Ինքնորոշման իրավունքն առաջ տանելու համար Արցախի նախագահը միշտ արցախցիների կողքին է. Լուսինե Ավանեսյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման և համաձայնեցված հայտարարության վերաբերյալ Արցախի ԱԳ նախարարը հայտնել է Արցախի տեսակետը, հետևաբար՝ դրա վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն։
Հիշեցնենք, որ 168.am–ի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով նշված թեմային՝ ասել էր, որ եռակողմ հայտարարությամբ փաստվել է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, այն գոյություն ունի՝ ի հակադրություն Ալիևի այն պնդումներին, թե իբր Արցախի հարց գոյություն չունի։
Մեր հաջորդ հարցին՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ներկա էր նաև Արցախի նախագահը, նա պատրա՞ստ է այդպես մինչև վերջ կանգնելու արցախահայություն կողքին, որպեսզի ժողովուրդը կարողանա առաջ տանել ինքնորոշման իր իրավունքը, Լուսինե Ավանեսյանը պատասխանեց.
«Արցախի նախագահը մշտապես կանգնած է արցախցիների կողքին»։
Իսկ եթե արցախահայությունը կրկին հանրահավաք անի, Արցախի նախագահը ներկա կլինի՞, Լուսինե Ավանեսյանը պատասխանեց, որ այդ հարցին նախագահը պատասխանել է վերջերս ԱԺ-ում՝ պատգամավորների հարցերին ի պատասխան։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 30-ին գումարված ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստին Արայիկ Հարությունյանն ասել էր. «Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատվել է եռակողմ համաձայնեցված հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է. «Մենք՝ Ադրբեջանի նախագահ Ի․ Հ․ Ալիևը, ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինը հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հաստատեցինք հանձնառությունը` խստորեն հետևել նշված պայմանավորվածություններին՝ ի շահ ադրբեջանահայկական հարաբերությունների համակարգային կանոնակարգմանը, խաղաղության, կայունության, անվտանգության և Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։ Նշելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված կոնտինգենտի ջանքերի արդիականությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքի կիրառումից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991թ. Հռչակագրի»։