Բաժիններ՝

Հրապարակվել են «Կանթեղ» մրցանակաբաշխության դափնեկիրների անունները

Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միությունն ավանդույթի համաձայն կյանքի է կոչել ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է հոկտեմբերի 9-ին Օշականում:

2022-ին «Կանթեղ» մրցանակի են արժանացել Նորա Արիսյանը՝ Հակոբ Պարոնյանի «Քաղաքականության վնասները» գրքի (հայերենից արաբերեն) նաև հայերենից անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն մի շարք գրքերի թարգմանության համար, Հակոբ արքեպիսկոպոս Գլնչյանը՝ Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք ձայնը» (գերմաներենից հայերեն) գրքի թարգմանության համար, Գևորգ Գիլանցը՝ Միխայիլ Բախտինի «Ժամանակի և քրքնքտոպի ձևերը վեպում» (ռուսերենից հայերեն) և մի շարք այլ գրքերի համար, Ագապի Մկրտչյանը՝ Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ, արդի հայ արձակ և արդի հայ պոեզիա (հայերենից գերմաներեն) թարգմանությունների համար, Արտեմ Հարությունյանը՝ Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» (անգլերենից հայերեն) նաև անգլո-ամերիկյան պոեզիայի թարգմանության համար:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս