Նոր ինտրիգներ` Գյումրիում. Կարեն Պետրոսյանի հերթական նպատակակետը

2018թ. իշխանափոխությունից հետո, երբ մեր երկրում սկիզբ դրվեց ամեն ինչ քանդելու ու կործանելու արատավոր գործընթացին, գյումրեցի Կարեն Պետրոսյան անուն-ազգանունով անձը ստեղծեց հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» շարժումն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի։

Եվ թեպետ իր կատարած ագրեսիվ հարձակումները կաթողիկոսի վրա, Վեհարանի զավթումը, տարատեսակ քայլերթերը որևէ հաջողություն չգրանցեցին նրա համար, Կարեն Պետրոսյանի ջանքերը, այնուամենայնիվ, աննկատ չմնացին, ու վերջինս, թերևս, խրախուսվեց «իմքայլական» իշխանությունների կողմից և նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն։

Հաջորդիվ նա շատ հարմար կերպով իր ազդեցության տակ վերցրեց Շիրակի պետական համալսարանը` այնտեղ որպես ռեկտոր նշանակելով իր` ֆիզիկայի ուսուցիչ քեռուն` Երվանդ Սերոբյանին։ Ավելի ուշ Կարեն Պետրոսյանի մեկ այլ թիմակից, նրա ընկեր, Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն։

168.am-ի տեղեկություններով` այժմ Կարեն Պետրոսյանի ջանքերն ուղղված են Գյումրու բուժհաստատություններից մեկի «գրավմանը» ու իր քեռու որդուն այնտեղ տնօրեն նշանակելուն։

Խոսքը ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի որդու` Ժորժիկ Սերոբյանի մասին է, որն այս տարվա ապրիլին Շիրակի մարզպետի հրամանով զրկվեց Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնից, քանի որ, ըստ իրավապահների` վերջինս ներգրավված է եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։

168.am-ը ժամանակին անդրադարձել է այդ պատմությանը։ Անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ իրավապահները պարզել էին, որ նշված հիվանդանոցում կեղծ հիվանդ երեխաների գրանցումով ու իբր բուժմամբ` հափշտակվել էին պետպատվերի հսկայական գումարներ։

Եվ ահա Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն` Կարեն Պետրոսյանը հիմա կոմպրոմատներ է հավաքում Անի թաղամասում գտնվող Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի, գյումրեցիների մոտ առավել հայտնի՝ Դանիական պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանի վերաբերյալ։

Վերջինս տնօրեն է նշանակվել նախկին իշխանությունների օրոք։ Նրա կնոջ քրոջ ամուսինը` Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնի ՀՅԴ-ական է։ Այսինքն` ժամանակին Հովհաննես Վարձելյանը Դանիական պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել ՀՅԴ-ականների քվոտայով։

Ու հիմա, փաստորեն, քանի որ հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո դաշնակցականների կադրային ջարդ են սկսել այս իշխանությունները, և մի քանի դպրոցների դաշնակցական տնօրեններ արդեն իսկ ազատվել են աշխատանքից, հիմա Կարեն Պետրոսյան-Երվանդ Սերոբյան տանդեմը փորձ է կատարում կոմպրոմատների միջոցով ստիպել Հովհաննես Վարձելյանին ևս հրաժարվել պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից` այդ պաշտոնում վերոնշյալ Ժորժիկ Սերոբյանին նշանակելու համար։

Գյումրիում խոսում են, որ թեպետ Կարեն Պետրոսյանը տապալել է կաթողիկոսի դեմ շարժումը, բայց լավ ինֆորմացված լինելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունների ու նրա առանձին ներկայացուցիչների մասով` շանտաժի միջոցով կարողանում է պաշտոններ վերցնել իր մտերիմների համար։

Ըստ գյումրեցիների` Հովհաննես Վարձելյանի գլխավորած Դանիական պոլիկլինիկայում է աշխատում Երվանդ Սերոբյանի հարսը, և բացի դրանից, Երվանդ Սերոբյանն ինքն է շաբաթվա ընթացքում բավականին երկար ժամանակ անցկացնում պոլիկլինիկայում, փորձում վրիպումներ գտնել, ցուցումներ է տալիս` հատուցելով պոլիկլինիկայի աշխատակիցների զարմանքն ու զայրույթը։ Մարդիկ ապշած են, թե ինչպե՞ս կարող է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այնքան ժամանակ ունենալ, որ ժամերով զբաղվի ոչ իր գործով։

Տեսանյութեր

Լրահոս