«Արցախ վերադառնում ենք հաստատակամ՝ ունենք շատ պարզ դիրքորոշում և այդ դիրքորոշումից չենք հրաժարվում». Դավիթ Բաբայան

«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցելու Բաքվի հետ։ 1996-97 թվականներին Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի մասից, և մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը, և այդ ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում։ Սակայն այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգայնորեն չճանաչված հարթակից դուրս։ Այսինքն՝ գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հնարավորությանը։

Ըստ Արցախի ԱԳ նախարարի, Ադրբեջանը բազմիցս ասել է, որ Արցախի հետ չի բանակցելու՝ որպես կողմի հետ, իսկ Արցախը ասում է՝ ձևաչափը վերականգնվի, բանակցենք։

«Սակայն, եթե որևէ մեկը մտածում է, որ այդ բանակցությունները պետք է ստանան իբրև աբորիգեն ինչ-որ ցեղախմբի հետ, ի դեմս Արցախի, որը պետք է Ադրբեջանին ասի, թե՝ կներես, սխալ ենք արել, մեզ ընդգրկեք ձեր կազմ՝ չի լինելու։ Մենք սա բազմիցս ասել ենք։ Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև Արցախի քաղաքական ուժերի, հասարակության կարծիքն է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Խոսելով Ֆրանսիայի նախագահի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանի ձեռամբ է լարվածությունը սրվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Դավիթ Բաբայանը  կոչ արեց հայ ժողովրդին լինել իմաստուն, քանի որ անթույլատրելի է համարում, որ հայն ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք, քանի որ սփյուռքում են, և այս պահին այդ երկրներում հայեր են ապրում։

Կարդացեք նաև

«Այն հայը, որը հակառուսական կարծիքներ է արտահայտում, չի մտածում ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների մասին, կամ, որ հակաամերիկյան են, չեն մտածում, որ այնտեղ ապրող հայերը խնդիրներ կունենան։ Երկու ժողովուրդ կան, որ կարող են նորմալ հարաբերություններ պահպանել և Արևմուտքի, և այլ երկրների հետ՝ հայերն ու հրեաներն են, քանի որ երկուսն էլ ունեն սփյուռք։ Եթե այս ամենը չենք կարողանում օգտագործել, կա՛մ ապուշ ենք, կա՛մ հակաազգային քաղաքականություն ենք վարում։ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, իսկ Արևմուտքը թշնամի չէ, դրա համար Արցախում ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն հստակ պետք է ընդգծեն, որ այդ ամենը չի անդրադառնալու Արցախին, ինչի մասին մի քանի երկիր արդեն հայտարարել են։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ կետը լինի հստակ՝ կլինի փաստաթղթով թե քաղաքականությամբ։ Չկա որևէ փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ Հայաստանը հրաժարվում է  Արցախից, կամ Արցախն Ադրբեջանի կազմում է, այդ ամենը քննարկումների փուլում է, հետևաբար՝ պետք է աշխատենք, համախմբվենք, որովհետև Արցախի փրկությունից է կախված նաև հայ ժողովրդի ապագան։ Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ, որ Հայաստանը կարող է հրաժարվել Արցախից»,- նշեց Դ. Բաբայանը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն այլևս ռեսուրս չունի պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Դավիթ Բաբայանն ասաց, որ շատ հայտարություններ են լինում, կարևորն այն է, որ պաշտոնական դիրքորոշում լինի պետության ու ժողովրդի կողմից։

«Մենք Արցախ վերադառնում ենք հաստատակամ՝ շարունակելու մեր պայքարը, Արցախի կամքն անկոտրում է, և մենք ունենք շատ պարզ դիրքորոշում և այդ դիրքորոշումից չենք հրաժարվում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս