«Չեմ կարող ասել, որ կբացառվի․ Թուրքիայում ապրում են շատ հայեր». Վահան Քերոբյանը՝ օտարերկրացիների ներդրումների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150.000 դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։

Ըստ Վահան Քերոբյանի, իշխանության համար շատ կարևոր է օտարերկրյա ներդրումների շնորհիվ զարգացնել երկրի տնտեսությունը։

«Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված է Հայաստանում, այդ պատճառով առաջարկն այսօր այսպիսին է։ Բնականաբար, որոշակի ճշգրտումների և ընդհանուր ավելի կոմպակտ տեսքի կգա նախագիծը, մինչև այն ընդունելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ նման ներդրումներ կարող են անել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ լավ հարց են բարձրացնում լրագրողները, սակայն պետք է ընդհանուր գործընթացը պատմի, քանի որ խոսքն այն մասին չէ, որ ով դիմի՝ կստանա։

Կարդացեք նաև

«Բնականաբար, ընդհանուր ընթացակարգերը թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, կարծում եմ՝ այդ հարցերն այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն, և մենք կունենանք այն իրավիճակը, որ չենք ունենա չափից շատ երկքաղաքացիներ»,- շեշտեց նախարարը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ կբացառվի՞, որ ներդրումներ կարող են անել նաև Թուրքիայի քաղաքացիները, Վահան Քերոբյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, որ կբացառվի, քանի որ Թուրքիայում ապրում են բավականին շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի ու վտանգավոր դեպքեր»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակման հետևանքով Հայաստանի կրած վնասներին, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Վահան Քերոբյանը փոխանցեց, որ այդ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ, նաև Վարդենիս։

«Արդեն նախկինում նշել եմ, որ վիճակն անհանգստացնող է, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ Ջերմուկի հյուրանոցներն արդեն սկսել են աշխատել։ Ըստ Ջերմուկի քաղաքապետի, սեպտեմբերի 13-ին հյուրանոցներում որևէ ազատ տեղ չի եղել, բայց այժմ այդպիսին չէ իրավիճակը։

Տնտեսական վնասը ոչ այդքան այդ բնակավայրերում է տեղի ունեցել, այլ ընդհանուր բիզնես միջավայրում։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ միջոցառումներ չեղարկվեցին, որոշ ներդրողներ իրենց ծրագրերի առումով սկսեցին հապաղել, բայց մենք կոչ ենք անում, որ իրենց ծրագրերը չդանդաղեցնեն»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս