«Փաշինյանը զինվորասպան է, նա պետք է անկի, որ հայրենիքը շանս ունենա զարգանալու». Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր պետականությունն աննախադեպ փակուղային իրավիճակում է, ինչը, որքան էլ ասենք, թե հետևանք է նաև մեր հավաքական արատների, բայց փաստ է՝ սրա ամենամեծ պատճառն այս իշխանությունն է և նրա վարած քաղաքականությունը։

Քանի որ այս աղետալի վիճակի հիմնական պատասխանատուն այս իշխանությունն է, ուստի շատ դժվար է հիմա նրանց գոյության ներքո ելքեր գտնել, դժվար է, քանի կա հայոց պատմագրության վրա մեկ անձնավորված խցան. այդ խցանը մեր ինքնիշխանության կորստի և հազարավոր երիտասարդների սպանության պատասխանատուն՝ գործող ՀՀ վարչապետն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մեր պետականությանը սպառնացող կործանարար վտանգների մասին, այսպես գնահատեց ներկա իրավիճակն ու իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանի հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով.

«Այս աղետը Փաշինյանի հանցանքի տիրույթում է, և այս վիճակից ելքերն անհնար է՝ Փաշինյանի մասնակցությամբ»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելք դիտարկող Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստաեթերում հղած՝ Փաշինյանի շուրջ համախմբվելու ուղերձին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց՝ Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ ինքը տեղեկացված չէ, և, հետևաբար, հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է լինել չտեղեկացված և նման դարակազմիկ հայտարարություն անել։

«Ինչ վերաբերում է համախմբմանը, ապա հիմա քաղաքական ուժերը, եթե չեն ուզում հայոց պատմության մեջ որպես հայրենիք հանձնող հռչակվեն, պետք է համախմբվեն անգամ իրենց հակառակորդների հետ ու հաղթահարեն նախկին-ներկա անջրպետը. քաղաքական հակառակորդների, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի։

Պետք է հասկանալ, որ այն մարդը, որը դարձել է զինվորասպան, պետք է հեռացվի քաղաքական ասպարեզից, իսկ հայ մարդը դա պետք է անի, քանի թշնամին չի հասել Ջերմուկ կամ Տավուշ, իսկ թշնամին դա անելու է, որովհետև դա է սահմանել իր համար՝ որպես նպատակ»։

Ըստ Հովհաննիսյանի՝ սին են հույսերը, թե թշնամու նկրտումները կարող է կանխել խաղաղության պայմանագիրը, ուստի Փաշինյանին չհեռացնելու այլընտրանքը լինելու է այն, որ շատ շուտով թշնամին գալու է մեր հայրենիք ու ինքը որոշի, թե որն է մեզ համար մեր հայրենիքի սահմանը։

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարի համոզմամբ՝ Հայաստանի և Արցախի առաջին նախագահները ստեղծված իրավիճակում միայն մեկ օրակարգով կարող են նստել Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ։

«Միակ օրակարգը պետք է լինի Փաշինյանի հրաժարականի օրակարգը, ինչից հետո կարող է Հայաստանը փրկվել»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ այդ հրաժարականից հետո պետք է ձևավորել ազգային վստահության կառավարություն՝ դրա կազմում ներառելով տարբեր տեսակետներ և քաղաքական մշակույթ կրողների, որոնք կլինեն հայաստանակենտրոն ու պրոֆեսիոնալ»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև պնդեց՝ հայրենիքը հանձնելու այս ինքնահոս ընթացքը րոպե առաջ պետք է կանգնեցնել, որովհետև քանի չի կանգնել, զինվորներ են զոհվում. զոհվում են միայն նրա համար, որ մենք ունենք ոչ կոմպետենտ իշխանություն։

«Այս ղեկավարությունը բանավոր և գրավոր խոստումներով բաժին առ բաժին տվել ու շարունակում է տալ թշնամուն մեր հայրենիքը, և դրա համար է, որ մեր զոհերը իրենց համար որպես ֆոն են ապահովում. ինքն ուզեց մնալ, ինքն ավելի կարևոր համարեց իրեն, ոչ թե հայրենիքը, և հենց դրանով հասավ նրան, որ ինքը հիմա գիտակցելով է դա անում, ուստի ինչ լինում է սահմանին, դա Փաշինյանի և Ալիևի գիտակից քայլերի արդյունքն է։ Այսօրվա զոհերը Նիկոլ Փաշինյանի զոհերն են. նա զինվորասպան է. գիտակցված իրեն գերադասել է հայրենիքից, հետևապես, Փաշինյանը պետք է անկի, որ հայրենիքը շանս ունենա զարգանալու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս