Հավատացե՛ք, սա կարևոր է. Սրտաբանը՝ սիրտ-անոթային հիվանդությունների, հանկարծամահության առաջացման պատճառների և դրանցից խուսափելու մասին

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է։

Հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելման մասին զրուցել ենք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի հետ:

Տիկի՛ն Հովակիմյան, սիրտ-անոթային հիվանդություններն առաջանում են տարիների ընթացքո՞ւմ, թե՞ կարող են զարգանալ միանգամից։

– Սիրտ-անոթային հիվանդություններն  ընդհանրապես կարող ենք տարանջատել երկու մեծ խմբի. գոյություն ունեն բնածին հիվանդություններ և ձեռքբերովի, որոնք հիմնականում քրոնիկական բնույթ են կրում և ժամանակի ընթացքում այլևայլ պատճառներից ելնելով՝ զարգանում և, ի վերջո, հասնում են իրենց դրսևորմանը՝ այս կամ այն կերպով: Քրոնիկական հիվանդությունները գրականության մեջ անվանում են նաև ոչ վարակիչ հիվանդություններ: 21-րդ դարն ընդհանրապես համարվում է ոչ վարակիչ հիվանդությունների դարաշրջանի սկիզբը, որովհետև հիմնական մեծ խնդիրները, իհարկե, համավարակը չհաշված, որոնք սպառնում են մարդու առողջությանը և, ի վերջո, մահվան պատճառ են դառնում, դրանք քրոնիկական խնդիրներ են՝ շատ մեծ մասով կապված մարդու ապրելակերպի հետ:

Կարդացեք նաև

Նշեցիք, որ նաև մարդու ապրելակերպից է կախված հիվանդության զարգացումը: Հայաստանում մարդիկ ինչպե՞ս են սնվում. առողջ ապրելակերպին, սննդին հետևո՞ւմ են, թե՞ ոչ: Շատ հաճախ, երբ այցելում են բժշկի՝ տեղեկանում են, որ խոլեստերինի մակարդակը բարձր է: Դա գալիս է տարիների ընթացքում սխալ սնվելո՞ւց, թե՞ խոլեստերինն էլ կարող է պահի տակ բարձրանալ մարդու մոտ:

Խոլեստերինի բարձր մակարդակը սովորաբար երկու գործոնով է պայմանավորված. մեկը կարող է լինել սխալ ապրելակերպը՝ սննդի սխալ ընտրությունը, երբ մենք ընտրում ենք ոչ օգտակար ճարպերով և ոչ օգտակար ածխաջրերով հարուստ սնունդ, ինչը, իհարկե, մեր խոհանոցում շատ է: Ոչ օգտակար ճարպը նաև սնունդը շատ համեղ է դարձնում, որով հայկական խոհանոցն աչքի է ընկնում, բայց այն կարող է օգտակար չլինել մարդու առողջության համար: Եվ երկրորդ մասը, թե ինչո՞ւ է խոլեստերինը բարձրանում, պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում խոլեստերինի ձևավորման ճանապարհին որևէ օղակ խախտվում է: Ենթադրեք, որևէ ֆերմենտի բացակայության ընթացքում մարդը կարող է շատ գրագետ, նորմալ սնվել, ունենալ նորմալ քաշ: Կարող է պատահել, որ պրոակտիվ սպորտով զբաղվի, սակայն ունենա խոլեստերինի բարձր մակարդակ:

Ինչ վերաբերում է սննդային առումով գրագիտությանը, ապա ես կասեի, որ մոտավորապես գտնվում ենք միջին դիրքում, օրինակ, մենք ԱՄՆ-ի նման ֆասթ-ֆուդ կոչվածին շատ մեծ տեղ չենք տալիս, մեր երկրին բնորոշ է տանը պատրաստված կերակուրներով ավելի շատ սնվելը: Մեր սնունդը մեծ մասամբ բնական է, չի պարունակում արհեստական հավելումներ, որոնք կարող էին գեղեցիկ տեսք կամ ախորժելի համ տալ, բայց ցավով պետք է նշեմ, որ հատկապես դեռահասների սննդի կարգավորումները շատ քիչ են, իսկ դպրոցական տարիքը կարևոր է, որպեսզի երեխայի մոտ սննդի նկատմամբ գրագետ մոտեցում ձևավորվի, ինչը բացակայում է: Երեխաները հաճախ ընտրությունը տալիս են արագ կշտանալու տարբերակներին՝ ներառյալ գազավորված ըմպելիքները, վնասակար կարտոֆիլները, ինչի արդյունքում էլ դեռահասների ճարպակալման մակարդակն է բարձրանում, որը խիստ ազդում է հետագայում իրենց հիվանդանալու հավանականության վրա: Կարծում եմ, այստեղ առանձին քաղաքականություն պետք է մշակվի և առանձին մոտեցումներ լինեն, որպեսզի դեռահասների մոտ խթանեն ճիշտ ապրելակերպը և սննդի ճիշտ ընտրությունը:

Համացանցում հաճախ են հանդիպում սիրտն առողջ պահելու վերաբերյալ նյութերի։ Հիմնականում խորհուրդ են տալիս օգտագործել ավոկադո, ձիթապտղի յուղ, ընկույզ: Կա՞ սննդի տեսականի, որ կարող են օգտագործել և խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:

– Կարելի է Ձեր թվարկած սննդամթերքը կիրառել ընդհանուր կանխարգելիչ նպատակով: Շատ կարևոր է նաև օգտվել մեծ քանակությամբ բուսական ճարպերից: Օվկիանոսային ձկները ևս պարունակում են մեծ քանակությամբ գերչհագեցած ճարպաթթուներ, որոնք շատ օգտակար են սրտի առողջության համար: Կարևոր է նաև կալիում պարունակող սնունդը, մեր չրերը:

Անհրաժեշտ է խուսափել նաև վնասակար սնունդ ընդունելուց, որն արագ հագեցնում է, մեծ ծավալ ունի, սակայն իրականում օրգանիզմին դրանով վնասում ենք, քանի որ խախտվում է այն առողջ կերպը, որով մենք պետք է կարողանանք մեր օրգանիզմում սինթեզել, պահպանել իր օգտակար մասը: Չէ՞ որ խոլեստերինն ընդհանուր առմամբ շատ կարևոր կոմպոնենտ է, ուղղակի վնասակար և օգտակար մասերի հարաբերակցությունը պետք է ճիշտ պահենք, որպեսզի չհիվանդանան մեր սիրտն ու անոթները:

Ընդհանրապես կարելի է խորհուրդ տալ բոլոր կոմպեքս տեսակի ածխաջրերը՝ վարսակի փաթիլներ, քինոա, հնդկաձավար, սև բրինձ: Իհարկե, պետք է խուսափել պարզ տեսակի ածխաջրերից, որոնցից օգուտը քիչ է:

Կարևոր է որպես էներգիայի աղբյուր, սակայն այդ պարզ ածխաջրերից օգուտն ավելի քիչ է, կշտացած մնալու զգացողությունն ավելի կարճ է տևում: Բացի այդ՝ շաքարը հակվածություն առաջացնելու սովորություն ունի ու, երբ մարդն ավելի շատ է օգտագործում շաքար՝ գնալով ավելի շատ է ուզում, ինչն օգտակար չէ առողջության համար:

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ բոլոր սրտանոթային հիվանդությունները, բացառությամբ սրտի իշեմիկ հիվանդության, ավելի տարածված են սննդի դեֆիցիտ ունեցող մարդկանց մոտ: Հայաստանում հատկապես վերջին տարիներին շատ են դիետաներ պահում, արդյոք սա կարո՞ղ է առաջացնել սրտանոթային խնդիրներ:

– Սիրտ-անոթային հիվանդությունների առաջանալը մոնոֆակտորիալ երևույթ չէ, ցավոք: Եթե մենք իմանայինք, որ այդ խնդիրը կախված է միայն սննդից, շատ հեշտ ու հանգիստ կկարողանայինք արմատախիլ անել և լուծել հարցը, որպեսզի մարդիկ այլևս չհիվանդանային: Բազմաթիվ գործոններ կան, և սնունդը դրանցից մեկն է: Գործոնների մեջ մտնում են նաև ծխախոտամոլությունը, հավելյալ քաշը, զարկերակային հիպերտենզիան, անշարժ ապրելակերպը, որը տեխնոլոգիաների զարգացման հետ մեր կյանքի անբաժան մասն է դարձել: Ինչ վերաբերում է դիետաներին՝ ինդիվիդուալ է պետք մոտենալ:

Միանշանակ գիտենք, որ որոշ սրտի հիվանդություններ, օրինակ, շողացող առիթմիան, ուղիղ կապ ունի հավելյալ քաշի հետ: Եթե մարդը գեր է, ճարպակալում ունի, ապա իր մոտ շողացող առիթմիայի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան մարմնի նորմալ զանգված ունեցող պացիենտի մոտ: Այդ պատճառով դիետոլոգների հետ համատեղ աշխատում ենք՝ մարդու մարմինը նորմալ քաշի բերելու ուղղությամբ: Դա լինում է թե՛ դիետիկ սահմանափակումների, թե՛ ֆիզիկական ակտիվությունը շատացնելու ձևով: Որպես կանոն՝ ասեմ, որ դիետա կոչված երևույթը, որ տեսակն էլ լինի (ածխաջրերի, ճարպի սահմանափակում և այլն), պետք է այնպես արվի, որ շաբաթական մարմնի քաշի իջնելը չգերազանցի մաքսիմում կես կիլոգրամը, որովհետև եթե շատ խիստ դիետաներ են անում՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, սա կարող է վտանգավոր լինել:

Դեռահասների շրջանում առավել խնդրահարույց է: Հաճախ տեսնում ենք դեպքեր, երբ խստագույն դիետաների պատճառով մարդկանց մոտ մտավոր խնդիրներ են զարգանում և անորեքսիա կոչվող երևույթը, որի պատճառով սնունդ չեն կարողանում ընդունել, հանգեցնում է սրտաբանական հիվանդությունների առաջացման: Արատավոր օղակ է ձևավորվում, դրա համար սրտաբանների ընդհանուր խորհուրդն այն է, որ մարմնի քաշը պետք է իջեցնել աստիճանաբար և առողջ ձևով: Սնունդը կարևոր է, առանց սննդի մինչ օրս ոչ ոք չի գոյատևել այս մոլորակի վրա: Հարցն ուղղակի բալանս գտնելու մեջ է: Պետք է կարողանալ ավելի շատ ծախսել, ավելի քիչ ընդունել, ու կալորիաների դեֆիցիտը մեծ չպետք է լինի:

Օրական, ենթադրենք, 300-400 կալորիա ավելի ծախսելու և քիչ ընդունելու արդյունքում մենք կարող ենք շատ մեղմ ձևով հասնել նրան, որ մարմնի զանգվածն ամիսների ընթացքում աստիճանաբար նվազի և հասնի իր առողջ չափերին:

– Հիվանդությունը երիտասարդացե՞լ է, թե՞ ավելի շատ 60 տարեկանից բարձր անձանց մոտ է հանդիպում:

Եթե գլոբալ խոսենք, ապա կարող եմ ասել՝ տենդենցը հետևյալն է. ընդհանրապես ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են ավելի երկար ապրել՝ ի շնորհիվ գիտության, տեխնոլոգիաների զարգացման, պատվաստումների, բուժումների և այլն: Երկար ապրելու արդյունքում, բնականաբար, հիվանդություններն էլ են շատացել, ինչը հանգեցնում է նրան, որ ավելի մեծ տարիքում մենք ավելի շատ հիվանդություններ ենք տեսնում: Սրա մեջ չեն մտնում բնածին հիվանդությունները, երբ մարդիկ այդպես ծնվում են, ու բնական է, որ երիտասարդ տարիքում մարդիկ ունեն այդ հիվանդությունը: Մի շատ մեծ չախտորոշված գերխնդիր շարունակում է մնալ սրտային հանկարծամահության երևույթը: Թերևս, լսել եք, որ մարդիկ ուղղակի քնում են և չեն արթնանում, և դա կարող է երիտասարդ տարիքին բնորոշ լինել՝ ինչ-ինչ հիվանդությունների դեպքում: Այս առումով մենք բաց ունենք: Տարիների ընթացքում գուցե ախտորոշումը լավացել է, բայց միևնույն է՝ շարունակում ենք լսել, ականատես լինել նման դեպքերի, ինչն իսկապես ցավալի է, որովհետև մի բան է, երբ տարիքն առած մարդն իր քրոնիկական հիվանդության վերջակետին հասնելիս է հոգին ավանդում, և մեկ այլ բան է, երբ լրիվ առողջ մարդը երիտասարդ տարիքում այլևս չկա:

Դրա համար, հատկապես սրտաբանության այն ճյուղը, որը կոչվում է առիթմոլոգիա, զբաղվում է սրտային հանկարծամահության կանխարգելմամբ, և այն տարբեր ձևերով է կատարվում: Մենք նախևառաջ փորձում ենք ախտորոշումը շատացնել, գտնել այն մարդկանց, ովքեր սրտային հանկարծամահություն ունենալու ռիսկ ունեն: Երբ ռիսկը հայտնաբերում ես և գիտես, որ կոնկրետ այսինչ անձը գուցե թաքնված, ասիմպտոմատիկ խնդիրների պատճառով ունի հանկարծամահության ռիսկ, այդտեղ կանխարգելումը շատ ուղիղ ճանապարհով է կատարվում: Այսինքն, գոյություն ունեն փոքրիկ սարքեր, որոնք դրվում են մարդու մաշկի տակ, և շատ արագ ռիթմ առաջանալու դեպքում իրենք միջամտում և նորմալացնում են սրտի ռիթմը, որպեսզի փրկեն մարդու կյանքը:

Հատկապես հայերի դեպքում, երբ մի փոքր վատ են զգում՝ փորձում են շրջապատի մարդկանցից հարցնել, թե այս կամ այն ախտանշաններն ինչի՞ արդյունք են: Ինչպե՞ս տարբերակեն՝ առիթմիա ունե՞ն, թե՞ ոչ: Սրտի զարկերի արագացում կամ դանդաղեցո՞ւմ է իրենից ենթադրում, թե՞ ինչ-որ ցավ են զգում:

– Առիթմիա կոչվում են սրտի ռիթմի բոլոր խանգարումները միասին: Սրա մեջ կարող են մտնել դանդաղասրտությունը, հաճախասրտությունը և որոշակի անկանոնություններ: Կարող է հայտնի լինել էքստրասիստոլաներ տերմինը կամ նախասրտերի ֆիբրիլացիա՝ շողացող առիթմիա տերմինը:

Գանգատները բազմաթիվ կարող են լինել՝ սկսած սրտի արագ կամ դանդաղ, անկանոն աշխատանքից, վերջացրած շնչարգելությամբ, գիտակցության կորստով, որոշ դեպքերում՝ ցավով, գլխապտույտներով, շուտ հոգնելով: Ցավով պետք է նշեմ, որ պացիենտների մեծ տոկոսի մոտ ուղղակի ասիմպտոմատիկ է. ընդհանրապես գանգատ չունեն, բայց ունեն խնդիր, և այս իրավիճակներում սքրինինգային ծրագրերը մեզ շատ օգտակար են լինում, այսինքն՝ պետք չէ սպասել, որ մարդն անպայման գանգատ ունենա:

Օրինակ, եթե որևիցե մեկի մոտ գրանցվել է սրտի կանգ և հանկարծամահություն, ապա մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն իր բոլոր առաջին կարգի բարեկամները՝ անկախ նրանից՝ գանգատ ունե՞ն, թե՞ ոչ, որովհետև ինչ-ինչ իրավիճակներում հանկարծամահությունը կարող է գենետիկ բնույթ կրել: Գլխուղեղի կաթվածների մեծ մասը ևս առաջանում է շողացող առիթմիայի արդյունքում, քանի որ պացիենտների մոտ սրտի խոռոչում առաջանում է թրոմբ, որը պոկվում, գնում է գլխուղեղ, խցանում անոթները՝ դառնալով ինսուլտի պատճառ: Քանի որ այդ պացիենտները տարեց են ու հաճախ առիթմիաները չեն զգում, ինսուլտ ստացած բոլոր պացիենտներին պարտադիր պետք է կատարվի սրտի ռիթմի ստուգում, որպեսզի գնահատվի՝ կա՞ արդյոք շողացող առիթմիա, և ադեկվատ կերպով բուժվի այն, որպեսզի ինսուլտի կրկնողությունը կանխարգելվի: Կան սքրինինգային այլ մեթոդներ, օրինակ, պոլիկլինիկաներում խոլեստերինի որոշումը, որը, կարծեմ, անվճար է: Եթե, ենթադրենք, երիտասարդը, ով 20 տարեկանում ունի բարձր խոլեստերին, այդ տարիքից սկսի իջեցնել այն՝ տարատեսակ մոտեցումներով, շատ ավելի քիչ ռիսկ կունենա 40 կամ 50 տարեկանում սրտի խնդիր ունենալու, քան, եթե այդ մասին չիմանա:

Սքրինինգը հանդիսանում է առողջապահական միջամտությունների ամենաշահավետ տարբերակը. երբ առողջ մարդկանց դեպքում սքրինինգ ես անում, հիմնական ծախսը քիչ է, բայց կարողանում ես ախտորոշել և հետագայում խնդիրները կանխարգելելով՝ ստանում ես քո բնակչության ավելի առողջ, նորմալ կարգավիճակ, քան, եթե սպասես՝ մինչև մարդու մոտ սրտամկանի ինֆարկտ զարգանա, նոր դրանից հետո սկսես բուժել: Սա շատ ավելի ծախսատար է, ծանր և արդյունքն էլ սուբօպտիմալ է:

– Առիթմիա առաջանում է սիրտ-անոթային հիվանդությունի՞ց, թե՞ կարող է մարդը, ասենք, վահանաձև գեղձի խնդիր ունենա, և դա հանգեցնի առիթմիայի:

Իրականում երկուսն էլ հնարավոր է: Սրտի ռիթմի խանգարումները կարող են առաջանալ իբրև սրտի հիվանդությունների բարդություն: Տարբեր կառուցվածքային հիվանդությունները կարող են բերել ռիթմի խանգարման, և սովորաբար այս ռիթմի խանգարումները բավականին լուրջ են լինում, և իրենց վարումն ավելի բարդ է լինում: Կա նաև իրավիճակ, որ կարող է սրտի նորմալ կառուցվածքի դեպքում լինել ռիթմի խանգարում, որի պատճառն էլի սրտում է, և այն կարելի է բուժել ու հարցն արմատապես փակել: Եվ ռիթմի խանգարումների մի մեծ խումբ վերաբերում է արտասրտային պատճառներին՝ դրանցից են վահանաձև գեղձի դիսֆունկցիան, թոքային հյուսվածքի տարբեր հիվանդությունները, էլեկտրոլիտների մակարդակի շեղումները, երբ կալիումը կարող է շատ բարձրանալ կամ շատ իջնել: Ընդհանրապես բոլոր տեսակի էնդոկրին, հորմոնալ խանգարումները ռիթմի խանգարում առաջացնելու հակվածություն ունեն: Զարկերակային հիպերտենզիայով պացիենտները ևս կարող են ունենալ ռիթմի խանգարում, և այլն:

Խոսեցիք թրոմբներից. հատկապես կորոնավիրուսի ժամանակ մեր քաղաքացիներից շատերն առանց բժշկի այցելելու՝ օգտագործում էին արյունը ջրիկացնող դեղամիջոցներ («Կարդիոմագնիլ», «Ասպիրին կարդիո»), օրինակ, ամսվա մեջ 5 օր: Դրանք որքանո՞վ են վտանգավոր:

– Սա լրիվ աբսուրդ է: Մենք բժշկության մեջ հիմնվում ենք փաստի վրա: Խորհուրդ ենք տալիս մի բան, որը հետազոտություններով հաստատված է և հայտնի է, որ բարելավում է մարդու առողջությունը: Նույն կորոնավիրուսի ժամանակ հակամակարդիչների՝ արյունը հեղուկացնող դեղորայքի օգտագործումը ցուցված է միայն հոսպիտալիզացված, անկողնում պառկած պացիենտներին, որովհետև այդ իրավիճակներում թրոմբի գոյացման հավանականությունն իսկապես շատ բարձր է: Իսկ պացիենտը, որը տանն է, թեթև սիմպտոմների պատճառով բուժում է ստանում, չարժե հակամակարդիչ դեղորայք ընդունել, որովհետև դա բերում է արյունահոսական ռիսկի բարձրացմանը, ինչը կարող է խնդրահարույց լինել:

Ինչ վերաբերում է ամիսը 5 օր «Ասպիրին» խմելուն («Ասպիրին կարդիո»), այս մասին շատ են հարցրել պացիենտները, կարծում եմ՝ աբսուրդ է: Մարդը պետք է դեղը խմի, եթե ունի ցուցում, նշանակել է բժիշկը: Այն պետք է խմել ամեն օր. օր ու մեջ, շաբաթվա երկու օրը խմել և այլն, նման պրակտիկաները ոչ մի հիմնավորում չունեն: «Ասպիրինը» դեղ է, որն ընդամենը մեկ օր է ազդում: Եթե մեկ օր խմեցիր՝ արյունը հեղուկ կլինի, հաջորդ օրը չխմեցիր՝ էլի կխտանա: Դա այդպես օգտագործելու ընդհանրապես իմաստ չկա:

Սիրտ-անոթային հիվանդություն ունեցողներն այն պետք է միշտ օգտագործե՞ն:

– Ոչ, նման երևույթ ընդհանրապես գոյություն չունի: Դեղը նշանակվում է այն դեպքում, երբ մարդն ունի անոթային պատահարներ ունենալու բարձր ռիսկ: Սիրտ-անոթային հիվանդությունները շատ լայն սպեկտր ունեն, բոլորին պետք չէ «Ասպիրին» խմել, որոշներին նույնիսկ հակացուցված է: Բժշկի նշանակումով դեղը պետք է խմեն այն պացիենտները, որոնք, օրինակ, ունեն սրտի իշեմիկ հիվանդություն, մեխանիկական փական: Պրոֆիլակտիկ «Ասպիրին» խմելը նեղլիկ ցուցումներ ունի՝ որոշ բարձր ռիսկի պացիենտների մոտ, օրինակ, շաքարային դիաբետով և անոթային պատահարների բարձր հավանականություն ունեցող պացիենտների մոտ հիմնավորված է ամենօրյա կանխարգելիչ նպատակով դեղը խմելը:

Նշեցիք, որ չի կարելի դեղը մեկ օր խմել, հետո երկու օր չխմել, սակայն ցավալիորեն մեր հասարակության մեջ, հատկապես մեծահասակները, դժվարանում են դեղորայք գնել: Դեղ չընդունելու արդյունքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

– Շատ ցավալի երևույթի մասին ենք խոսում, որի արմատները շատ խորն են: Ամեն օր աշխատում ենք հասարակության հետ այս ուղղությամբ: Եվ, ընդհանրապես, դեղորայքի նկատմամբ հակվածություն երևույթը շատ կարևոր է, որպեսզի մեր հիվանդության արդյունքը լավը լինի: Ամբողջ աշխարհում կա այս երևույթը. մարդկանց մի տոկոս կա, որն ինչ-ինչ պատճառներով դեղորայքը չի ընդունում: Սակայն բժշկի պարտքն է՝ ամենօրյա աշխատանքի ընթացքում հիշեցնել, հորդորել, պահանջել, որպեսզի նշանակված դեղերն ընդունեն:

Չընդունել՝ նշանակում է արհեստականորեն կրճատել մարդու կյանքի տևողությունը: Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կոմպոնենտին, ապա պետք է ասեմ, որ մեծ մասամբ սիրտ-անոթային դեղերը մատչելի անալոգներ ունենում են: Մեկ-երկու պրեպարատ կա, որ իսկապես դժվար է փոխարինել, սակայն ավելի լավ է օգտագործել մատչելի պրեպարատ, քան ընդհանրապես չօգտագործել, եթե ընտրության առջև ենք կանգնել:

Հաճա՞խ են հանդիպում բարդացած դեպքեր՝ հենց դեղեր չօգտագործելու պատճառով:

– Անխոս: Ցավոք, մենք նման դեպքեր տեսնում ենք: Մի դեպք պատմեմ. պացիենտը, որն իմպլանտացված սարք ուներ, և իրեն նշանակված էր դեղորայք, ավելի շատ անփութության, քան ֆինանսական պատճառով ինքնուրույն հանել էր դեղորայքը, իր ասելով՝ հոգնել էր, և ռիթմն արագացել էր այնքան, որ վտանգավոր առիթմիա էր առաջացել, ու դրա պատճառով սարքը միջամտել և էլեկտրաշոկ էր արել ներսից, որից հետո այդ վիճակով ընդունվել էր հիվանդանոց:

Պացիենտին պետք է բացատրվի, որ դեղորայքը շատ կարևոր է, բուժման առանձին մասն է։ Եվ, եթե կատարել եք վիրահատություն կամ ունեք իմպլանտացված սարք, սա չի նշանակում, որ պետք է դեղերն անտեսել և չընդունել:

Երևի խնամակալների հետ էլ պետք է խոսել:

Միանշանակ: Հատկապես հայ տղամարդկանց դեպքում, որպես կանոն, իրենց կանայք են այս հարցով զբաղվում, և փորձը ցույց է տալիս, որ ավելի ուշադիր կին ունեցող տղամարդկանց առողջությունն ավելի լավ մակարդակի վրա է լինում:

Մանկական սրտաբանության դեպքում ի՞նչ է կատարվում: Հիվանդության աճ կա՞, թե՞ հիմնականում ժառանգական բնույթ է կրում:

– Հիվանդությունների աճ կա, բայց խնդիրը ոչ թե այն է, որ հիվանդներն են շատ ծնվում, այլ խնդիրն այն է, որ նախկինում այդ հիվանդներն ուղղակի չէին ապրում: Ծնվելուց հետո շատ արագ հիվանդության պատճառով մահանում էին, իսկ այսօր մեր երկրում ունենք ամբողջական ծառայություն, որը վիրահատում, շտկում է բնածին հիվանդությունները, արատները, և գնալով շատանում են մարդիկ, ովքեր ունեն շտկված արատ: Շատանում է նաև իրենցով զբաղվող մասնագետների կարիքը, որոնք կոչվում են բնածին արատներով մեծահասակների սրտաբաններ:

Վերջում կխնդրեի Ձեր խորհուրդը՝ թե՛ սիրտ-անոթային հիվանդություն ունեցողներին, թե՛ նրանց, ովքեր կարող են զգուշանալ, խուսափել հիվանդությունից:

– Առաջին և ամենակարևոր շեշտն ուզում եմ դնել առողջ ապրելակերպի վրա: Հավատացե՛ք, սա կարևոր է: Առողջ ապրելակերպ վարելով՝ մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել հիվանդանալու հավանականությունը: Սա վերաբերում է ճիշտ սնունդ ընդունելուն, ծխելուց և այլ վնասակար սովորություններից հեռու մնալուն, ֆիզիկական ակտիվությանը և սպորտով զբաղվելուն: Այս ամենին պետք է հետևել, ցանկացած գանգատի դեպքում խորհրդակցել բժշկի հետ, չնայած բարդ իրավիճակին՝ փորձել պահպանել բարձր տրամադրություն և տոկունություն, շփվել հարազատ, հաճելի մարդկանց հետ, որը կիջեցնի մեր ամենօրյա սթրեսի մակարդակը և դրական էմոցիաներ կպարգևի:

Տեսանյութեր

Լրահոս