Երբ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է գործուղվում նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, իրավաբանական հանրույթի մոտ դա ժպիտ հարուցեց, քանի որ քչերն էին ճանաչում Երանուհի Թումանյանց անունով «հեղինակավոր իրավաբան-գիտնականի»:
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ շուտով Արդարադատության նախարարությունից Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կգործուղվի Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց նախարար-փոխնախարար զույգը: Մասնավորապես հիշեցրել էինք օրենսդրության պահանջը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:
Դեռևս սեպտեմբերի 12-ին 168.am-ը գրել էր, որ առաջիկայում Կարեն Անդրեասյանը կազատվի արդարադատության նախարարի պաշտոնից ու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Նիկոլ Փաշինյանի կողմից «կնշանակվի» ԲԴԽ նախագահ՝ Փաշինյանի համար դառնալով նոր Ջհանգիրյան՝ հընթացս նաև հագուրդ տալով իր վաղեմի հոգեբանական տրավմաների ամոքմանը դատավորների մասով: