Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել:

«Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց կա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում, որտեղ, եթե չեմ սխալվում, 3 անգամ արձանագրում կա Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի մասին: Արձանագրում կա շփման գծի մասին, արձանագրում կա խաղաղապահ առաքելության մասին, նաև՝ Լաչինի միջանցքի: Այսինքն, այդ արձանագրումները նոյեմբերի 9-ի փաստաթղթից են գալիս, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Լեռնային Ղարաբաղը կա, ուզեն թե չուզեն, տեքստերում ներառվի թե չներառվի»,- նշել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիմնականում հօգուտ Ադրբեջանի կատարված սրբագրումների մասին, որոնք վերաբերում էին Լաչինի միջանցքին, ապաշրջափակմանը և այլն:

Նոյեմբերյան փաստաթղթում հիշատակում է եղել նաև Տավուշի մասին, որն ավելի ուշ հանվել է՝ ըստ էության, Լաչինի միջանցքի հետ կապված սրբագրումների դիմաց:

Կարդացեք նաև

Երկրորդ՝ եղել է նաև «ճնշում-պահանջ» ռազմական ղեկավարության, հրամանատարության կողմից, որի մասին ևս գրել ենք:

Մասնավորապես, նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։

Ավելի ուշ՝ 2021-ի հունիսի 5-ին, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ որակումներին՝ նշել էր.

«Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար: Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

168.amգրել էր նաև, որ եռակողմ հայտարարության մեջ՝ հօգուտ հայկական կողմի ևս մեկ խմբագրում է կատարվել:

Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

Կողմերի համաձայնությամբ, Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Արդեն խմբագրված տարբերակում Ստեփանակերտը փոխարինվել է Լեռնային Ղարաբաղով:

Հայկական կողմի օգտին սրբագրումները, ըստ էության, կրկնում ենք, կատարվել են ռազմական ղեկավարության և առանձին հրամանատարների, այսպես ասած, ազդեցության կամ «ճնշման» շնորհիվ:

Այսօր բանակը, ըստ էության, ամբողջովին կատարում է Նիկոլ Փաշինյանի հրամանները, և որևէ ընդվզում ռազմական ղեկավարության կողմից, ըստ էության, չկա, համենայնդեպս, տեսանելի:

Մենք մանրամասնել էինք, թե Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտպանության նախարարներից ով՝ ինչ առաքելությամբ էր նշանակվել, և ինչո՞ւ ազատվեց:

Իսկ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է նաև զորքերի հետքաշման խնդրին, որի մասին խոսք է եղել նաև Սոչիում:

Ինչ է պատասխանում Ադրբեջանը, երբ հայկական կողմն առաջարկում է հետ քաշել զորքը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն արձագանքել է.

«Ասում է՝ դե դուք էլ ձեր զորքերը հանեք Լեռնային Ղարաբաղից, մենք ասում ենք՝ զորքեր չունենք Լեռնային Ղարաբաղում, բայց այնտեղ զորքեր կան, Պաշտպանության բանակ կա: Իսկ ինչի՞ կա Պաշտպանության բանակ, որովհետև այդ մարդիկ անվտանգության խնդիր ունեն, և դուք դա ապացուցել եք Փառուխի, Խծաբերդի, Քարագլխի դեպքերով: Ձեր գործողություններով դուք ապացուցել եք, որ ՊԲ-ի այնտեղ լինելը կարևոր է և անհրաժեշտ, քանի դեռ անվտանգության հարցը լուծված չի: Կարող է լինել հարց, օրինակ, ռուսական կողմն ասի՝ դե լավ, եկեք մենք մեր կոնտինգենտի թիվն ավելացնենք և ամբողջությամբ մենք ապահովենք անվտանգությունը, էլ ինչի՞ եք ուզում, որ ունենաք… Թող առաջարկեն»:

Ի՞նչ է ստացվում՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաքելությունից դժգոհող Նիկոլ Փաշինյանը, նրա հատուկ հանձնարարություններով դեսպանը դեմ չէ, որ արցախցիների անվտանգությունն ամբողջովին ռուսական կողմն ապահովի, և ՊԲ-ն վերջնականապես դադարեցնի իր լինելիությո՞ւնը: Իսկ հետո երբ ռուսական կողմը դարձյալ ինչ-որ բան այնպես չկատարի, նորից միայն ռուսական կո՞ղմն է մեղավոր լինելու, թե՞ նաև մենք, որ համաձայնել ենք ՊԲ-ի գործունեության ամբողջական դադարեցմանը:

Ինչ վերաբերում է վերջին եռակողմ հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի անկարողությանը, եթե այսօր նա չի կարողանում հայկական առաջարկներն առաջ տանել, ինչ է լինելու խաղաղության պայմանագրի բովանդակությունը, գուցե Հայաստանի Հանրապետություն ձևակերպո՞ւմն էլ սրբագրվի, ՀՀ ԶՈՒ-երը վերածվեն զինյալ խմբերի՞…

 

Տեսանյութեր

Լրահոս