«Սրբապղծությունը հասել է իր գագաթնակետին. պիղծ մարդը չի կարող հարգել որևէ մեկի հիշատակը». Տիգրան Թորոսյան
31 տարի առաջ, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, մենք արտաքին ու ներքին սպառնալիքների առումով շատ ավելի վատ վիճակում էինք, քան այսօր. այն ժամանակ էլ վիճակը ծանր էր, բայց, ի տարբերություն ներկայի, այն ժամանակ կար կամք, նվիրում, չկար ստահակ իշխանություն, ուստի հենց դրանով մենք ձեռք բերեցինք հաղթանակ ու հաջողություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախկին նախագահ, Քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը, ապա ընդգծեց՝ այսօրվա և 90-ականների միջև տարբերությունը՝ դժվարությունները հաղթահարելու կամքն է ու նվիրումը գաղափարին. նվիրում, որը հիմա կա այն սովորական երիտասարդների մեջ, որոնց տարան կանգնեցրին բաց դաշտում, որ Բայրաքթարները սպանեն, բայց չկա իշխանության մոտ, այնպես որ, մեր խնդիրը ոչ թե Բայրաքթարն է, այլ ստահակ կառավարումը և իշխանությունը, որն այսօր Եռաբլուրում սրբապղծություն արեց։
«Սրբապղծությունը հասել է իր գագաթնակետին. պիղծ մարդը չի կարող հարգել որևէ մեկի հիշատակը. ծնողներին իրենց երեխաների գերեզմաններից այդպես հեռացելու համար հատուկ ստահակ է պետք լինել։ Նրանք, որոնք այսօր կատարում էին այդ հրահանգը, ևս պիղծ են։ Մարդիկ, որոնք ժամանակին կուրացել էին և չէին տեսնում, թե ի՞նչ աղետ է կատարվում երկրի հետ, հիմա գոնե իրենց աչքերը թող բացեն և հասկանան»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ հատուկ ընդգծելով՝ մեր երկրի իշխանությունը 2018 թվականից ի վեր վարում է աղետալի քաղաքականություն, ինչի հետևանքով էլ նաև արտաքին աշխարհից է ստանում համարժեք պատասխան. ինչպիսին ստացավ օրերս ՀԱՊԿ-ից։
«ՀԱՊԿ-ից հիմա դուրս գալու մասին խոսակցությունները բացարձակ տգիտություն են։ Այո՝ ՀԱՊԿ-ից այլ արձագանք պետք է լիներ. բայց ինչո՞ւ եղավ այդպիսի արձագանք, չէ՞ որ դա լինում է անդամ պետության պահվածքին համարժեք, հետևապես, երբ առաջինը դատական գործ բացեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, այն ժամանակ ի՞նչ էիք մտածում, չէ՞ որ դուք հիմա չեք կարող ասել՝ ինչ այլանդակություն ուզում, անում եմ, բայց իրավական փաստաթղթում այլ բան է գրած։ Այդպես չի լինում. եթե իրենց թվում է, թե այլ կազմակերպությունում հայ ղեկավարները կարող են իրենց էդպես պահել, ինչպես պահեցին ՀԱՊԿ-ում, բայց ստանալ այլ պատասխան, դա նշանակում է, որ որևէ բանից գլուխ չեն հանում»,- ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրերը վերանայելու տարատեսակ կոչերին՝ Տիգրան Թորոսյանն անդրադարձ կատարեց դրանցից մեկին, որով ՌԴ-ն ստանձում է պարտավորություն՝ պաշտպանել Հայաստանի օդը։
«Բայց, հարց է առաջանում, եթե անգամ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն իր օդը չի պաշտպանում Ադրբեջան թռչող թուրքական ինքնաթիռներից, եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը մեզ գան և պաշտպանեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անողները պետք է դրա այլընտրանքը ցույց տան և ասեն, թե ՀԱՊԿ-ին մերժելով՝ ի՞նչ են առաջարկում և իրենց առաջարկն ինչպե՞ս է իրականություն դառնալու։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում