Շիրակի նախկին մարզպետին աշխատանքից հեռացրել են ֆեյսբուքյան գրառման համար. ընթանում է քաղաքական առևտուր

Երեկ երեկոյան «Առավոտը» գրել էր, որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որն ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը նշանակվել էր Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, հեռանում է պաշտոնից։ Նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն, դեռ ստորագրված չէ։

Սակայն 168.am-ի՝ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ, իրականում նախկին մարզպետ, Պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը ոչ թե ինքնակամ է հեռանում զբաղեցրած պաշտոնից, այլ նրան հեռացրել են:

Պատճառը նրա՝ սեպտեմբերի 22-ին ֆեյսբուքյան գրառումն է ու կից հրապարակած տեսանյութը, որով նախկին մարզպետը կոչ էր անում Անի խոշորացված համայնքի Տեղական ինքնակառավարման մարմինների՝ սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում ընտրել Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդուն՝ «Հայկական երազանք» կուսակցության առաջնորդ Ագուն Սաղաթելյանին:

«Դիմակայուն և զարգացող համայնքի, սկզբունքային և պատասխանատու կառավարման, կամ պարզապես այն մասին, թե ինչու մեր երկրի այսօրվա բարդ իրողությունում Անի համայնքը պետք է նախապատվությունը տա Ագուն Սաղաթելյանին և իր թիմին»,- գրել էր նա:

Կարդացեք նաև

168.amը հենց ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, անդրադարձել էր Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ստեղծված իրավիճակին: Գրել էինք, որ եթե չհաջողվի կոալիցիոն կառավարման հասնել Անիում, նոր ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա:

Եվ Տիգրան Պետրոսյանի հետ տեղի ունեցածը պետք է դիտարկել հենց այս համատեքստում:

Մենք նշված հրապարակման մեջ գրել էինք, որ Ագուն Սաղաթելյանին աջակցում էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, հակաեկեղեցական տխրահռչակ «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» շարժման հիմնադիր Կարեն Պետրոսյանը և Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով, ի դեպ,  Պոլիտեխնիկական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրենն է: Իսկ Կարեն Պետրոսյանի մորեղբայրը՝ Երվանդ Սերոբյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտորն է:

168.am-ը նախկինում տեղեկացրել էր, որ այս երկուսի «տանիքը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար, ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Այսինքն՝ կրթությունը Շիրակի մարզում կենտրոնացված է Արայիկ Հարությունյանի ձեռքում:

Ըստ Շիրակի մարզում տարածված լուրերի՝ Ագուն Սաղաթելյանը Մոսկվայում տաքսի ծառայության համատեղ բիզնես ունի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ Ագուն Սաղաթելյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուն դեմ էր եղել Շիրակի գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ում համար անընդունելի է Կարեն Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի դիրքերի ամրապնդումը մարզում:

Եվ փաստացի ՔՊ-ում բավականին ծանր են տարել Տիգրան Պետրոսյանի՝ Ագուն Սաղաթելյանի օգտին քվեարկելու կոչը, և նրան հեռացրել են Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ Տիգրան Պետրոսյանը սեպտեմբերի 23-ից աշխատանքի չի հաճախում:

Իսկ տեղեկությունը չի հանրայնացվում, կամ միգուցե հրամանը դեռ չի ստորագրվում, որովհետև ՔՊ-ում հույս ունեն՝ Ագուն Սաղաթելյանը կմիավորվի ՔՊ-ի հետ, և ՔՊ-ն կկարողանան ստանձնել համայնքի կառավարումը:

Ինքը՝ Ագուն Սաղաթելյանը, խիստ զայրացած է իր ընկերոջ նկատմամբ ՔՊ-ականների վերաբերմունքից և հայտարարել է՝ ոչ մի կերպ կոալիցիա չի կազմելու ՔՊ-ի հետ, եթե Տիգրան Պետրոսյանը չվերականգնվի իր պաշտոնում:

Փաստացի այս պահին «Հայկական երազանքի» առաջնորդ Ագուն Սաղաթելյանի և ՔՊ-ի միջև քաղաքական առևտուր է ընթանում Անիի համայնքապետի պաշտոնի համար:

Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ, օրինակ, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանին են շրջանցել քաղաքական այս խժդժությունները: Վերջինս ոչ պակաս ակտիվորեն, քան Տիգրան Պետրոսյանը, աջակցել է Ագուն Սաղաթելյանին, ողջ օրը եղել է նրա նախընտրական շտաբում, բայց շարունակում է անսասան զբաղեցնել հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» շարժումը նախաձեռնելուց հետո իրեն վստահված աթոռը:

Արդյո՞ք քաղաքական իշխանությունը վախենում է Կարեն Պետրոսյանից, որ նրան աշխատանքից չեն ազատում, երբ, մեր տեղեկություններով՝ անգամ բուհ-ում է նա Ագուն Սաղաթելյանի օգտին քարոզչություն կատարել:

Ինչևէ, փաստ է, որ Անիում թեժացած կրքերը չեն հանդարտվում ու արդեն իսկ տեղափոխվել են միջանձնային փուլ:

168.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը և կտեղեկացնի հաջորդիվ:

Տեսանյութեր

Լրահոս