«Շանտաժներին չենք տրվելու, ունենալով կոնսենսուսային մեկ թեկնածու՝ կգնանք գործընթացի տրամաբանական շարունակությանն ու ավարտին». Մետաքսե Հակոբյան

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության խորհրդարանն ընտրել է նոր նախագահ՝ Աշոտ Դանիելյանին։ Մինչ այդ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարում էր խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, քանի որ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվում գերության մեջ է։

Մայիսի 21-ին լրացել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պատճառով էլ Արցախի ԱԺ-ն նիստ էր անցկացրել, որի ընթացքում ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը, մասնավորապես՝ Արցախի նախագահի ինստիտուտի գործունեության շարունակականությունը։

Աշոտ Դանիելյանի ընտրվելուց հետո ՀՀ իշխանական վերնախավը սկսեց հայտարարություններ անել, որ երկրում պետք է լինի միայն մեկ իշխանություն, որևէ այլ իշխանության գործունեություն ապօրինի են դիտարկում։

Դրանից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարբեր ձևերով ճնշում է Արցախի իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի դադարեցնեն նոր նախագահ ընտրելու գործընթացը, հակառակ դեպքում չեն բացառվում նոր քրեական գործերն Արցախի որոշ պատգամավորների, այդ թվում՝ Սամվել Շահրամանյանի նկատմամբ, ինչպես նաև շատ արցախցիներ կզրկվեն որոշ աջակցության ծրագրերից։

Կարդացեք նաև

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ անձամբ իր վրա որևէ ճնշում չի եղել, բայց նաև չհերքեց ՀՀ իշխանությունների կողմից տարբեր մարդկանց վրա ճնշումները, բայց այդ ճնշումներով հանդերձ, Արցախի նախագահի ինստիտուտը լինելու է։

«Այս պահին էլ Արցախի նախագահի ինստիտուտը կա, սակայն նախագահի լիազորությունները կատարում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Այժմ քաղաքական քննարկում է տեղի ունենում, և  մենք մասնագետների հետ, հիմնականում՝ սահմանադրագետների ու իրավագետների, փորձելու ենք լուծումը գտնել, թե ինչպես պետք է իրականացնենք այս գործընթացը, որը լրիվ կհամապատասխանի իրավական պահանջներին և կունենա քաղաքական մեկնաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իր և իր կուսակիցների վրա Հայաստանի իշխանությունները ճնշումներ չեն գործադրում, քանի որ գիտեն՝ չեն լռելու և այդ մասին բարձրաձայնելու են։

Ճնշումները գործադրվում են այն մարդկանց վրա, որոնք այդ ճնշումներն ընդունում են, սկսում են խուսափել իրենց պարտականությունները կատարելուց։

«Այո, կան անհատական գործիչներ, որոնց զգուշացումներ են արել, և որոնք պիտի գործընթացը հնարավորինս արգելակեին։ Գուցե հաջողվել է պրոցեսը հետաձգել կամ դանդաղեցնել, սակայն այդ ընթացքը  կանգնեցնել հնարավոր չէ՝ սա վստահեցնում եմ»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Հարցին՝ այս պահին կա՞ն թեկնածուներ, որոնք իսկապես ցանկանում են ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ մշտապես հանդիպումներ ունենում է թե՛ ԱԺ խմբակցությունների, թե՛ պատգամավորների մակարդակով և գնում են նրան, որ ունենան կոնսենսուսային թեկնածու, իսկ կոնսենսուսային թեկնածու ունենալու համար պետք է դիտարկվեն բոլոր առաջարկները։

«Առանձին առաջադրումների փուլը կթողնենք վերջում, դա կունենանք մեր առանձին քննարկումների ընթացքում։ Հետևաբար, ունենալով արդեն կոնսենսուսային մեկ թեկնածու, կգնանք այդ գործընթացի տրամաբանական շարունակությանն ու վերջին։  Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա այլևս հասկանալի է, որ աթոռակռիվ ու պաշտոնակռիվ չի կարող լինել, թեկնածուն կարող է լինել այն անձը, ով գիտակցաբար գալու է և առանց ֆինանսների կաշխատի։ Մենք կընտրենք այնպիսի նախագահի, որը կկարողանա համակարգել արցախահայերի խնդիրները, կկարողանա մեր անելիքների ծրագրի կենսունակությունն ապահովել, պայքարել արցախահայերի իրավունքների համար,  և այլն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին էլ՝ արդյոք դիտարկե՞լ են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, նրա հետ զրուցե՞լ են, նա ցանկանո՞ւմ է շարունակել պաշտոնավարումը, հատկապես հիմա, երբ նրան կանչում են հարցաքննության, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ անձամբ որևէ ճշտում Սամվել Շահրամանյանի հետ չի արել։

«Վարույթը նախաձեռնվել է 1,5 տարի առաջ, բայց, չգիտես՝ ինչու, Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչել 1,5 տարի առաջ։ Շատ համընկնումներ կան, որոնք չեն կարող պատահական լինել, սա գուցե ինչ-որ ձևով զսպօղակ է, որին, կան անձինք՝ Արցախի հատվածից, որ տրվում են, սակայն մեծամասնությունը հասկանում է, որ հակառակն անելու դեպքում կանգնելու է դավաճանների շարքում։ Չպետք է տրվել այն շանտաժներին, որոնք իրականացնում են այս իշխանությունները»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս