Հրապարակվել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության տեքստը

Ներկայացնում ենք այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին, բանակցությունների արդյունքում հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարության տեքստը․

«Մենք՝ Ադրբեջանի նախագահ Ի․ Հ․ Ալիևը, ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինը հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Հաստատեցինք հանձնառությունը` խստորեն հետևել նշված պայմանավորվածություններին ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համակարգային կանոնակարգմանը, խաղաղության, կայունության, անվտանգության և Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։

Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների բլոկին։

Նշելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված կոնտինգենտի ջանքերի արդիականությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքի կիրառումից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի։

Ընդգծեցինք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։

Ռուսաստանի Դաշնությունը դրան ամեն կերպ կաջակցի։

Կարևորեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական մթնոլորտի ձևավորումը` շարունակելու համար հասարակության տարբեր շերտերի, փորձագիտական հանրության ու կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը Ռուսաստանի աջակցությամբ, ինչպես նաև եռակողմ միջպրիմենտական շփումները երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը այսուհետ նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, Հարավային Կովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ`

Ի. Հ. Ալիև
Ն.Վ. Փաշինյան
Վ. Վ. Պուտին»։

Թարգմանությունը՝ 168․am-ի։

Տեսանյութեր

Լրահոս