Ի՞նչ են իրենցից ներկայացնում «Խաղաղության պայմանագրի» Մոսկովյան և Բրյուսելյան տարբերակները. TOGARMA
Օրեր առաջ TOGARMA տելեգրամյան ալիքը մանրամասներ է հրապարակել Բաքվի ու Երևանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից:
Ալիքը նշում է, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր, կա խաղաղ պայմանագրի 2 տարբերակ:
Մոսկվայի տարբերակ
Այս տարբերակում պայմանագիրն ունի «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝
- 2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
- Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
- Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
- Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:
Բրյուսելի պլանը
Բրյուսելյան պլանում, ըստ տելեգրամյան ալիքի, գրեթե նույն իրավիճակն է, ինչ Խովաևի պլանի դեպքում:
Այս պլանի գլխավոր կետերն են՝
- Երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների բացում: Բոլոր բացվող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ:
- Երկու հանրապետությունների միջև սահմանագծման և սահմանազատման իրականացում, ի՞նչ հիմքով, հայտնի չէ:
- Միմյանց տարածքային ամբողջականության ընդունում և տարածքային հավակնությունների բացառում:
- Արցախի հարցն այս տարբերակում առհասարակ ընդգրկված չէ:
Կայքը հավելում է՝ կարևոր է նշել այն, որ խաղաղ պայմանագրի երկու տարբերակներն էլ ձեռք չեն տալիս ոչ Բաքվին, ոչ Երևանին:
1. Ալիևն Արցախի հարցը փակ է համարում, ավելին, նա համարում է, որ հաշվի առնելով իր 2020թ. ռազմական հաղթանակները, Երևանը պետք է կատարի Բաքվի բացարձակապես բոլոր պահանջները, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի տրամադրումը: Նրա համար ձեռնտու չէ Մոսկվայի տարբերակը, քանի որ այդ տարբերակն Արցախի հարցը չի փակում, այլ նրան տալիս է կյանքի իրավունք:
Ալիևին ձեռք չի տալիս նաև Բրյուսելի տարբերակը, քանի որ այն չի ենթադրում որևէ տրանսպորտային տրամաբանություն: Կարճ ասած՝ Ալիևն ալֆա ռեժիմով ցանկանում է բավարարել իր բոլոր ցանկությունները և անգամ առանցքային հարցերում չի ցանկանում որևէ զիջման գնալ այլևս:
2. Փաշինյանը պատրաստ չէ Մոսկվայի տարբերակին, քանի որ այն ենթադրում է տրանսպորտային տրամաբանություն: Այդ միջանցքը Լաչինի միջանցքի համարժեքը չէ, բայց տրամաբանությունը մոտ է դրան: Դրանք միայն կոմունիկացիաներ չեն:
Եվրոպական տարբերակում Փաշինյանը Եվրոպայից երաշխիքներ չի տեսնում առ այն, որ Բաքվի պահանջների բավարարման դեպքում նա ապագայում չի փորձելու հարցերն իր օգտին լուծել ուժային ճանապարհով:
Ի հավելումն դրան՝ Փաշինյանը պնդում է 1991թ. քարտեզներով սահմանների ճանաչման և տարածքային ամբողջականության հարցը, առանց այլընտրանքային այլ քարտեզների փնտրտուքի, քանի որ Բաքուն անընդհատ առաջ է բերում ադրբեջանցի «գիտնականների» կողմից նկարված քարտեզներ ու նոր տարածքային պահանջներ է ներկայացնում:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը