
«Այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա». ՊՆ խոսնակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն: Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»,- գրել էր պատգամավորը։
168.am–ի հետ զրույցում Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը նախ ասաց, որ այս պահին չի կարող խոսել, զբաղված է, այնուհետև ավելացրեց.
«Կրակոցներ չկան, առայժմ այստեղ կրակոցներ չկան»։
168.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն տեղի չի ունեցել։
«Այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- նշեց Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նշենք նաև, որ թշնամին շարունակում է պարբերաբար կրակել հայկական դիրքերի վրա, երեկ էլ, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:40-20:00-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ուներ։