Այն ուժը, որը բազմել է երկիրը ղեկավարելու աթոռին, սխալվելու, ճակատագրական սխալ անելու իրավունք չունի. Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն է:
Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը նշել է.
- Ատելության, մեղադրանքի չափաբաժինը վտանգավորության աստիճանի շատ է, որը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով:
- Ամբողջական համերաշխություն, որպես իրականություն, գոյություն չունի, դա ցնորք է և երբեմն՝ վտանգավոր: Օրինակ՝ պարտվողական, հասարակությանը ձորը գլորող համերաշխությունը վտանգավոր է:
- Մեզ պետք է փրկության, բարեկեցության, արժանապատվություն ապահովող համերաշխություն, և այստեղ Եկեղեցին ունի առաքելություն:
- Խոսքի կարիք չկա, գործի կարիք կա, այս երկիրը ապրելու երկիր է:
- Այն, ինչ կատարվում է Արցախի և Հայաստանի շուրջ, ճգնաժամային է՝ բազմաթիվ սպառնալիքներով և վտանգներով լեցուն:
- Իրավիճակը ծանր է, հատկապես, երբ սահմանին լինում են զոհեր, անդառնալի կորուստներ:
- Անսխալականությունը պաշտամունքի է վերածվել, իշխանություններն անսխալականության բարդույթով են տառապում, ենթարկվում են նման գայթակղության:
- Պետք է մտածել՝ ինչպես անել, որ առողջ միջավայր ստեղծվի, և Եկեղեցին նպաստի երկրի շենացմանը:
- Երբ պետությունը վերածվում է կուսակցական շահերը սպասարկող անձանց միության, դա չի կարող նպաստել պետության զարգացմանը:
- Երկիրը չափազանց ծանր վիճակում է, իսկ իշխանությունները նախընտրում են խնդիրը լուծելու համար ներգրավել ոչ թե իսկապես կարող ուժերի, այլ յուրայինների, կուսակցական գաղափարակիցների:
- Երկիրը, խնդիրները բոլորինս են, յաթաղանը ոչ ոքի չի շրջանցելու, ուստի բոլորը պետք է ներգրավվեն երկրի անվտանգության հզորացմանը:
- Պատերազմը համընդհանուր ջանքերով է հաղթահարվում. չի կարող բանակը մարտնչել, իսկ թիկունքում զվարճանան:
- Յուրաքանչյուր կորուստ, ձախողում ունի անուն, ազգանուն. մերկ կորուստների պատճառը կոնկրետ անձի բացթողումն է, բայց այդ անձն ինչպե՞ս կարող է ինքն իրեն գնահատել, առավելևս, որ այդ մեղավորության շղթան կարող է շատ երկար ձգվել, հետևաբար, որևէ պատասխանատու շահագրգիռ է, որ շղթան չբացահայտվի:
- Ժողովրդի մանդատը չի տրվում, որ երկիրը քանդես:
- Խաղաղությունը որոշակի գին ունի, ակնհայտ է, որ այդ գինը ծանր է լինելու, այնպես պետք է անել, որ խաղաղության պայմանները մաքսիմալ վնասակար չլինեն:
- Իշխանություններն այնպիսի ուղերձ պետք է հղեն հանրությանը, որ իրենց վստահեն, որ երկրին չվնասեն:
- Անթույլատրելի պետք է լինեն ակնհայտ պարտվողական հայտարարությունները, ադրբեջանամետ թեզերը, ինչպես, օրինակ՝ Արցախը մերը չէ, Շուշին մերը չէ…
- Մենք պետք է մահերը կանխենք և ոչ թե մահերից հետո կորուստ ունեցող ընտանիքներին մխիթարենք…
- Այն ուժը, որը բազմել է երկիրը ղեկավարելու աթոռին, սխալվելու, ճակատագրական սխալ անելու իրավունք չունի:
- Եկեղեցու դեմ ուղղված գործողությունների հասցեատեր դիտվում է իշխանությունը, որը բավարար ջանք չգործադրեց կանխելու այդ գործողությունները:
- Եկեղեցու դեմ գործողություններ կատարողները հետո պաշտոններ ստացան, դա էլ որոշակի ենթադրություն անելու առիթ տալիս է, որ իշխանությունների կողմից որոշակի բացասական դրսևորում կա, դրա օրինակներից մեկն է Հայ Եկեղեցու պատմության առարկան դպրոցից հանելը, Հայ Եկեղեցու դեմ կրոնական արհեստական կազմակերպություններ ստեղծելը…
- Եկեղեցին չի կարող իր առաքելությունը հարմարեցնել անձերի, խմբերի, կուսակցությունների կամ քաղաքական ուժերի սպասումներին, Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ գրքով, եկեղեցական ավանդույթների սկզբունքներով:
- Երբ մեղադրանք է հնչում, թե Եկեղեցին չի կարող զբաղվել քաղաքականությամբ, սրա մեջ մանիպուլյատիվ մոտեցում կա. քաղաքական գործընթացները պետք է տարանջատել քաղաքակրթական հարցերից:
- Եկեղեցին երբեք չի զբաղվել քաղաքականությամբ իշխանության հասնելու համար, բայց Եկեղեցին չի կարող չզբաղվել ժողովրդի կյանքում կենսական արժեք ունեցող հարցերով:
- Վեհափառի նախաձեռնած հանդիպումների դադարեցման մասին հայտարարություն չի եղել, հանդիպումները շարունակվելու են, դրանք դադարեցնելը վաղաժամ է, հնարավորությունները մենք չենք սպառել:
- Վեհափառ Հայրապետի համար առաջնայինը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է:
- Քաղաքական գործընթացների ժամանակ շրջանառվող թեզերը և տեխնոլոգիաները որոշակի նմանություններ ունեն կրոնական կազմակերպությունների տեխնոլոգիաների հետ: Քաղաքական գործընթացներում կիրառվող սցենարը՝ իրեն մեսիա, Հիսուս համարելը, վկայում էին, որ գործ ունենք որոշակի կրոնական կազմակերպությունների հետ սերտաճած քաղաքական հոսանքների հետ:
- Կային կրոնական, հասարակական որոշակի կազմակերպություններ, որոնք քաղցր երկխոսության մեջ էին ադրբեջանական տարբեր կազմակերպությունների հետ:
- Արդյո՞ք պետության անվտանգության քաղաքականության հետ ներդաշնակ էր այդ կազմակերպությունների գործունեությունը:
- Երբ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունը չի սպասարկում երկրի անվտանգության շահերը, դրանք երկրում գործելու հնարավորություն չպետք է ունենան:
- Քրիստոնեությունը լավատեսություն է:
- Փախուստ պետք է տա՞նք, թե՞ պետք է պայքարենք դժվարությունների դեմ. եթե կամքը կա, մենք հավատում ենք քրիստոնեական լավատեսությանը: