Զանգեզուրի միջանցքի հարցը բանակցման վերջին փուլ է մտնում. բանակցային հարթակը կարող է փոխվե՞լ
Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառում-առաջարկն անմիջապես արժանացավ Ադրբեջանի ԱԳՆ մերժմանը: «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անիրատեսական համարելով սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։
«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։ Անցակետերի և անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։
Հարկ է նաև նշել, որ զուգահեռաբար հայ-ադրբեջանական սահմանին չի պահպանվում հրադադար, շարունակվում են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակահերթերը, ինչպես նաև՝ տեղեկատվական դաշտում սադրանքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին այսօր Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը, թեև ուշացած, բայց դրական պատասխանեց:
Նա նշել է, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը՝ Լաչինի միջանցքի նման։
Չավուշօղլուն հավելել է, որ խաղաղությունը պահպանող ջանքերը պետք է արագացվեն։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել իր համար վերջին խնդիրը՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, որի շուրջ, ինչպես երևում է, կողմերի միջև չկա վերջնական համաձայնություն:
Ըստ նրա, ակնհայտ է, որ միջանցքի կամ ճանապարհի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումների շուրջ խնդիր կա, քանի որ բոլոր երեք ղեկավարներն այս հաղորդակցական ուղու վերաբերյալ միմյանցից տարբերվող կարծիքներ են հայտնում, խոսքը մի կողմում՝ Էրդողանի, Ալիևի, մյուս կողմում՝ Փաշինյանի մասին է:
«Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Պրահայի բանակցությունների ընթացքում այս հարցը հստակորեն չի ամրագրվել կամ տեղ է թողել հավելյալ մեկնաբանությունների համար: Այնուամենայնիվ, ստացվում է, որ այս հարցն այսօր ռեգիոնում հավելյալ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել, թեև խոսակցություններ կան, որ սահմանին տեղակայվել են ԵՄ դիտորդներ:
Այստեղ մեզ համար հետաքրքիր կլինի հետևել սահմանին անվտանգային իրավիճակի դինամիկային: Նոյեմբերին նախատեսվում է հաջորդ բարձրաստիճան հանդիպումը, կարծում եմ՝ այս ընթացքում հնարավոր են որոշ դիվանագիտական ուղերձների փոխանակություն կամ հստակություն այս հարցով: Արդյոք կփոխվի՞ բանակցային հարթակը․ ուշագրավ էր օրերս Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե լարվածությունը կանգնեցրել է Ռուսաստանը, իսկ Հայաստանն ասում էր, որ դա արել է Արևմուտքը: Չի բացառվում, որ Ադրբեջանի բանակցային առաջնահերթությունները, ըստ իրավիճակի, փոխվեն, զարգացումները չափազանց ինտենսիվ բնույթ են կրում: Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ բանակցություններն ընդհանուր առմամբ փակ են, բանակցային հարթակները ևս փոփոխվում են, և փորձագետին հայտնի չէ հստակորեն, թե որտեղ ինչ է քննարկվում: Մնում է վերլուծել հրապարակային բոլոր իրադարձությունները, հայտարարություններն ու ելույթները»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
Նա այն կարծիքին է, որ թվում է, թե որոշում կայացնում են միայն Թուրքիան, Արևմուտքը, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, սակայն կա նաև Իրանն ու Իրանի դիրքորոշումը:
«Իրանի դիրքորոշումն այսօր հնարավոր չէ անտեսել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի հարցով: Իրան-Արևմուտք հարաբերություններում ևս նորություններ կան, Իրանը ևս ոգևորված չէ Արևմուտքի հարավկովկասյան նոր հավակնություններով և ներկայությամբ:
Ներկայումս տեսնում ենք, որ Հայաստանն իր քաղաքականությունը կառուցում է՝ հիմնվելով Արևմուտքի վրա, արդյոք Արևմուտքը կկարողանա՞ այդ դերն ունենալ Հայաստանի համար: Մենք տեսանք, որ Մակրոնը բավականին կոպիտ դիրքորոշումներ հայտնեց, սա կարծես ևս անդրադառնում է Արևմուտքում այս գործընթացի ապագայի վրա: Այս պահին հստակ ոչինչ հնարավոր չէ ասել, հնարավոր է և՛ գործընթացի չեղարկում, և՛ շարունակություն, և՛ նոր անվտանգային մարտահրավերներ, քանի որ սա աշխարհաքաղաքական մեծ երկրաշարժ է»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հակամարտություն այս հարցի շուրջ կա, և վերջնական համաձայնությունները կարծես կախված են աշխարհաքաղաքական դերակատարների ամրությունից:
Ըստ նրա, Ռուսաստանը վճռական խոսք չի ասում, քանի որ այս փուլում Ռուսաստանին հարկավոր չեն իր համար ոչ այնքան կարևոր հարցերով դիվանագիտական լարումներ:
«Սակայն Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այս ընթացքում հետաքրքիր են լինելու: Արևմուտքը կոշտացրել է իր դիրքորոշումը թուրանական ծրագրերի հանդեպ, բայց Արևմուտքը դրանց ռեգիոնում դիմակայելու ռեսուրս, իրական ցանկություն ունի՞, թե՞ ոչ: Իրանը, Հնդկաստանը ևս մոտեցումները փոխել են, ավելի մոտեցել են իրենց քաղաքական հարավկովկասյան խնդիրներին, սակայն այս ամենը դեռ բավարար չէ, ինչպես տեսնում ենք, նույն հարցի շուրջ դիսկուրսը շարունակվում է: Եվ հետաքրքիր է լինելու տեսնել, թե աշխարհաքաղաքական ո՞ր դերակատարը կկարողանա այս հարցին լուծում տալ»,- նշեց նա: