Բաժիններ՝

Ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ժառանգությունը կթվայնացվի

Գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ժառանգությունը, որը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, կթվայնացվի:

Թվայնացումը կիրականացվի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, Ջիվանիի ազգական և հետնորդ Պողոս Հարությունյանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

Ջիվանիի արխիվային նյութերը սկանավորելու և հետագա սերունդներին փոխանցելու նպատակով թանգարանի համար սքաներ է ձեռք բերվել:

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել համագործակցության համար՝ վստահեցնելով, որ այն կունենա արգասաբեր պտուղներ։ Պողոս Հարությունյանը, որպես Ջիվանու գերդաստանի ներկայացուցիչ, շատ կարևոր է համարում այս քայլը՝ մեծ աշուղի ժառանգության պահպանման գործում:

Աշուղ Ջիվանու (Սերոբ Լևոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի նոր հայկական դպրոցի հետ։ Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին։ Ջիվանու երգերից շատերը հայտնի դարձան, երբ լիրիկական, ռոմանտիկական գործերը փոխարինվեցին դիմադրության ու սոցիալական բողոքի երգերով՝ հեգնական, մեղադրական ու երգիծական։ Ջիվանին իր տաղանդի համար ստացել է ազգային ճանաչում։ Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին ապրել է հիմնականում Թիֆլիսում (թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում), աշուղի ստեղծագործական կյանքը կապված է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) հետ։ Ջիվանին քաջածանոթ էր 19-րդ դարի հայ գրականությանը, որը մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա։ Ի տարբերություն Սայաթ-Նովայի և իր ժամանակի աշուղների, ովքեր հաճախ էին դիմում այլ լեզուներից (ֆարսի, արաբերեն, վրացերեն, թուրքերեն) փոխառություններին, Ջիվանու պոեզիան առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Ջիվանին մինչև 1000 ստեղծագործությունների հեղինակ է։

Թանգարանում պահվում է Ջիվանիի ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս