Չենք վրիպել, Երանուհի Թումանյանցն է քարտուղարուհու աշխատանքը համարում իրավաբանի մասնագիտական աշխատանք. փոխնախարարի մանիպուլյացիայի փորձը

Երբ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է գործուղվում նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, իրավաբանական հանրույթի մոտ դա ժպիտ հարուցեց, քանի որ քչերն էին ճանաչում Երանուհի Թումանյանց անունով «հեղինակավոր իրավաբան-գիտնականի»:

168.am որոշեց ուսումնասիրել Երանուհի Թումանյանցի՝ հատկապես աշխատանքային կենսագրությունը և հասկանալ՝ որքանո՞վ է վերջինս համապատասխանում օրենքի պահանջին:

«Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»,- օրենքի պահանջն է:

Ուսումնասիրության արդյունքում նկատեցինք, որ Երանուհի Թումանյանցի աշխատանքային ստաժը չի բավականացնում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դառնալու համար:

Կարդացեք նաև

Տվյալները վերցրել էինք Արդարադատության կայքում հրապարակված նրա պաշտոնական կենսագրությունից, և թեպետ նկատել էինք, որ կենսագրության մեջ 2006-2016թթ. նշված են որպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում աշխատելու տարիներ, մտածեցինք՝ միգուցե Երանուհի Թումանյանցն իր ուսանողական պրակտիկայի տարիներն է անցկացրել ՄԻՊ-ում: Այդ իսկ պատճառով աշխատանքային կենսագրության սկիզբ համարեցինք 2008թ.-ը ինչ-որ «Մանց» կոոպերատիվ բուհ-ում նրա դասախոսական գործունեությունը: Այդ բուհ-ը, ի դեպ, այժմ չի գործում:

Շեշտենք՝ 2006թ. Երանուհի Թումանյանցը եղել է ուսանող:

2006թ. ուսանող Երանուհի Թումանյանցը չէր կարող լինել դիպլոմավորված մասնագետ, այսինքն՝ պարզ ասած՝ եթե մարդը դիպլոմ չունի, նա չի կարող մասնագետ համարվել, և եթե 2006թ. տիկին փոխնախարարը ինչ-որ հաստիքով աշխատել էլ է ՄԻՊ-ում, այն որևէ կերպ չի կարող համարվել մասնագիտական աշխատանք:

Բայց դրա մասին՝ քիչ ուշ:

Երեկ oragir.news-ի՝ մասնագիտական աշխատանքի ստաժի ոչ բավարար լինելու վերաբերյալ հարցին Երանուհի Թումանյանցը պատասխանել է.

«Շնորհակալություն հարցի համար: Նախ` ցանկանում եմ նշել, որ գովելի է լրատվամիջոցների՝ այդչափ մանրակրկիտ աշխատանքի կատարումը, սակայն, այս դեպքում կարծում եմ՝ վրիպել են: Ցանկանում եմ ընդգծել, որ իմ աշխատանքային գործունեության մեկնարկը եղել է 2006 թվականից, ինչի մասին նշված է նաև արդարադատության նախարարության կայքէջում»:

Հատուկ Երանուհի Թումանյանցի համար, ով կամ չի տարբերում աշխատանքային գործունեությունը մասնագիտական աշխատանքից, կամ իր կարծիքով՝ հաջողությամբ մանիպուլացնում է այն, նշենք, որ իրականում այդ երկու հասկացությունները խիստ տարբեր են միմյանցից:

Ամենայն հարգանքով վերաբերվելով տարբեր մասնագիտություններին ու աշխատանքներին՝ պետք է հատուկ տիկին փոխնախարարի համար պարզաբանենք, որ իրենից պահանջվում է մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառություն, տվյալ դեպքում՝ իրավաբանի մասնագիտության մասին է խոսքը, թե չէ՝ ՄԻՊ-ում մաքրուհիներ ու այլ տեխանձնակազմ էլ է աշխատում, ինչը չի նշանակում, որ նրանք մասնագիտական աշխատանք են կատարում:

2006թ. աշխատանքի մասին:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ իսկապես ամենաերկարը Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում՝ 2006-2016թթ., գրել էինք, որ կենսագրւթյան այդ հատվածից դուրս է մնացել այդ ժամանակվա ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհին լինելու շրջանը:

Բազմաթիվ գործառույթների ու պաշտոնների մեջ, ինչպես տեսնում ենք, Երանուհի Թումանյանցի կյանքի այդ շրջանը բացակայում է:

168.am-ի տեղեկություններով՝ 2006թ. ուսանող Երանուհի Թումանյանցը ՄԻՊ է ընդունվել հենց որպես Վահե Ստեփանյանի քարտուղարուհի՝ անկախ դրա փաստաթղթային ձևակերպումից, ինչը, սակայն, չի նշանակում, որ Երանուհի Թումանյանցը կարող էր տեսականորեն անգամ համարվել մասնագիտական աշխատանք կատարող:

Այնպես որ, պնդում ենք՝ ԲԴԽ իրավաբան անդամի ՔՊ խմբակցության թեկնածու Երանուհի Թումանյանցի մասնագիտական աշխատանքի ստաժը չի բավարարում ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի թեկնածուին առաջադրվող օրենսդրական պահանջներին:

Տեսանյութեր

Լրահոս