Ի՞նչ պատիժ է նախատեսված այն սուպերմարկետներին, խանութներին, որոնք հին ապրանքի վրա տվյալ օրվա պիտակն են փակցնում
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անվտանգ սննդամթերքը պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը օրերս երեք տնտեսվարողների մոտ խախտումներ է արձանագրել սննդի անվտանգության ոլորտում։
Հայտնաբերվել է բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերք։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց շրջանակում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
168.am-ը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատիժ է նախատեսված այն սուպերմարկետներին, խանութներին, որոնք հին ապրանքի վրա, օրինակ, այսօրվա պիտակ են փակցնում, բայց գնորդը ավելի ուշ հայտնաբերում է, որ ապրանքը բորբոսնած է, և ոչ միայն Երևանի, այլև ՀՀ մարզերի մասշտաբով որքա՞ն խախտումներ են արձանագրվել, և որքա՞ն է տուգանքի չափը:
«Խանութը կամ արտադրամասը (ուսումնասիրությամբ պարզվում է՝ ում մեղքն է) վարչական պատասխանատվություն է կրում՝ տուգանվում է 50-300 հազար դրամի չափով: Այդ բնույթի խախտումներն ավելի շատ արձանագրվում են Երևանում: Համենայնդեպս, քաղաքացիներն ավելի շատ նման խախտումների մասին ահազանգում են Երևանում»,- ասացին ՍԱՏՄ լրատվական բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում եղել է տուգանքի 448 որոշում: