«Սա շատ վտանգավոր է, նշանակում է՝ Սյունիքը դրվել է միջազգային զոհասեղանին և դարձել է համաշխարհային առևտրի մաս». Գրիգոր Բալասանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին՝ հրադադարը խախտելու համար, զուգահեռ արձագանքում են երկու կողմերից արվող հայտարարություններին։

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները շարունակում են նավթի արտահանում իրականացնել՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողության դադարեցման, որը թուլացրել էր ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նավթային ոլորտի դեմ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը այսուհետ կվերահսկի Հորմուզի նեղուցը և այնտեղով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար կգանձի տեղափոխվող բեռի արժեքի 20 տոկոսը։

«ԱՄՆ նախագահը միանգամայն ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ապահով անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցվի այս ծառայության համար։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ։ 20%-ն, իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք»,- X սոցիալական հարթակում գրել է Արաղչին։

Կարդացեք նաև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է։

Նա նաև նշել է, որ Իրանին ԱՄՆ-ի ներկայիս հարվածների նպատակը Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների ոչնչացումն է։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝պայմանագիրը չստորագրելու և խաղաղություն չհաստատելու երկու կարևոր պատճառ կա։

«Առաջին պատճառն Իսրայելն է, որն ամեն ինչ անում է և՛ իր լոբբիի, և՛ Նեթանյահուի կողմից Թրամփի վրա ունեցած ազդեցությամբ, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի, քանզի դրանով Իսրայելը կորցնում է իր գրավչությունը Միացյալ Նահանգների աչքում՝ Մերձավոր Արևելքում։

Երկրորդը, ինչպես ասում են՝ անձնական ոչինչ չկա, միայն բիզնես. «New York Tims»-ն այսօր հետաքրքիր հոդված է հրապարակել, ըստ որի՝ Թրամփը ցանկանում է 2 անգամ բարձրացնել Հորմուզի նեղուցով անցնող բեռների վճարի չափը։ Սրանից մենք կարող ենք հետևություն անել, որ պայքարը գնում է Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն սահմանելով գումար աշխատելու համար։ Սա է Թրամփի երկրորդ նպատակը։ Դրա համար այս պարագայում ևս ես շարունակում եմ մնալ թերահավատ, որ այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- 168.amի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի վրա Իրան-ԱՄՆ ռազմական գործողությունները, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց՝ ավելի վաղ ասել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը զուտ գագաթնաժողով չէր, այլ Մերձավոր Արևելքում նոր իրողությունների սահմանում էր։

«Պատահական չէ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հենց առաջին օրը ռմբակոծվում է Իրանի հյուսիսում Թուրքմենստանի սահմանին գտնվող երկաթգծի կամուրջը, որը հյուսիս-հարավ տրանսպորտային միջոցի ողնաշարն է և եվրասիական ինտեգրացիայի բաղկացուցիչ մասը։

Սրանով Թրամփը նվեր է անում Էրդողանին և ցույց է տալիս, որ եթե Էրդողանը անվերապահորեն աջակցի Թրամփին, ապա իրենք կմիավորեն «միջին միջանցք» և «Թրամփի ուղի» երկու գաղափարները, չնայած հասկացողները գիտեն, որ դա ըստ էության նույն բանն է, և ամբողջական վերահսկողությունը կհանձնեն Թուրքիային»,- հավելեց միջազգայնագետը։

Այս համատեքստում նա նաև նկատեց՝ պատահական չէին Թրամփի այն գովասանքները, որոնք անում էր Էրդողանի հասցեին՝ ասելով, որ եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չլիներ Անկարայում, ապա ինքն առհասարակ չէր մասնակցի։

«Սա շատ վտանգավոր է, քանի որ նշանակում է, որ հայկական Սյունիքը դրվել է միջազգային զոհասեղանին և դարձել է համաշխարհային առևտրի մաս՝ Միացյալ-Նահանգներ Թուրքիա, Միացյալ Նահանգներ-Իսրայել և Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններում։ Բայց ամենացավալին ու ողբեգրականն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքների հաշվին»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031