Հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի «մարզպետական» նկրտումները

Օրերս 168.am-ն ուշագրավ տեղեկություններ է ստացել Շիրակի մարզկենտրոն Գյումրիի հիվանդանոցներից, հատկապես՝ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից:

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը, ով իր այդ նախաձեռնությունից հետո նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի տնօրեն, իր բարեկամի երեխային ինչ-որ խնդրով տեղափոխում է նշված բուժկենտրոն:

«Իրեն շատ վատ էր պահում: Բժշկուհուն վերամբարձ տոնով դիմեց, թե՝ եկեք, ներկայացեք, ես այսինչ մարդն եմ: Դիտողություններ արեց, ապա դժգոհեց, որ պետք է վճարումներ կատարի մատուցած ծառայությունների դիմաց: Մենք, իհարկե, նրան հասկացրեցինք, որ իրեն կոռեկտ պահի, որ մեզ համար նշանակություն չունի՝ ով է բուժառուն: Բոլորն էլ մեզ համար հավասար են, բայց, ինչ խոսք, տհաճ էր»,- ասաց բժշկական կենտրոնին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Սրանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվում: Մեր տեղեկություններով՝ հաջորդ օրն առավոտյան խորհրդակցության ժամանակ հիվանդանոցի գլխավոր բժիշկը կոլեկտիվին ցուցում է տալիս բարեհաճ լինել Կարեն Պետրոսյանի նկատմամբ:

Կարդացեք նաև

Ի դեպ, 168.amը գրել էր, որ դեռևս 2021թ. մարտին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը, ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբյանի գիտությամբ, բուժքույրեր Հասմիկ Խաչատրյանի, Ժաննա Սարգսյանի և Դոնարա Հակոբյանի հետ միասին, 2020թ. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հատկանշական է, որ Ժորժիկ Սերոբյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի տղան է և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անվամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնած սանձարձակ արշավի հեղինակ և կատարող, ներկայումս ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի քեռու որդին:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի»՝ առերևույթ կեղծիք կատարած բժիշկները տնօրեն Ժորժիկ Սերոբյանի ցուցումով շրջում էին տնետուն, որ որպես կեղծ հիվանդ գրանցած երեխաների ծնողներին համոզեն՝ ասել, որ իրականում երեխաները հիվանդ են եղել, նույնիսկ գումար են առաջարկում դրա դիմաց, սակայն իրականում այդ ցանկի երեխաներն առհասարակ հիվանդանոցում չեն եղել:

Հետագայում, իհարկե, այս դեպքով քրեական գործ հարուցվեց, Ժորժիկ Սերոբյանն աշխատանքից ազատվեց, բայց որևէ հետևանք չեղավ, իսկ արդեն ամիսներ անց Կարեն Պետրոսյանն իր քեռու որդուն՝ սկանդալի արդյունքում աշխատանքից ազատված Ժորժիկ Սերոբյանին, փորձում էր այլ բուժհաստատությունում աշխատանքի տեղավորել՝ բնականաբար, տնօրենի պաշտոնում:

Ինչևէ, ավստրիական հիվանդանոց այցից ևս մեկ օր անց Կարեն Պետրոսյանն այցելում է Գյումրիի մեկ այլ բժշկական կենտրոն՝ տնօրենին տեսնելու, ապա՝ պոլիկլինիկաներ:

Կարեն Պետրոսյանի «մարզպետական» կեցվածքն ու նկրտումները Գյումրիում շատերին են զարմացրել:

Քաղաքում խոսում են, որ, օրինակ, երբ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվեց Կարեն Պետրոսյանի ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, ով հետո Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո նշանակվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, իսկ օրեր առաջ ազատվեց աշխատանքից՝ Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին չպաշտպանելու և մեկ այլ թեկնածուի՝ Ագուն Սաղաթելյանի օգտին քվեարկելու կոչ անելու համար, Կարեն Պետրոսյանն իրեն այդպես չէր պահում:

Չմոռանանք, որ Գյումրիի բուհ-ական համակարգը կենտրոնացված է Արայիկ Հարությունյանի պրոտեժեների ձեռքում, որովհետև, բացի նշված երկուսից, Կարեն Պետրոսյանի քեռին՝ Երվանդ Սերոբյանն էլ Շիրակի պետական համալսարանի ռեկտորն է:

Փաստացի Կարեն Պետրոսյանի այս վարքագիծը կապ ունի Անի խոշորացված համայնքի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի և հատկապես՝ ընկերոջը՝ Տիգրան Պետրոսյանին աշխատանքից ազատելու հետ:

Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն, Կարեն Պետրոսյանը երկու խնդիր է ցանկանում լուծել՝ աշխատանքի վերականգնել իր ընկերոջը և խնդիրներ ստեղծել գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանի համար՝ տպավորություն ստեղծելով, թե հիվադանոցներում քաղաքացիներին պատշաճ չեն սպասարկում:

Գաղտնիք չէ, որ քաղաքում մարզպետի կողմից վերահսկվող ոլորտները երկուսն են՝ բուժհաստատույունները և կրթական հաստատությունները: Չի բացառվում, որ մի օր էլ Կարեն Պետրոսյանը հայտնվի դպրոցներում:

Տեսանյութեր

Լրահոս