Այս խոստումները գալիս են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը մեղմելու մղումից. Արմեն Մանվելյան

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա շուրջ 5 միլիարդ դոլար ռուսական ներդրումների ներհոսքի համար:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ փոխվարչապետն այս մասին հայտարարել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանում կայացած ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ։

Ի դեպ, 2021 թվականից եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների շրջանակներում դիտարկվող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ-Բաքու լոգիստիկ ուղու շահագործումը ՀՀ տարբեր շրջանակներ ռիսկային են համարում՝ նկատելով, որ այն ծառայելու է թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական շահերին: Հիշեցնենք նաև, որ այդ հնարավոր երթուղու ընդամենը 40 կմ-ն է անցնելու Հայաստանի տարածքով. ասել է թե՝ այդ պարագայում դժվար է խոսել լուրջ տնտեսական զարգացման հեռանկարի մասին:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այս հայտարարությունը դիտարկեց առկա ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում:

Կարդացեք նաև

«Մենք պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ն այս պահին Ուկրաինայում գտնվում է պատերազմի մեջ Արևմուտքի հետ: Արևմուտքը հստակ կերպով փորձում է լարվածություններ ստեղծել ՌԴ սահմանամերձ բոլոր օջախներում, որտեղ կա ռուսական ներգրավվածություն՝ Հայաստան-Ադրբեջան, Տաջիկստան-Ղրղըզստան:

Ի դեպ, այդ մասին ամերիկյան «Ռանդ» ընկերությունը դեռ 2019 թ. հատուկ զեկույց էր հրապարակել՝ «Ինչպես ոչնչացնել Ռուսաստանը»: Ի դեպ, այդտեղ նշված էր սառեցված հակամարտություններում լարվածություն ստեղծելու անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով նաև Արցախյան հիմնախնդիրը:

Այս պայմաններում ՌԴ-ն պետք է ամեն գնով մեղմի այդ լարվածությունները, և իմ խորին համոզմամբ՝ նման խոստումները գալիս են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը մեղմելու, սառեցնելու մղումից»,- մանրամասնեց Արմեն Մանվելյանը:

Փորձագետը ենթադրություններ չունի, թե հատկապես ինչ ծրագրերում է ներդրվելու 5 միլիարդ դոլարը՝ արձանագրելով, որ 40 կմ-անոց ճանապարհի կառուցումը միայն 200-300 միլիոն դոլար արժողություն կունենա:

Անդրադառնալով ճանապարհի շահագործման էֆեկտիվությանն առնչվող հարցադրումներին՝ միջազգային անվտանգության հարցերով մասնագետը հաստատեց.

«Այդ ճանապարհի շահագործումը չի ունենա տնտեսական էֆեկտիվություն. այն կծառայեցվի հիմնականում ռազմական շարժի համար, Ադրբեջան-Թուրքիա ռազմական փոխադրումների համար, քան տնտեսական:

Բացի այդ՝ հայտնի է, որ կառուցվում է Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհ: Այսինքն, ընդհանրապես, ՀՀ-ն այս ծրագրում երկրորդական դեր է խաղում, և մանավանդ, եթե այդ ուղղությունն է աշխատում:

Սա ավելի շատ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով հայտարարության լույսի ներքո եմ տեսնում, քան ինչ-որ լուրջ տնտեսական վերլուծության արդյունքում արված հայտարարություն, որովհետև ինձ ծանոթ են մի քանի չեզոք աղբյուրների վերլուծություններ, օրինակ, «Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով, որոնք Հայաստանին, մեղմ ասած, ոչ մի լավ բան չեն խոստանում՝ բացի, հատկապես, ՀՀ գյուղատնտեսության վերջնական քայքայումից»:

Տեսանյութեր

Լրահոս