Կենտրոնական բանկը հակադարձում է կառավարությանը
Հասարակության տարբեր խմբերի վրա գնաճի սոցիալական ազդեցությունը բացահայտելու համար Կենտրոնական բանկն իրականացրել է այդ խմբերի եկամուտների ու ծախսերի փոփոխության գնահատում՝ վերջին 2 տարվա կտրվածքով։ Արդյունքները, իհարկե, անակնկալ չեն, բայց պատասխան են նաև պետական որոշ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, որովհետև աշխատավարձերը գնաճից առաջանցիկ տեմպով են ավելանում։
Գնահատման եզրակացությունն այն է, որ տեղի է ունեցել հասարակության զուտ եկամուտների նվազում։ Որոշ բացառություններով, հասարակության գրեթե բոլոր խմբերում ծախսերի աճը գերազանցել է եկամուտների աճին։
«Սոցիալական տարբեր խմբերի միջև գնաճի ազդեցության տարբերությունները գնահատելու համար կատարվել է տարբեր դեցիլային խմբերի եկամուտների և ծախսերի փոփոխության գնահատում (2022 թվականի երկրորդ եռամսյակը 2020 թվականի համեմատությամբ)։ Ըստ դեցիլային խմբերի եկամուտների փոփոխությունը գնահատելու համար հաշվի են առնվել՝ ինչպես աշխատավարձի նվազագույն շեմի, այնպես էլ՝ միջին աշխատավարձի, կենսաթոշակների և տրանսֆերտների փոփոխությունները՝ նշված ժամանակահատվածում։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով յուրաքանչյուր դեցիլային խմբի սպառողական զամբյուղի կառուցվածքը, 2020 թվականի համեմատությամբ հաշվարկվել է նաև ծախսերի փոփոխությունը՝ ձևավորված գնաճային ազդեցությունների հետևանքով: Արդյունքում՝ բացահայտվել է, որ գրեթե բոլոր դեցիլային խմբերում ծախսերի աճը դիտարկվող ժամանակահատվածում գերազանցել է եկամուտների աճը՝ արտահայտելով ընդհանուր հասարակության զուտ եկամուտների նվազումը»,- եզրակացրել է Կենտրոնական բանկը։
Ծախսերի փոփոխության սոցիալական ազդեցությունը գնահատելու տեսանկյունից կարևորվել է հատկապես խոցելի խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների փոփոխության դինամիկան՝ նշված ժամանակահատվածում։ Պարզվել է, որ 2020թ. սկզբից ի վեր նվազագույն պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ներառյալ զամբյուղների արժեքը, ավելացել է մի դեպքում՝ 46, մյուս դեպքում՝ 26,3 տոկոսով։ Այն պարագայում, երբ ընդհանուր սպառողական զամբյուղի արժեքն աճել է 18,7 տոկոսով։
Այսինքն՝ նվազագույն պարենային զամբյուղի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները սպառողական զամբյուղի համեմատությամբ ունեցել են առաջանցիկ աճ։
Գնաճից ավելի շատ տուժել են բնակչության հատկապես սոցիալական խոցելի խմբերը։ Նվազագույն պարենային զամբյուղի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը մի քանի անգամ գերազանցել է նրանց եկամուտների աճը։
Բնակչության 60 տոկոսի մոտ եկամուտներն ավելի քիչ են աճել, քան պարենային զամբյուղը։
Ընդամենը 10 տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։
Հասկանալի է, որ խոսքը հասարակության հարուստ խավի մասին է, որի եկամուտները շատ ավելի արագ են աճում, քան գնաճը։ Մինչ սոցիալական խոցելի խմբերի զուտ եկամուտները նվազում են, ու նրանք ավելի են աղքատանում, հարուստները շարունակում են հարստություն կուտակել։ Տեղի է ունենում հասարակության սոցիալական բևեռացման խորացում և ձևավորվող համախառն եկամուտների կենտրոնացում հասարակության շատ փոքր հատվածի մոտ։ Իսկ մեծ հատվածը հիմնականում զրկված է մնում տնտեսության մեջ ստեղծվող բարիքներից։
Կենտրոնական բանկի հաշվարկներով, այս տարվա հունիսի դրությամբ պարենային զամբյուղը թանկացել է 10,4 հազար դրամով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ գրեթե 22 հազարով։ Այնինչ՝ բնակչության ամենացածր եկամուտներ ունեցող 10 տոկոսի մոտ եկամուտներն ավելացել են ընդամենը 2,4 հազար դրամով՝ 4 անգամ ավելի քիչ, քան թանկացել է նվազագույն պարենային զամբուղը, և 9 անգամ ավելի քիչ, քան եղել է գնաճի ազդեցությունն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։
Ցածր եկամուտներ ունեցող երկրորդ 10 տոկոսի մոտ եկամուտների աճը կազմել է 5,4 հազար դրամ՝ կրկնակի ավելի քիչ, քան նվազագույն զամբյուղը, և քառակի ավելի քիչ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ազդեցությունը։
Միայն 6-րդ խմբի 10 տոկոսի պարագայում է, որ եկամուտների աճը համեմատաբար մոտ է եղել նվազագույն պարենային զամբյուղին։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի և եկամուտների աճի համաչափության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։ Բացառապես վերջին՝ ամենահարուստ 10 տոկոսի պարագայում է, որ եկամուտների աճը գերազանցել է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ազդեցությանը։
Սա է սոցիալական այն արդարությունը, որը գործող իշխանությունը բերել է Հայաստանում։
Իշխանության գալուց ժողովրդին բարեկեցիկ կյանք էին խոստանում։ Բայց փոխվել է միայն իշխանության եկածների ու նրանց մոտ կանգնածների կյանքը։ Նրանք էապես բարելավել են իրենց սոցիալական վիճակը, թանկանոց տների ու մեքենաների տեր են դարձել, բարձրարժեք խանութներ ու ժամանցի վայրեր են այցելում, դրսի թանկարժեք հյուրանոցներում ու հանգստավայրերում են անցկացնում իրենց արձակուրդները, պետության փողերով արտասահմաններում են շրջագայում ու վայելում կյանքը։ Այլևս կարևոր չէ, որ հասարակ ժողովուրդը սոցիալական վատ պայմաններում է ապրում, որ բարձր գնաճի հետևանքով այդ պայմաններն էլ ավելի են վատացել ու շարունակում են վատանալ, որ աղքատությունը երկրում խորանում է, որ մարդկանց եկամուտները շատ ավելի քիչ են ավելանում, քան ծախսերն են աճում։ Ժամանակին գնաճի դեմ սոցիալական բունտեր էին կազմակերպում, իշխանություններին էին մեղադրում թանկացումների համար, հիմա իշխանություններն այլևս մեղավոր չեն, մեղավոր է համաշխարհային գնաճը։ Համարենք, որ այդպես է, իսկ որտե՞ղ է պետության սոցիալական քաղաքականությունը։
Եթե նույնիսկ հնարավոր չէ կանխել գնաճը, ապա գոնե պետք է քայլեր ձեռնարկել՝ եկամուտներն ավելացնելու միջոցով դրա ազդեցությունը մարդկանց և հատկապես սոցիալական խավերի վրա մեղմելու համար։
Ի՞նչ է արել այս ընթացքում կառավարությունը, որպեսզի լուծի այս խնդիրը։ Եթե նույնիսկ արել է, ապա դրա ազդեցությունն առնվազն այնպիսին չի եղել, որպեսզի մարդկանց պաշտպանի գնաճի սոցիալական հետևանքներից։
Այսպիսի թանկացումներից հետո նոր որոշել են թոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը մի քանի հազար դրամով ավելացնել։ Բայց շատ-շատերի մոտ, անգամ դրանից հետո, եկամուտների աճը չի հասնի նույնիսկ նվազագույն զամբյուղի թանկացմանը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների մասին էլ խոսք չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ