«Մեր մասնակցությամբ որոնողական որևէ աշխատանք այս օրերին տեղի չի ունեցել՝ խնդիրը շարունակաբար պահում ենք մեր ուշադրության կենտրոնում». Զառա Ամատունի
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո ու դրա հետևանքով անհետացած կամ թշնամու գրաված դիրքային հատվածներում մնացած հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց նաև.
«Մեր մասնակցությամբ որոնողական որևէ աշխատանք այս օրերին տեղի չի ունեցել, թեև խնդիրը մենք շարունակաբար պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և ցանկացած հնարավորության դեպքում պատրաստ ենք այդ աշխատանքներում ընդգրկվելու։ Այդ հարցը երկու կողմերի հետ քննարկման մեջ է»,- նշեց Զառա Ամատունին։
Ինչ վերաբերում է հարցին, թե ադրբեջանցիների կողմից գնդակահարված հայ ռազմագերիներին Կարմիր խաչի կոմիտեն այցելե՞լ էր Բաքու, թե՞ այդ զինծառայողների մասին Ադրբեջանը չէր բարձրաձայնում, Զառա Ամատունին պատասխանեց, որ բովանդակային որևէ բան չի կարող ասել։
«Բնականաբար, մենք տեղյակ ենք, որ նման տեսանյութ է շրջանառվում համացանցում, բայց ինչ վերաբերում է դրա հետ կապված քայլերին և այլնին, ապա դրանք կոնֆիդենցիալ է մեզ մոտ և կողմերի հետ քննարկվում է։ Իսկ թե ո՞վ և ինչպե՞ս, այս հարցում արդեն որևէ բան չեմ կարող ասել»,- հավելեց Զառա Ամատունին։
Անդրադառնալով հարցին, որ բազմիցս հայտարարություններ են հնչել, այդ թվում՝ կամավորների կողմից, որ Վերին Շորժայի հատվածում՝ ձորում, զինծառայողների դիեր կան, չի բացառվում, որ ողջ զինծառայողներ էլ լինեն, սակայն թշնամին թույլ չի տալիս ձոր մտնել, Կարմիր խաչը տեղյա՞կ է այդ խնդրին և ի՞նչ է պատրաստվում անել, Զառա Ամատունին պատասխանեց.
«Այն որոնողական աշխատանքները, որոնց մասին հիշատակեցիք, վերաբերում են հենց այդ քննարկումներին, որովհետև բնականաբար, մեր մարդասիրական գործունեությունը հնարավոր է իրականացնել, և մենք տեղեկություններ ենք ստանում և ընտանիքներից, և իշխանություններից։ Սակայն այդ ամենի հետ միասին, պետք է լինեն որոշակի պարզաբանված հարցեր՝ կապված երաշխիքների հետ, ցանկացած գործողության համար՝ անվտանգության հետ և այլն։ Այսինքն՝ որոշում կայացնողը մենք չենք, այլ կողմերը, և նրանց փոխհամաձայնությամբ դա կարող է միայն տեղի ունենալ։ Մենք որպես միջնորդ՝ պատրաստակամություն հայտնել ենք, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում պահում ենք, սակայն առանց փոխհամաձայնեցման և որոշակի պայմանների, հնարավոր չէ հասնել արդյունքի, սա կողմերի ձեռքերում է»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվել էին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները դաժանաբար գնդակահարում են հայ զինծառայողներին։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։