«Այնպես չէ, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը 100 տոկոսով կկայանա. այս պահին բանակցություններում սակարկելու որևէ բան չունենք». Անուշ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի արտգործնախարարը կրկին դժգոհել է հայկական սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներից, որոնք իր կարծիքով՝ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Սեպտեմբերի 22-ին էլ Թուրքիայի նախագահն ԱՄՆ կատարած այցի ավարտին հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին և խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ չէր բացառել հոկտեմբերի սկզբին Պրահայում Փաշինյանի հետ հանդիպումը։
«Այս պահին քննարկում են Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը։ Եթե Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ենթադրաբար՝ այնտեղ կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ, և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»,- ասել էր Էրդողանը։
Կկայանա՞ արդյոք Փաշինյան-Էրդողան հանդիպումը, ի՞նչ սպասել նման հանդիպումից՝ հաշվի առնելով Էրդողանի և Չավուշօղլուի վերջին հայտարարությունները։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ այդ հանդիպման վերաբերյալ որևէ հստակություն չկա, այսինքն՝ այնպես չէ, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը 100 տոկոսով կկայանա։
«Եթե հանդիպումը կայանա, ապա դրանից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ, որովհետև այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որպեսզի կարողանա իր շահերն առաջ տանել և չենթարկվել այն պայմաններին, որոնք մշտապես կան։ Թեպետ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ առանց նախապայմանների է գնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, այդուամենայնիվ մենք շատ ակնհայտ տեսնում ենք, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունն իրենց ելույթներում ու խոսքերում ակնարկներ են անում, այսինքն՝ անվերապահորեն պաշտպանելով Ադրբեջանին, որն իր հերթին՝ անընդհատ պահանջներ է դնում։ Եթե Թուրքիան ամեն առումներով օժանդակում է Ադրբեջանին, ստացվում է՝ իրենք էլ են նախապայմաններով գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը։
Ըստ թուրքագետի, թեպետ Հայաստանը գնում է բանակցությունների, սակարկելու ոչինչ չունի։
«Երբ գնում են բանակցությունների, սակարկելու ինչ-որ բաներ են ունենում, մենք այս պահին բանակցություններում սակարկելու որևէ բան չունենք։ Ստացվում է, որ պետք է գնան ու ենթարկվեն այն ամենին, ինչ իրենց թելադրում են։ Այնպես որ, ես որևէ ակնկալիք չունեմ և վաղուց չունեմ։ Կարծում եմ՝ այս վիճակում Հայաստանը երկխոսելու հեռանկար չունի»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 5–ին The Guardian պարբերականը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական միության գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու հրավեր կստանա։
Ըստ պարբերականի՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա և Սերբիա:
Բացի այդ, ինչպես հայտնել էր The Guardian-ը՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա նաև Ադրբեջանը: