Արդարների խիզախումն առ Աստված
– Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ ստանում են այս կյանքում, դրախտային ուրախության մի մասն է միայն և դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»:
– Կարդա. «Վանականներն ուզում են երկրի վրա ապրել, որպեսզի տառապեն մարդկանց հետ միասին և աղոթքով օգնեն նրանց»:
– Հա՛յր, իսկ իսկական վանականը մյուս կյանքո՞ւմ էլ է օգնելու մարդկանց իր աղոթքով:
– Նա մյուս կյանքում էլ նրանց կօգնի իր աղոթքով, սակայն այն ժամանակ չի տառապի, ինչպես այժմ է նրանց ցավակից լինում: Նա երկրի վրա անհոգ կյանքով չի ապրում՝ «երջանիկ աչքերով ու փայլող դեմքով»: Սակայն, որքան մեծ ցավ է վանականն ապրում իր մերձավորի համար, այնքան մեծ է լինում աստվածային մխիթարությունը, և այդ փոխհատուցումն ինչ-որ առումով ազդակ է դառնում վանականի համար, որ նրա մերձավորն օգուտ է ստացել: Այդ դրախտային ուրախությունն աստվածային փոխհատուցումն է իր եղբոր համար կրած ցավի դիմաց:
– Հա՛յր, այսինքն, երբ սրբերից օգնություն ենք խնդրում, նրանք մեր տառապանքը չե՞ն կիսում:
– Ախր այնտեղ ցավ չկա, եղբա՛յրս: Որտե՞ղ տառապեն: Դրախտո՞ւմ: «Այնտեղ ո՛չ հիվանդություն կա, ո՛չ թախիծ, ո՛չ տրտունջ»*: Մի՞թե դրախտի մասին այդպես չի խոսվում: Դրանից բացի սրբերը [փորձով] գիտեն աստվածային այն փոխհատուցման մասին, որ ստանում են այս կյանքում տանջվող մարդիկ, և այդ գիտելիքը նրանց ուրախություն է պատճառում: Քանի որ, հակառակ դեպքում, Աստված Ինքն այդքան սեր, այդքան կարեկցանք ունենալով՝ ինչպե՞ս պետք է մարդկային այդ մեծ ցավը տաներ: Նա գիտի, թե տառապող մարդկանց աստվածային ինչպիսի փոխհատուցում է սպասվում և այդ պատճառով էլ կարող է այդ ցավը տանել: Այսինքն՝ մարդիկ որքան շատ են այստեղ տառապում, այնքան Աստված ավելի մեծ երկնային վարձք է նրանց համար պատրաստում Երկնքում: Իսկ մենք այդ ամենը չենք տեսնում, ուստի և ցավակցում ենք այն մարդկանց, ովքեր ցավի մեջ են: Բայց, եթե մարդ գոնե մի փոքր տեսնում է, թե տառապողներին մյուս կյանքում ինչ է սպասվում և գիտի նրանց ստանալիք աստվածային փոխհատուցման մասին, ապա նրա տառապանքն այնքան էլ մեծ չի լինում:
– Հա՛յր, իսկ եթե Աստծուց օգնություն ենք խնդրում ննջեցյալի համար, ով դրա կարիքը չունի, ապա մեր աղոթքն ապարդյո՞ւն է:
– Ինչպե՞ս կարող է ապարդյուն լինել: Երբ ասում ենք. «Խաղաղություն պարգևիր Քո ծառա (այսինչին)», իսկ այդ մարդն այն կյանքում Աստծու մոտ է գտնվում, ապա նա չի վիրավորվում մեզանից: Ընդհակառակը՝ մեր աղոթքը գորովանքով է լցնում նրա սիրտը: «Մի տե՛ս է,- ասում է նա,- ես դրախտում՝ Աստծու մոտ եմ, իսկ նրանք անհանգստանում են»: Մեր աղոթքն այդկերպ ազդում է այդ մարդու բարեպաշտության վրա և մեզ համար Աստծուն աղոթելիս՝ մեզ ավելի շատ է օգնում: Սակայն, դրանից բացի, որտեղի՞ց գիտես, թե այս կամ այն ննջեցյալն ինչ վիճակում է գտնվում: Նախ և առաջ, իհարկե, պետք է աղոթես այն մարդկանց համար, ովքեր, ըստ քո իմացության, վշտացրել են Աստծուն իրենց երկրային կյանքում: Այնուհետև պետք է աղոթել նրա նման մյուս ննջեցյալների համար, իսկ դրանից հետո՝ ընդհանրապես բոլոր ննջեցյալների համար:
* «Սրբերիդ հետ դասիր…» հոգեհանգստյան շարականից:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը