«Նայելով նկարիդ…», կամ Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց զույգը՝ ընդդեմ ԲԴԽ-ի և դատավորների

Դեռևս սեպտեմբերի 12-ին 168.amգրել էր, որ առաջիկայում Կարեն Անդրեասյանը կազատվի արդարադատության նախարարի պաշտոնից ու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Նիկոլ Փաշինյանի կողմից «կնշանակվի» ԲԴԽ նախագահ՝ Փաշինյանի համար դառնալով նոր Ջհանգիրյան՝ հընթացս նաև հագուրդ տալով իր վաղեմի հոգեբանական տրավմաների ամոքմանը դատավորների մասով:

Հիշեցնենք, որ հենց դատավորների վերաբերյալ Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցը առիթ ու պատճառ դարձավ, որպեսզի վերջինս հրաժեշտ տա Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնին:

Երեկ երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:

Հավանաբար ԱԺ հենց առաջիկա քառօրյային էլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ը, ՔՊ-ն վերջիններիս կգործուղի ԲԴԽ:

Կարդացեք նաև

Մինչ թեկնածուներին անդրադառնալը՝ նշենք, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի մեկամյա անփառունակ պաշտոնավարումից ու սկանդալային հեռացումից հետո: Դատական համակարգը սկսել է փոքրիշատե շնչել, քանի որ չկա այն Ջհանգիրյանը, ով կարող էր բարձրագույն ղեկավարության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները կոնկրետ քրեական գործերով փոխանցել կոնկրետ դատավորների:

ԲԴԽ նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար, դատավոր Սերգեյ Չիչոյանը հակված չէր փոխարինել Գագիկ Ջհանգիրյանին դրա բովանդակային իմաստով, և զուտ կատարում է իր գործառույթները ու դրա պատասխանը երբեմն ստանում՝ մասնավորապես եղբորորդու՝ դատավոր նշանակելու հրամանագիրը ՀՀ նախագահի կողմից չստորագրելու տեսքով:

Կարեն Անդրեասյանի գալուստը ԲԴԽ հենց նոր Ջհանգիրյանի փնտրտուքի բարեհաջող ավարտով է պայմանավորված:

Բավականին զավեշտալի իրավիճակ է ստեղծվում:

Կարեն Անդրեասյանը, երբ դեռ նոր էր նշանակվել արդարադատության նախարար, հյուսիսկորեական արդարադատության նախարարին բնորոշ հայտարարություններ էր անում, թեպետ հիմա էլ չի դադարեցրել իրենց քաղաքական թիմի առաջնորդին բնորոշ պոպուլիստական, հիմնականում՝ մերկապարանոց հայտարարությունները դատավորների հասցեին:

«Ես կասկածում եմ կամ ենթադրում եմ, որ համակարգում հիմա էլ դատավորներ կան, որոնք փորձում են քաղաքական հոտառությամբ շարժվել, և երբ նրանք տեսնում են, որ կարող է ինչ-ինչ քաղաքական ուժեր նորից «շեֆություն» լինեն, իրենք փորձում են հաճոյանալ, որ իրենց ապագա շեֆերն իրենց տիրություն անեն, որովհետև իրենց կատեգորիաները, ցավոք սրտի, տարիներ շարունակ եղել են այդպիսին: Բայց ընտրություններից հետո, օրինակ, մենք տեսանք, որ կան դատավորներ, որոնք Արմեն Չարչյանին գրավով բաց թողեցին, այսինքն՝ կան դատավորներ, որոնք շատ հանգիստ շարունակում են անել այնպես, ինչպես հարմար են գտնում, նույնիսկ, եթե իրենց պատկերացմամբ՝ դա մեր քաղաքական թիմին կարող է դուր չգալ: Ինչո՞ւ են այդպես անում, որովհետև գիտեն, որ մեր քաղաքական թիմը չի հետապնդում, չի պատժում, «պադյեզդներում» չի ծեծում, չի դադարեցնում դատավորի իրենց լիազորությունները»,- Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարում էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ապա զարգացնելով «համակարգն արատավորող» դատավորների թեման՝ Կարեն Անդրեասյանն ասել էր՝  էդ տեսակ դատավորները համակարգում 30-40-ն են 280-ից:

«Այս թիվը ես ուզում եմ հատուկ կրկնել, որովհետև 40 դատավորի պատճառով վարկաբեկում ենք մնացած 240-ին… Եվ, այո, համակարգում կան դատավորներ, որոնք առաջնորդվում են քաղաքական հոտառությամբ, քաղաքականացված են, իրենց տեսակով փչացած են: Որովհետև նույն փչացածությունն է, երբ դատավորն ինչ-որ քաղաքական կլանի համար, օրինակ, մարդասպանին կամ մարդասպանության փորձ անողին կալանք չի տալիս»,- նշել էր նա:

Նա նաև վստահություն էր հայտնել, որ իր նշանակվելուց հետո արդարադատության նախարարության՝ կարգապահական պատասխանատվության բոլոր միջնորդությունները բավարարվելու են:

«Առաջինը կարգապահական վարույթներն են, որտեղ իմ նախարարությունն ունի բավականին լուրջ դերակատարում, եթե հիմա օրենքը չփոխվի… Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ԲԴԽ-ն շատ բացասական արձագանքներ է բերել նախարարների բերած բողոքներին: Այսինքն՝ նախարարը որոշել է, որ այնտեղ խախտում կա, եկել է ԲԴԽ և այնտեղ պարտվել է: Ես նոր եմ նշանակվել նախարար:

Իմ նախորդը՝ պարոն Բադասյանը, վարույթներ է հարուցել, և, ցավոք սրտի, նախարարությունը մեկը մյուսի հետևից պարտություն է կրում:   …ԲԴԽ հիմիկվա կազմն ամբողջությամբ չեմ կարող ասել, որ լիարժեք, իդեալական իմ պատկերացրած մարդիկ են, բայց այնտեղ, իմ կարծիքով, կա որոշակի մեծամասնություն, որն ունի և մասնագիտական, և բարոյական բարձր արժեքներ:

Նաև ի պատիվ պարոն Ջհանգիրյանի՝ պիտի ասեմ, որ ինքն ունի խիզախություն՝ կանգնել և խոսել և իր վրա վերցնել որոշակի պատասխանատվություն ամբողջ դատական համակարգի համար՝ նույնիսկ որպես պաշտոնակատար:  …Հիմա ես ունեմ 200 բողոք, դրանց միջից արդեն ընտրել եմ ամենաուժեղ 10-12 գործերը, դրա վրա հիմա աշխատում են իմ լավագույն կադրերը, որ հետո ոչ մի ԲԴԽ անդամ, ոչ մի փաստաբան, էքսպերտ չասի՝ նախարարությունը թույլ բողոք է բերել: Մենք դա բերելու ենք, և ես հուսով եմ, որ մեր հաղթանակների տոկոսն աճելու է»,- ասել էր նա:

Կարեն Անդրեասյանը, իհարկե, իր նախորդից ավելի վատ ցուցանիշներ արձանագրեց այս ոլորտում. նրա միջնորդությունները մեկը մյուսի հետևից մերժվում են ԲԴԽ-ում, սակայն զավեշտն այն է, որ այս մարդը, որ իդեա ֆիքս ունի դատավորներին պատժելու, բայց հավակնում է դառնալ դատավորներին ըստ էության պաշտպանող մարմնի ղեկավար:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանի նկարն իր աշխատասենյակում կախած ու իր իսկ խոսքերով՝ նրա նկարին նայելով ազնվության ու անաչառության մասին հիշող Կարեն Անդրեասյանը հիմա էլ ԲԴԽ իր աշխատասենյակո՞ւմ է կախելու իր կուռքի նկարը… Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԲԴԽ անդամը քաղաքական կուսակցության անդամ չպետք է լինի, արդյո՞ք վերջինս հրաժարվել է ՔՊ-ի իր կուսակցական տոմսից: Մյուս կողմից, եթե Կարեն Անդրեասյանը միայն Նիկոլ Փաշինյանի նկարին նայելով է հիշում ազնվության ու անաչառության մասին, ինչպե՞ս է կատարելու ԲԴԽ-ում իր գործառույթները: Եվ արդյո՞ք կուստոմսից հրաժարվելով, ինչը հավանաբար կանի, նա հրաժարվում է կրել նաև այդ գաղափարներն ու սպասարկել իր հարազատ կուսակցության շահերը:

Հիմա Կարեն Անդրեասյանը գալիս է ԲԴԽ, բայց ոչ միայնակ, այլ իր տեղակալ Երանուհի Թումանյանցի հետ, ով հաճախ էր Կարեն Անդրեասյանին ներկայացնում ԲԴԽ-ում: Թե ինչպես էր ներկայացնում, մեկ այլ առիթով կխոսենք այդ մասին:

Երանուհի Թումանյանցը երկար ճանապարհ է անցել Կարեն Անդրեասյանի հետ, և, ըստ ամենայնի, անփոխարինելի մարդ է նրա համար, եթե վերջինս նախ Թումանյանցին տարավ Արդարադատության նախարարություն՝ որպես իր տեղակալ, հիմա էլ առանց նրա ԲԴԽ չի գնում, իսկ շատ ավելի վաղ միասին նաև ՄԻՊ-ում են աշխատել:

Նախարարության կայքում Երանուհի Թումանյանցի կենսագրության մեջ ՄԻՊ շրջանի մի հատված բաց է թողնված:

«06.2006թ․ – 04.10.2016թ․ – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  տեղակալ,  խորհրդական, Բռնությունների կանխարգելման վարչության պետ, քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության բաժնի պետ, նույն բաժնի ավագ մասնագետ, մասնագետ, Մարդու իրավունքների պաշտպանի ռեֆերենտ»,- գրված է փոխնախարարի կենսագրության մեջ:

Սակայն, չգիտես ինչու, նշված չէ, որ Երանուհի Թումանյանցը նաև 1990-1996 ՀՀ արդարադատության նախարարի, ապա հետագայում Արմեն Հարությունյանի օրոք ՄԻՊ աշխատակազմի ղեկավար աշխատած Վահե Ստեփանյանի քարտուղարուհին է եղել:

ՄԻՊ աշխատակազմում ծառայողական աստիճաններով բարձրացել, ապա մինչև Պաշտպանի տեղակալի պաշտոնին է հասել արդեն Կարեն Անդրեասյանի օրոք: Աշխատանքից ազատվել է Արման Թաթոյանի՝ ՄԻՊ ընտրվելուց հետո:

Մի ուշագրավ հանգամանք էլ նկատեցինք Երանուհի Թումանյանցի կենսագրության մեջ: Բավականին երկար ցանկ է հրապարակված տիկին փոխնախարարի աշխատավայրերի, սակայն յուրաքանչյուրում նա աշխատել է ընդամենը մի քանի ամիս: Ամենաերկարը պաշտոնավարել է ՄԻՊ-ում՝ 10 տարի:

Ավարտել է կոոպերատիվ բուհ՝ Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Հետաքրքիր է, որ Երանուհի Թումանյանցը ԲԴԽ է գնում իրավաբան-գիտնականի քվոտայով:

Օրենքն ասում է՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:

Ինչ-որ մեկը, փաստորեն, որոշել է, որ Երանուհի Թումանյանցը համապատասխանում է այդ պահանջին:

Հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, եթե արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվի Կարեն Անդրեասյանի բիզնես գործընկեր ու տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով հիմա Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ հարուցած միջնորդությունները պաշտպանում է ԲԴԽ-ում:

Ինչպես ասում են, «պասերով»… Հիմա Գրիգոր Մինասյանը միջնորդությունները կբերի կամ կուղարկի ԲԴԽ, իսկ դատավորներին պատժելու ջատագով Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց զույգն էլ կփորձի դրանք ամեն կերպ բավարարել ԲԴԽ-ում:

Կհանձնվե՞ն ԲԴԽ մյուս անդամները, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ նշենք, որ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ-ում ամեն դեպքում վարդերով չեն դիմավորելու, եթե հաշվի առնենք, որ հնարավոր կամ հավանական դաշնակից Դավիթ Խաչատուրյանն ինքն է ամեն ինչ անում ԲԴԽ նախագահի պաշտոնում նշանակվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս