«Այդ մարդը զենքով գալիս է ավագանու նիստի. դա նորմա՞լ է». Թեհմինա Վարդանյան
44 կողմ, զրո դեմ, երկու ձեռնպահ ձայնով Տիգրան Ավինյանն այսօր դարձավ Երևանի փոխքաղաքապետ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս կողմ է քվեարկել Ավինյանի թեկնածությանը:
«Ո՞ւմ կողմից էր ակնկալվում, որ ես դեմ կքվեարկեմ Ավինյանի թեկնածությանը, այն ընդդիմադիրների՞, որոնք տարբեր գործիքակազմեր են օգտագործում՝ տարբեր տեղեր խցկվելու համար, հանրային այն անձանց, որոնցից շատերը ոչինչ չեն անում, բայց հիմա բողոքո՞ւմ են: Ես սա մեկնաբանելու եմ մեկ անգամ, ու շատ լավ է, որ հենց ձեր եթերից. Պարոն Ավինյանի հետ մենք աշխատել ենք «Ելք» խմբակցության շրջանակներում, և նրան ես ճանաչում եմ մինչև հեղափոխությունն ու տարբեր պաշտոններ ստանձնելը: Ես նրա մասին դրական կարծիքի եմ, և դա գիտեն բոլորը: Նա ինձ համար տարբերվում է իշխող թիմից: Երկրորդ՝ երբևէ չի եղել որևէ փոխքաղաքապետ, ում ես դեմ քվեարկած լինեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ որպես փոխքաղաքապետ՝ չի տեսել դեռևս Ավինյանի աշխատանքը:
«Ավինյանը կտապալի՞ այն, ինչ տրվում է նրան կազմակերպել, կչարաշահի՞ փոխքաղաքապետի դիրքը և այլն, ես որևէ կաշկանդվածություն չունեմ Ավինյանից պահանջելու, նրա հետ վիճելու: Ինձ համար քաղաքային իշխանությունն ու կենտրոնական իշխանությունը մշտապես եղել են տարանջատված: Երևանը պետություն է պետության մեջ: Եկե՞լ է Ավինյանը, բարով գա, կկարողանա՞ ինչ-որ բաներ անել քաղաքի համար, կբավարարի՞ քաղաքացիներին… Մի քվեարկությունից ելնելով՝ բոլորն այսօր գրում են, որ ընդդիմություն չկա: Իմ քաղաքական հայացքները չեն փոխվել, ես նույնկերպ շարունակում եմ ծայրահեղ վատ վերաբերվել կենտրոնական իշխանությանը: Բայց քաղաքի կառավարումը մի բան է, կենտրոնական իշխանությունը՝ այլ»,- ընդգծեց նա:
Հարցին՝ Ձեր գործընկեր Անի Խաչատրյանն այսօրվա ավագանու նիստին ասաց, որ ավագանու տղամարդ անդամներից մեկը՝ Արման Անտոնյանը, Անի Խաչատրյանի և Ձեր դեմ բողոք է ներկայացրել՝ իր մահափորձի մեջ կասկածելու հիմքով. Փորձել էիք մահափորձ կատարե՞լ, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց.
«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ես մահափորձ կատարեմ որևէ աննշան անձի հանդեպ: Եթե անձը գոնե նշանավոր լիներ, ես գոնե չէի վիրավորվի այդ մեղադրանքի համար: Այդ իրավիճակը շատ անլուրջ է»:
Թեհմինա Վարդանյանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին. «Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել և հուսով եմ՝ Դատախազությունը սա կընդունի՝ որպես հաղորդում. Պարոն Անտոնյանը զենքը վրան փակցրած՝ գալիս է ավագանու նիստի: Դա նորմա՞լ է: Մենք բոլորս դա նկատել ենք, ես չեմ պատրաստվում մոտենալ՝ շոշափել, ստուգել՝ դա զե՞նք է, թե՞ ինչ է, բայց Երևանի քաղաքապետարանի շենքը պետական պահպանության տակ գտնվող շենք է և հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մարդը ո՞նց է գալիս զենքով մտնում և հասնում Երևանի թիվ մեկ դահլիճ: Հորդորում եմ Դատախազությանը՝ իմ ասածը վերցնել որպես առերևույթ հաղորդում: Մենք բոլորս վստահ ենք, որ նա զենքով է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում