Սրբապիղծների իշխանության Գյումրիի մասնաճյուղը

Երեկ armlur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ մարտի 23-ին, ժ. 11:55-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը, ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբյանի գիտությամբ, բուժքույրեր Հասմիկ Խաչատրյանի, Ժաննա Սարգսյանի և Դոնարա Հակոբյանի հետ միասին, 2020թ. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

168.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել երեկ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ցերեկը 15:00-ի շրջանում մեծ իրարանցում է տեղի ունեցել Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, ով, ի դեպ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի տղան է և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անվամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնած սանձարձակ արշավի հեղինակ և կատարող, ներկայումս ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի քեռու որդին, իրականում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ են շորթել պետական բյուջեից:

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործը ոստիկանության ուշադրության կենտրոնում է, և վերոնշյալ թեմայի մեջ եղած անձինք ամեն ջանք գործադրում են գործը փակելու, թեման մոռացության տալու համար:

Ի դեպ, armlur.am-ի հրապարակման մեջ հիշատակված Հասմիկ Խաչատրյանը, Ժաննա Սարգսյանը և Դոնարա Հակոբյանը բուժքույրեր չեն, այլ բժիշկներ, և բացի նրանցից, ըստ լուրերի՝ այլ բժիշկներ ևս ներգրավված են գործի մեջ:

Ոստիկանությունից, ի պատասխան մեր հարցման, պատասխանեցին, որ կեղծ հիվանդ երեխաների գրանցման վերաբերյալ տեղեկություններ ոստիկանությունը ստացել է, և դրանց հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեզ ասացին, որ 2-3 օր է, ողջ Գյումրին փոթորկված է այդ լուրից, իսկ հիվանդանոցում արտակարգ իրավիճակ է:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի»՝ առերևույթ կեղծիք կատարած բժիշկները տնօրեն Ժորժիկ Սերոբյանի ցուցումով շրջում են տնետուն, որ որպես կեղծ հիվանդ գրանցած երեխաների ծնողներին համոզեն ասել, որ իրականում երեխաները հիվանդ են եղել, նույնիսկ գումար են առաջարկում դրա դիմաց, սակայն իրականում այդ ցանկի երեխաներն առհասարակ հիվանդանոցում չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս