«Այն մարդիկ, ովքեր «խաղաղության պայմանագիրը» փորձում են ներկայացնել՝ որպես ադրբեջանական ագրեսիայի զսպող գործիք, մի բան հաշվի չեն առնում»․ Լևոն Գևորգյան
«Այն զիջումները, որոնք ակնկալվում են այդ հոդվածի մեջ, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, դրանք պաշտպանվող արժեքներ են ՀՀ Սահմանադրությամբ, և ես չեմ տեսնում իրավական հնարավորություն այդ ամենը զիջելու՝ առանց համապատասխան իրավական հետևանքների: Միգուցե, եթե ՀՀ-ն հրաժարվի իրավասուբյեկտությունից, այդ պարագայում նման փաստաթղթի ստորագրումը հնարավոր դառնա»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով հնարավոր «խաղաղության պայմանագրով» կատարվելիք տարածքային զիջումներին:
Ըստ նրա՝ եթե գործող սահմանադրական ռեժիմը տապալվում է, այդ պարագայում միայն նման փաստաթուղթ կարող է ստորագրվել առանց իրավական հետևանքների, սակայն, եթե մենք ունենք շարունակական պետական իրավական համակարգ՝ իր Սահմանադրությամբ, Սահմանադրությունից բխող քրեական օրենսդրությամբ, համապատասխան հանցակազմերով, որոնք վերաբերում են, այդ թվում՝ նաև պետական շահերի պաշտպանությանը, նման զիջումները գործող իրավական համակարգի պայմաններով հնարավոր չի լինելու իրականություն դարձնել:
«ՀՀ-ն առնվազն իր դիրքորոշումների արտահայտման մեջ կտրուկ փոփոխություն անի, ռազմավարության մեջ փոփոխություն իրականացնի: Դա կիրականացնի բանակցողի փոփոխմամբ թե բանակցողի մեթոդաբանության փոփոխման տեսքով, գնահատական չտամ: ՀՀ-ն նախ իրավական տեսանկյունից է պարտավոր փոփոխություններ կատարել իր դիրքորոշման հետ, որովհետև, կրկնում եմ, հայտարարությունների մեծ մասը հակասություններ ունեն մեր Սահմանադրության հետ՝ նաև սահմանադրական կարգի լույսի ներքո: Այն, որ ՀՀ-ն հստակ պետք է փոխի իր մոտեցումները և զիջողականության մոտեցումից անցում կատարի կոնկրետ իրավական պահանջների ու դիրքորոշումների հստակ ներկայացման մոդելին, փաստ է: Թե ինչ է պետք անել դրան հասնելու համար, արդեն գնահատականից զերծ մնամ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Անդրադառնալով բանակցողի փոփոխության վերաբերյալ հարցին, Լևոն Գևորգյանն ասաց՝ կարծում է, որ փաստաբանը, ով ձախողել է վստահորդի շահերի ներկայացումը սեփական թերացման պատճառով, պարտավոր է դա բացահայտել և զիջել այլ փաստաբանի, այլ ոչ թե ասել՝ գիտե՞ք, չկարողացա, որովհետև…
«Իսկ «խաղաղության պայմանագիրն» իրենից ի՞նչ է ներկայացնում: Մենք ունենք հրապարակված սկզբունքների փաթեթ, որոնք կարծեք թե Ադրբեջանն է ներկայացնում, ինչ-որ սկզբունքների փաթեթ, որը ներկայացրեց հատուկ գործերով դեսպանը (Էդմոն Մարուքյան.- Ս.Ս.), բայց մի բան է՝ հրապարակել ամորֆ սկզբունքներ, բոլորովին այլ բան է՝ հասկանալ՝ ինչ տեքստ է բանակցվում:
Կրկին, եթե բանակցվում է մի տեքստ, որը հակասում է այսօրվա միջազգային իրավունքի տրամաբանությանը և ավելի շատ 19-րդ դարի՝ ուժի գործադրման ազատության մոդելի լույսի ներքո ստորագրվող փաստաթուղթ է, դա փաստաթուղթ է, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, անկախության հռչակագրին, ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը: Որովհետև եթե մենք գործ ունենք իրականում հայատյաց տրամադրություններով գործող ռասիստական ռեժիմի հետ, բնականաբար, զիջումներն անխուսափելիորեն առաջացնելու են ՀՀ պարտականություն ֆիզիկական անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան զիջումների պատճառով իրականում առերեսվելու են ադրբեջանական վտանգի հետ»,- ասաց Լևոն Գևորգյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի պնդմամբ՝ այն, որ ՀՀ-ի կողմից իրականացված զիջումները հանգեցնում են մարդկանց իրավունքների ոտնահարման, վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ է, և բոլոր այն վայրերում, որտեղ պայմանական GPS-ներով և Google maps-երով իրականացվել են դե ֆակտո սահմանագծման գործընթացներ, մարդիկ տեղահանվել են, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, ինչն աբսուրդային իրավիճակ է, որովհետև նման պրակտիկա քաղաքակիրթ աշխարհում, երբ դելիմիտացիայի արդյունքում սահմանից այն կողմ հայտնվածը ստիպված է լինում իրերը հավաքել և գալ այս կողմ, չտեսնված երևույթ է:
«Դա ևս մեկ ապացույց է առ այն, որ մենք գործ ունենք ռասիստական ռեժիմի հետ, և, բնականաբար, բոլոր հայկական զիջումները, որոնք հանգեցնում են նաև մարդկանց տեղահանման, առաջացացնում են նաև մարդու իրավունքների տեսանկյունից Հայաստանի պարտավորությունը բնակչության նկատմամբ»,- ասաց Լևոն Գևորգյանը:
Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի հետ կնքվելիք «խաղաղության պայմանագրի» տեքստը հանգեցնի լրացուցիչ զիջումների, ապա չի կարելի քաղաքական գործընթացի միջոցով արդարացնել սեփական իրավական պարտավորությունները չկատարելը պետության քաղաքացիների նկատմամբ:
«Արդյո՞ք Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դադարեցրեց ռազմական գործողությունները… Ոչ… Դրանից հետո եղան պայմանավորվածություններ Սյունիքի արևելյան շրջաններից հայկական զորքերը հանելու վերաբերյալ: Արդյո՞ք այն դադարեցրեց հետագա նկրտումները… Ոչ… Դրանից հետո սկսվեցին բանակցային գործընթացները: Հայաստանը հայտարարություն արեց, որ համաձայն է խորհրդային սահմանների հետ… Արդյո՞ք դա դադարեցրեց ադրբեջանական զորքի ներխուժումը Սյունիք, Գեղարքունիք և այլ շրջաններ… Ոչ…»,- նկատեց միջազգային իրավունքի մասնագետը:
Լևոն Գևորգյանը նշեց՝ բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այն երաշխիքը, որ այս նոր փաստաթուղթն ունակ է զսպել Ադրբեջանի հետագա նկրտումները:
«Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր անընդհատ «խաղաղության պայմանագիրը» փորձում են ներկայացնել՝ որպես հետագա ադրբեջանական ագրեսիայի զսպող գործիք, մի բան հաշվի չեն առնում: Խաղաղության պայմանագրերը, որոնք կնքվել են 1-ին համաշխարհային պատերազմից հետո, և այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, ստորագրվել են բոլորովին այլ մշակութային, կրոնական բոլորովին այլ միջավայրում»,- ասաց նա:
Լևոն Գևորգյանը վկայակոչեց Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակը, երբ տարիներ շարունակ այս երկու պետությունները պատերազմում էին Էլզասի և Լոթարինգիայի համար, և մեկ մի պետությունն էր նվաճում տարածքը, մեկ մյուսը, տարածքներ նվաճելուց հետո նրանք չէին բռնում և բնակչությանը ողջ-ողջ կոտորում և ոչ էլ մշակութային ժառանգությունն էին ոչնչացնում, ապա ներկայացնում՝ որպես սեփական մշակութային ժառանգություն:
«Ինչո՞ւ… Շատ պարզ պատճառով, որովհետև եվրոպական երկրները կիսում են ընդհանուր մշակութային, լեզվական ժառանգությունը: Մեծամասնությունը քրիստոնյա ազգեր են: Մենք նման իրավիճակի հետ գործ չունենք: Մենք իրականում գործ ունենք մի պետության հետ, որն արդեն 30 տարի սեփական բնակչությանը մեծացրել է հայատյացության դաստիարակության գործիքի միջոցով և այդ գործիքի միջոցով լեգիտիմացրել է սեփական իշխանության անփոխարինելիությունը, որովհետև այդ իշխանության անփոխարինելիության համար պետք է արտաքին թշնամի, որը մենք ենք: Քանի դեռ այդ պետությունը շարունակում է մնալ համապատասխան վարչակազմի վերահսկողության ներքո, ատելությունը հայերի նկատմամբ, Հայաստանի կողմից պարտությունները լինելու են այն գործիքը, որով այդ իշխանությունների շարունակականությունն անընդհատ ապահովվելու է»,- ասաց Լևոն Գևորգյանը:
Վերջինիս համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր բերում են Ճապոնիայի ու եվրոպական երկրների կողմից խաղաղության պայմանագրեր կնքելու օրինակն ու դա նորմալ համարում, թերանում են իրավիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատման հարցում:
«Չմոռանանք՝ նույն թեզերն առաջ բերող անհատներից մի քանի տարի առաջ նաև զարմանք հնչեց, թե ինչու ադրբեջանցիները չեն դադարեցնում խոշտանգել գերիներին, և զարմանք առ այն, որ կարծեք թե հաղթող կողմը չպետք է իրեն այդպես պահեր: Իսկ պատճառները շատ պարզ են: Դրանք այն մշակութային, կրոնական և Ադրբեջանի ներքին քաղաքականության խնդիրներն են, և այն տարբերությունները, որ մենք ունենք, որոնք պարզապես եվրոպական խաղաղության պայմանագրերի մոդելը անհնար են դարձնելու մեր իրավիճակում: Ուստի, եթե հարցն այն է, թե կարողանալո՞ւ է «խաղաղության պայմանագիրը» զսպել ադրբեջանական նկրտումները, ո՛չ…»,- եզրափակեց Լևոն Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում