ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում կունենանք 12.000 քառակուսի կմ-ով Երևանի խանություն՝ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր. Գևորգ Մելքոնյան
«Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանը կորցրել է ստրատեգիական այնպիսի դիրքեր, որոնցից եթե ադրբեջանցիներին դուրս չքշենք, այլևս չենք ունենա զարգացման հնարավորություններ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով սեպտեմբերի 12-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, 2 օր տևած ռազմական գործողությունների հետևանքներին՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին, նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ ընդգծելով,- Պրիմիտիվ մտածողություն է՝ կարծել, թե այդ դիրքերը զբաղեցնելով, Ադրբեջանի նպատակն ընդամենը Սյունիքի մարզն է կամ այդ մարզով ճանապարհը։
Մեր ժողովուրդը պետք է հստակ հասկանա՝ Ադրբեջանի նպատակն է՝ Երևանը վերցնել ամբողջությամբ շրջափակման մեջ՝ վերահսկողություն հաստատելով բոլոր ենթակառուցվածքների, ռազմական օբյեկտների վրա, ինչի հետևանքով Հայաստանը զարգանալու որևէ շանս չի ունենա»։
Նրա պնդմամբ՝ «Արցախի խնդիրը մեզ համար բեռ է» մտածողությամբ մարդիկ արդեն տեսան՝ Արցախը բեռ չէր, և հանձնելով՝ անհնար է անվտանգություն ունենալ, հիմա սակայն մտածում են, թե Սյունիքով միջանցքը տան, կկարողանան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, բայց դա բացառված է, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է՝ թողնել ընդամենը Երևան քաղաք-պետություն՝ Վատիկանի պես, որը կունենա դրոշ, հիմն և այլն, բայց չի ունենա որևէ ռազմավարական ենթակառուցվածք, որովհետև դրանք կգտնվեն թշնամու վերահսկողության տակ։
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
Փրկիչների փնտրտուքի վերաբերյալ պատմաբանը հատուկ ուշադրություն հրավիրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո ԱՄՆ-ը որպես փրկիչ դիտարկող և ՀԱՊԿ-ից դուրս գալու վտանգավոր կոչերով հանդես եկողների վրա՝ շեշտելով՝ սխալ են, միջազգային հանրությունը չի կարող այս իրավիճակում բեկում մտցնել. դա անողը հայ զինվորն է ու հայ հասարակությունը։
Պատմաբանը վստահեցրեց՝ Ադրբեջանն այս պահին, առավել քան երբևէ, լավ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, ունի ընդգծված շահեր ՌԴ-ի հետ, շահերի համընկնում կա նաև իրանաադրբեջանական բլոկում, հետևապես՝ բեկում մտցնողը միայն հայ զինվորն է, որին հասարակությունը չպետք է միայնակ թողնի և հույս կապի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։
«Դաշնակիցների պետք է փնտրել այն ժամանակ, երբ դու քո ողջ ռեսուրսով կռվում ես, հենց այդ ժամանակ է, որ նրանք կգան ու քեզ կօգնեն»,- ասաց Մելքոնյանը՝ պատմական սխալ համարելով ստեղծված իրավիճակում բազմաթիվ խնդիրներ ունեցող ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ Ռուսաստանից հեռանալու մասին խոսակցությունները՝ առանց դրանց իրական այլընտրանքն ունենալու։
«Նման հայտարարություն անողները չգիտեն պատմություն, կամ ֆինանսավորվում են արտաքին ուժերից՝ դրանց շահերն առաջ տանելու համար։ Նրանց կոչ եմ անում՝ կարդացեք 1920 թվականի պատմությունը, երբ թուրքական զորքը մտել էր Ալեքսանդրապոլ, իսկ մենք նամակներ էինք ուղարկում Ֆրանսիային, ԱՄՆ-ին, իսկ նրանք մեզ՝ ընդամենը 40 հազար զինվորական համազգեստ, ու միայն վերջին պահին մենք ճարահատյալ դիմեցինք Մոսկվային, որն էլ թելադրեց արդեն իր պայմանները, հետևապես՝ հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում կունենանք 12.000 քառակուսի կմ տարածքով Երևանի խանություն՝ կունենանք նույն Ալեքսանդրապոլի պայմանագրից»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ ռազմավարական դաշնակցից ունենք օբյեկտիվ դժգոհություններ, որոնք, սակայն, պետք է լուծվեն այլ եղանակով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում