։ Բայց վերջին 8-10 օրերին կրկին արժեզրկման կուրս է վերցրել։ Ու դրա հիմնական պատճառներից մեկը ոչ միայն դոլարի առաջարկն է, որն այս տարի, հայտնի գործոնների հետևանքով, ավելացել է, այլև դրամի պահանջարկը։ Դրամի պահանջարկն աճել է, իսկ համարժեք առաջարկ չկա։ Կենտրոնական բանկը հակված չէ բավարարել այդ պահանջարկը և ավելացնել դրամի զանգվածը։ Խնդիրը էլի գնաճն է։ Փողի քանակի ավելացումը, որը կարող էր թուլացնել տարադրամի ամրապնդումը, բերելու է գնաճային ճնշումների ակտիվացման, ինչից խուսափում է Կենտրոնական բանկը։

Հոկտեմբերի վերջին տասնօրյակում արձանագրված դոլարի հերթական արժեզրկումը կամ դրամի ամրապնդումը նաև փողի քանակի կրճատման հետևանք էր։ Տնտեսության մեջ գտնվող փողի զանգվածը ամսվա սկզբին 1 տրիլիոն 778 միլիարդ էր, վերջին՝ շուրջ 1 տրիլիոն 638 միլիարդ։

Սկզբի համեմատ՝ ամսվա վերջին փողի զանգվածը կրճատվել էր 140 միլիարդով։ Թեև սովորաբար հակառակն է լինում։

Նույնը նաև կանխիկի դեպքում. հոկտեմբերի սկզբին կանխիկի շրջանառությունը հասել էր 754 միլիարդի, այնինչ՝ վերջին 747 միլիարդ էր։ Դրանից 10 օր առաջ էլ 770 միլիարդին մոտ էր։

Մի կողմից՝ տարադրամի բարձր առաջարկը, մյուս կողմից՝ տնտեսության մեջ փողի քանակի կրճատումը բերել է դրամի ամրապնդման ու տարադրամի արժեզրկման։ Կենտրոնական բանկը կարող է ազդել փոխարժեքների վրա, բայց հակված չէ, չնայած դրա հետևանքով հասարակության շատ մեծ հատված վաղուց լուրջ կորուստներ է կրում ու դեռ շարունակում է կրել։ Դա ոչ մեկին կարծես չի էլ հուզում, թեև խոսքը բազմահազար քաղաքացիների կրճատվող եկամուտների մասին է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս