Հայտարարության տեքստը ցույց է տալիս, որ հակամարտությունը կարգավորված չէ՝ Արցախի հիմնախնդիրը բաց է մնում, սա ինքնին շատ դրական է. Դավիթ Բաբայան

Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատվել է եռակողմ համաձայնեցված հայտարարություն։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք՝ Ադրբեջանի նախագահ Ի․ Հ․ Ալիևը, ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինը հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Հաստատեցինք հանձնառությունը` խստորեն հետևել նշված պայմանավորվածություններին ի շահ ադրբեջանահայկական հարաբերությունների համակարգային կանոնակարգմանը, խաղաղության, կայունության, անվտանգության և Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։

Նշելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված կոնտինգենտի ջանքերի արդիականությունը։

Կարդացեք նաև

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքի կիրառումից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991թ. Հռչակագրի»։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը և այդ համատեքստում Արցախի հիմնախնդրին, նախ նշեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարգավորվում։

«Մենք կարևորում ենք նման հանդիպումները՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչ-որ փաստաթղթերի, առաջարկների շրջանառում և այլն։ Մեզ համար շատ կարևոր է եղել, որպեսզի մենք այդ ամենն ավելի լավ պատկերացնենք, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչպես և այլն։

Երբ մենք հետևում ենք իրադարձություններին, ապա պետք է տեսնենք ոչ թե բուն փաստաթուղթը, այլ տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել դրանից առաջ և այդ ընթացքում։ Նախևառաջ այդ հայտարարության տեքստը ցույց է տալիս, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, որ Արցախի հիմնախնդիրը բաց է մնում, սա ինքնին շատ դրական է։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանը մշտապես ասում է, որ Արցախի հարցը լուծված է և դրա հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ այս հայտարարությունը ճիշտ հակառակը ցույց տվեց»,- նշեց Դավիթ Բաբայան։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ եռակողմ հայտարարության տեքստում Արցախի մասին ամբողջական չի նշվում, սակայն հղում է կատարվում մի շարք պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել նախկինում։ Նշվում է նաև ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին, որն ինքնին առանձին մեկ միավոր է դառնում։

«Այդ հայտարարությունից առաջ և դրանից հետո ՌԴ նախագահն էլ իր մեկնաբանություններում ասաց, որ մի շարք հարցերում չի հաջողվել գալ ընդհանուր եզրակացության, նա չի ասել, որ այդ հարցերը փակված են, չեն էլ կարող փակված լինել։ Եթե չեն եկել ընդհանուր եզրակացության, ուրեմն՝ այդ հարցերը բաց են մնում, հետևաբար՝ գործընթացը շարունակվում է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Արցախի ԱԳ նախարարի, այդ եռակողմ հանդիպումից պարզ դարձավ, որ Ռուսաստանը հաստատակամ է, որպեսզի կարևոր դերակատարություն խաղա տարածաշրջանում և առհասարակ հակամարտության կարգավորման գործում, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը շարունակական է լինելու։

«Այս ամենը շատ կարևոր է, մենք պետք է պրոֆեսիոնալ մոտենանք այդ հարցին, չգնանք շահարկումների։ Գործընթացը փակված չէ, և կարևորը սա է։ Կոչ է արվում, որ պետք է հրաժարվել ուժի կիրառումից, բայց մենք լավ գիտենք Ադրբեջանին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս