
Իտալիայի վարչապետ Մելոնին ծրագրային ճառում հայտարարել է ՆԱՏՕ-ի գծին Հռոմի կողմնակցության մասին

Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնին, հոկտեմբերի 25-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում, հանդես գալով ծրագրային ճառով, հայտարարել է, որ Հռոմը «կշարունակի լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը», այդ թվում՝ Ուկրաինային հետագա աջակցության առումով։
«Իտալիան մնալու է որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հուսալի գործընկեր՝ սկսած քաջ ուկրաինացի ժողովրդին աջակցությունից»,-ասել է նա: Մելոնին ընդգծել է, որ Իտալիան «Արեւմուտքի եւ նրա դաշնակցային համակարգի լիիրավ մասն է»:
Նրա կարծիքով, Եվրոպան «ավելի արդյունավետ ինտեգրման կարիք ունի մեծ մարտահրավերներին դիմակայելու համար»: Ավելի վաղ Մելոնին քանիցս հավաստիացրել է, որ իր կառավարությունը պաշտպանելու է ազգային շահերը, բայց միեւնույն ժամանակ հավատարիմ է լինելու եվրոպական ու հյուսիսատլանտյան գծին, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: