Այսպես շարունակվելու պարագայում՝ չեմ բացառում նաև սոցիալական ցնցումների հավանականությունը. տնտեսագետները՝ աղքատության հաղթահարման մասին
Աղքատության հաղթահարման համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 17-ին, աշխարհն ուշադրությունը դարձյալ բևեռեց առկա մարտահրավերների պայմաններում սրված աղքատության խնդրի վրա:
Հայաստանում վերջին տվյալներով, ըստ աղքատության միջին գծի, աղքատ է բնակչության 27%-ը, ըստ աղքատության վերին գծի՝ շուրջ 47%-ը:
Նկատենք՝ Համաշխարհային բանկը Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ:
Իսկ գործադիրը նպատակադրվել էր մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը. պարզվեց՝ աղքատությունը գլխից հանելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Ի դեպ, մասնագետները մեկ անգամ չէ, որ նշել են՝ ստեղծված իրավիճակը չեն կարող մեղմել նպաստների կամ բազային կենսաթոշակների բարձրացումը, քանի որ գնաճն առաջանցիկ է:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գնաճն ու աղքատությունը փոխկապակցված են, իսկ իշխանությունները, փոխարենն ընդունելու ձախողումները, հաճախ զբաղված են տրամագծորեն հակառակ իրավիճակներ ներկայացնելով:
«Գոյություն ունի բավականաչափ անգրագետ զանգված, որը մեծապես ուրախանում և ընդունում է այդ հակառակ իրավիճակի ներկայացումը, և 4 տարիները դա ցույց տվեցին:
Խոստումների մեծ տարափով պայմանավորված՝ մեր քաղաքացիները հայտնվեցին ապակողմնորոշված վիճակում:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, արևմտյան երկրներին՝ կամ լռում են, կամ աննկատ պաշտպանում են այս իշխանություններին՝ պայմանավորված միայն մեկ շահով, որ ՀՀ-ն պոկեն ՌԴ-ից, իսկ մնացյալը, թե՝ երկրում գնաճը կուժեղանա, աղքատությունը կմեծանա, չի հետաքրքրում,- մանրամասնեց տնտեսագետը՝ շեշտելով,- Այս իշխանությունը պետք է իր տեղը զիջի կոմպետենտ, ոչ դիլետանտ, մասնագետ մարդկանց»:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ուշադրություն հրավիրեց աղքատություն ձևավորող խորքային խնդիրների և համաշխարհային գործոնների վրա:
«Եթե նայում ենք վերջին տարիների միտումներին, աշխարհում, պայմանավորված համավարակով. տնտեսության լոքդաուններով, գլոբալ և ազգային մակարդակներում փլուզումներով, դրանք աղքատության աճի ստույգ գործոններ են:
ՀՀ-ում, կարելի է ասել, ծայրահեղ իրավիճակ է. բնակչության, փաստորեն, ավելի քան 40 տոկոսը, եթե ՄԱԿ-ի չափանիշներով նայենք, աղքատ են (շնչի հաշվով օրական 1 դոլար 90 ցենտ նշաձողից ցածր սպառման մակարդակը):
Հավելենք, որ տասնամյակների ընթացքում գերբևեռացված հասարակություն է կառուցվել, որի հետևանքն է չքավորությունը: Հաջորդը՝ եկամուտների անկումն է, ռեալ գնողունակության անկումն է, որը գնաճի հետևանքն է: Դա վերաբերում է ոչ միայն աշխատավարձերին, այլև նպաստներին, կենսաթոշակներին (մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում նաև կենսաթոշակային ֆոնդերի հետ): Սա նշանակում է հասարակության բարեկեցության և հարստության վերստին վերաբաշխում չունևորներից՝ դեպի ունևորներ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ատոմ Մարգարյանը:
Որո՞նք են իրավիճակից ելքերը. ինչպե՞ս պետք է հաղթահարել առկա խնդիրների շղթան՝ հարցադրումներին ի պատասխան՝ տնտեսագետը մատնանշեց մի քանի հնարավոր լուծումներ, այդ թվում՝ դարձյալ շեշտելով լուրջ քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Իշխանություն կոչվածը պետք է իրականացնի ավելի իրական վերաբաշխումներ: Պետք է կիրառի հարկի պրոգրեսիվ դրույքաչափեր՝ ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերից, որքան շահույթներից, քվազի ռենտայից, ինչը չի անում:
Տափարակ, համահարթ հարկման համակարգն աղքատության այսպիսի ծայրահեղ միտումների պարագայում աբսուրդի է վերածվել. սա արդեն քաղաքական խնդիր է, սա արդեն միջոցների վերաբաշխման մակրոտնտեսական քաղաքական մեխանիզմների խնդիր է, և մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանության ուժերից կամ ցանկություններից դուրս է դա: Լուրջ քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի այդ խնդիրը լուծվի՝ այլապես աղքատությունը դարձել է քրոնիկ երևույթ՝ գործազրկության բարձր մակարդակի, նաև ցածր աշխատավարձեր ենթադրող աշխատատեղերի աճի ֆոնին,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական կամքի պարագայում աղքատության հաղթահարումը հնարավոր է,- Կապիտալի ռեալ սեկտորում աշխատատեղերի ստեղծման խթանման ծրագրեր են պետք. այսինքն՝ այնպիսի աշխատատեղերի, որոնք բարձր արտադրողական են, հետևաբար՝ բարձր եկամուտ ու բարեկեցություն են ապահովում: Այս խնդիրներն են, որ չեն լուծվում. թողնված են ինքնահոսի, քաղաքականություն մշակողները պարզապես մատների արանքով են նայում, և այսպես շարունակվելու պարագայում՝ չեմ բացառում նաև սոցիալական ցնցումների և բունտերի հավանականությունը: Այնպես որ, պետք է լրջանալ և վերանայել վարվող քաղաքականության շեշտադրումներն ու վեկտորները»