«Իշխանությունը գցած է փողոցում. իրականում, հաշված օրեր են մնացել». Աբրահամ Գասպարյան

«Հոկտեմբերը բավականին ակտիվ էր մաքոքային դիվանագիտության իմաստով. Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա, տարբեր պաշտոնյաներ աշխարհի տարբեր մայրաքաղաքներ են գնում, Թուրքիայի հետ հարաբերությունների առումով ինֆորմացիոն զեղումներ եղան, հետո Ադրբեջանի նախագահն է հայտարարում, որ պատրաստ են ստորագրել, բայց հետո նահանջ է գրանցում, հետո Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողն ուրիշ մեսիջ է տալիս… Այս ամենը խոսում է բացառապես մեկ բանի մասին՝ կա մի օրակարգ, որի շուրջ քիչ թե շատ պայմանավորվածություն ունեն Երևանում և Բաքվում, և որը Ռուսաստանի քիմքին հաճելի չէ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը՝ ընդգծելով, որ խոսքը խաղաղության պայմանագիր կոչվածի արևմտյան տարբերակի մասին է:

Նա նկատեց, որ հավաքական Արևմուտքի պրոպագանդայի պայմաններում անտեսվում է մեկ կարևոր գործոն. «Այս տարածաշրջանում Ռուսաստանը նվազագույնը վերջին 180-200 տարվա ընթացքում ունի ահռելի արխիվային փաստաթղթեր, և այդ արխիվն է, որ, ի վերջո, պետք է խաղարկվի միջպետական հարաբերությունները կարգավորելիս: Ռուսաստանին, բնականաբար, ձեռք չի տա այդ տարբերակը, որովհետև նոյեմբերի 1-ին շատ հնարավոր է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը վազի Բրյուսել և ասի, որ համաձայն է այդ տարբերակին»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու իշխանական շրջանակների հայտարարություններին՝ նա հետևյալն ասաց. «Հայաստանը վառոդի տակառի վրա է գտնվում, և ցանկացած քայլ, որը Հայաստանին կզրկի ռազմաքաղաքական անվտանգության թեկուզ սահմանափակ հնարավորությունից, դիտվելու է՝ որպես քաղաքական մեծագույն արկածախնդրություն, որը տանելու է պետությունը տոտալ կոլապսի: Ես այստեղ չեմ քննարկում ՀԱՊԿ էությունը, կառուցվածքը, շատ պարզ է՝ մենք ընդամենը էժան զենք ենք գնում և սպաներին վերապատրաստվելու հնարավորություն ենք տալիս: Երբեք կեղծ թեզերի չպետք է կուլ գնալ: Տեսեք՝ հակառակ թևում գտնվողները, որոնք ՆԱՏՕ են գովերգում, իրավարար վճռի մասին են խոսում, դրանք քաղաքական իրականությունից կտրված թեզեր են, մարդիկ, որոնք պետություն կառավարելը տեսնում են միայն ՀԿ-ների տեսլականով, մի երկու կոնֆերանսի են մասնակցել, և այս մարդիկ 15-20 տարի դոմինանտ են եղել հայաստանյան քաղաքացիական հասարակության դաշտում: Իրականությունն այլ է. եթե դու համայնապատկերը չես դիտարկում, դու դառնում ես խեղճ:

Կարդացեք նաև

Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ից դուրս գալ, այդ ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ անվտանգություն սպառող երկրի համար, որն այսօր մնացել է մեկ թելից կախված՝ ռազմաքաղաքական այդ կազմակերպությունից, այդ թելն էլ կտրենք ու վերջնականապես հայտնվենք թուրքական և ադրբեջանական աքցանի երկու շուրթերի արանքո՞ւմ: Գործընթացները տանում են դրան: Բայց սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը՝ որպես պետություն, չպետք է բարձրացնի այդ խնդիրները, իհարկե, պետք է խոսի, բայց ոչ այն տարբերակով, ինչ անցած 4.5 տարվա ընթացքում եղավ»:

Նա նշեց, որ գործող իշխանությունների ներկայացումը բաղկացած է երկու արարից՝ մինչպատերազմյան փուլի պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նախկին իշխանությունների վրա, իսկ պոստպատերազմյան շրջանում՝ մեղավոր նշանակել Ռուսաստանին:

«Ասել եմ, ասում եմ և կասեմ՝ այս իշխանությունը քաղաքական իրական լեգիտիմություն չունի, սրանք իշխանություն չունեն, իշխանությունը գցած է փողոցում, իրապես հաշված օրեր են մնացել: Երբ ես անընդհատ ասում եմ, որ հաշված օրեր են մնացել, մեծապես պայմանավորված է նաև այն կազմակերպության կամ կազմակերպությունների գործողությունների էֆեկտիվությամբ, թե ինչքան շուտ կկարողանան այդ անիվը պտտել, բայց որ անփառունակ հեռանալու են, ես միարժեք կարող եմ ասել: Սրանք պատմության մեջ մնալու են՝ որպես լուզեր, և գրեթե Երևանի չափ տարածք կորցնելու համար են մեղադրելու, և դա այն ժամանակահատվածում, որը սրանք կոչում են՝ խաղաղության դարաշրջան»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս