«Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելում են լրագրողներին ԱԺ օթյակից նկարել նրան». Թովմասյանը՝ ՄԻՊ-ին

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ Անահիտ Մանասյանը ներկայացրեց 2024 թվականի տարեկան զեկույցը, որից հետո պատգամավորները նրան ոլորտի ու զեկույցի վերաբերյալ հարցեր ուղղեցին։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Անահիտ Մանասյանին հարց ուղղեց քաղաքական ակտիվիստ Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպի և այլ միջադեպերի վերաբերյալ։

«Նախկինում, երբ մենք ծանոթանում էինք ՄԻՊ տարեկան զեկույցին, այնտեղ լինում էին կոնկրետ դեպքերի արձանագրումներ, և այդ դեպքերի հիման վրա կար եզրակացություն, որ դատապարտելի է, անընդունելի է և այլն։ Բայց ձեր զեկույցում ընդհանուր պատկերացումներն էին։

Ուզում եմ հետաքրքրվել 2-3 դեպքերի հետ կապված և ակնկալել ձեր տեսակետը։

Կարդացեք նաև

2022 թվականի ապրիլին Ալավերդիում տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ Սափեր Սաքայան անուն-ազգանունով քաղաքացուն պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են և նրանից պահանջել են անձնական զննության համար իջեցնել տաբատը։ Բնականաբար, քաղաքացին հրաժավել է դա փողոցում անել՝ սա զավեշտալի դեպք է, կուզեմ՝ դուք դեպքին գնահատական տաք։

Նախորդ տարի ապրիլին Սամվել Վարդանյանը, երբ վիրավորել էր ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Երբ նրան Քննչականից տանում էին ձերբակալվածների պահման վայր, մահակներով զինված բանդան հարձակվել էր նրա վրա, խոշտանգել էր, նսեմացրել արժանապատվությունը, թքել նրա երեսին, դեպքը բացահայտված չէ»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Արձագանքելով՝ Անահիտ Մանասյանն ասաց, որ նման միջադեպերի ժամանակ երբեմն անձանց անունները չեն հիշատակում զեկույցում, պատճառը ներկայացվող միջազգային պահանջներն են, որոնք ներկայացվում են նմանօրինակ մարմիններին, ինչպես, օրինակ, ՄԻՊ ինստիտուտն է։

Նա վստահեցրեց, որ զեկույցում կգտնեն ոչ միայն Սամվել Վարդանյանի գործը, որը հանրային հնչեղություն է ստացել, այլ նաև ուրիշ գործեր, որոնք այդքան էլ հնչեղություն չեն ստացել, կապված են սովորական քաղաքացիների հետ, որոնք հանրային գործունեություն չեն ծավալում։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ-ին նաև հիշեցրեց, թե ինչպես են ԱԺ-ում անվտանգության աշխատակիցները խոչընդոտում լրագրողների աշխատանքը։

«Լրագրողներին ԱԺ օթյակից բռնի ուժով հեռացնելու նախադեպը կրկնվել է, երբ լրագրողներն ԱԺ պատգամավորի պաստառն էին փորձել պահել, որպեսզի ներքևում Կառավարության ղեկավարը տեսներ՝ լրագրողներին ուղղակի բռնությամբ հեռացրել են։ Նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելում են վերևից նկարել Նիկոլ Փաշինյանին՝ համարելով անվտանգային խնդիր, այն դեպքում, երբ օթյակը փակված է ապակիներով»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս