Խայտառակություն է, որ առայսօր մահաբեր «Բայրաքթարների» դեմ պայքարի որևէ միջոց դեռևս չունենք․ Դավիթ Ջամալյան
Ընդամենը մեկ շաբաթ առաջ անհնար էր պատկերացնել «Ջերմուկի ինքնապաշտպանական մարտեր» արտահայտությունը։ Մենք չունենք պաշտպանության ռազմավարական խորություն, թեև այն առկա էր մինչև 2020-ը։ Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։ Մենք կորցրինք մեր դիրքերը Ղազախլար գյուղի մատույցներում՝ պատմական Դիզակում, արդյունքում՝ հիմա Կապանի մատույցներում ադրբեջանական դրոշ է ծածանվում, և այդպես շարունակ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Խայտառակության մյուս կողմն այն է, որ մեր դեմ 2020-ից առայսօր կիրառում են նույն մահաբեր միջոցը, և մենք դրա դեմ պայքարելու որևէ արդյունավետ միջոց դեռևս չունենք, այն դեպքում, երբ դրա դեմ պայքարի մեծ թվով միջոցներ կարելի էր ձեռք բերել։ Սիրիայում այդ նույն ժամանակահատվածում՝ 2020-ի փետրվարին, թուրքական բանակը «Բայրաքթարներ» կիրառեց սիրիական կառավարական ուժերի դեմ։ Հետո տեղ հասավ ռուսական օգնությունը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության միջոցներ, և «բայրաքթարային» ակտիվությունը դադարեց։ Այսինքն՝ եթե անգամ մինչ այդ մենք չէինք հաշվարկել նման սպառնալիքը, թուրքը ցույց էր տալիս, թե ինչպես է Արցախում հարվածելու, սպանելու մեզ, էլ չասած, որ 2020-ի գարնանից դրանց խմբաքանակներն առաքվում էին Ադրբեջան»,- ասաց փորձագետը։
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2017-ին հաստատված սպառազինության գնման պլանով՝ պետք է երկու խմբաքանակ «Տոռ-2 ՄԿ» ՀՕՊ միջոցներ ձեռք բերվեին, սակայն դրանք ձեռք չեն բերվել, իսկ սա հենց այն միջոցն է, որով կարելի էր նվազագույնի հասցնել «բայրաքթարային» ակտիվությունը, և առհասարակ՝ այն հակաօդային պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Ինչո՞ւ և ո՞ւմ հորդորով դրանք ձեռք չեն բերվել։ Բազմիցս նշվել է, որ այս իշխանությունն ամերիկյան դեսպանությունից պարբերաբար ստանում է հորդորներ, խորհրդատվություն, որի կատարման վերաբերյալ զեկուցագրեր են ուղղվում այդ դեսպանությանը, հավաստում են, որ այդ հանձնարարականները կատարված են։ Մենք հիմք ունենք ենթադրելու, որ սպառազինության գնման պլանների փոփոխությունը կարող է այդպիսի մի հորդորի հետևանք լինել»,- նշեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ թշնամին ժամանակն արդյունավետ է օգտագործում՝ սկսած 2018-ի իշխանափոխության օրերից․ «Լոնդոնում ծվարած մեր նախկին նախագահ կոչեցյալը երկու տարի առաջ այս օրերին պարգևատրեց հայկական մի ընկերության ղեկավարի, որն արտադրում էր ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև հարվածային, այդ մասին անգամ հեռուստատեսային ռեպորտաժ է եղել։ Ինչո՞ւ այս ընկերությանն անհրաժեշտ թվով անօդաչու թռչող սարքերի արտադրություն չեն պատվիրել։ Չէ՞ որ մենք ունենք ձեռնարկություն, որն արտադրում է այն, ինչի կարիքն ունենք, իշխանությունն էլ պարգևատրել է նրանց։ Ինչո՞ւ մեր բանակը չունի համարժեք միջոցներ։ Թշնամին անօդաչուներ ունի, մենք էլ ունենք այն արտադրողին, ինչո՞ւ չենք պատվիրում։ Սա հերքում է շրջանառության մեջ դրված այն լկտի սուտը, թե իբր մենք փող ունենք, բայց զենք վաճառող չկա։ Սրանք խճճվել են իրենց ստերի մեջ»:
«Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ որերորդ անգամ անօդաչուների դեմ պայքարի միջոցներով չեն զինել բանակը։ Եթե ասեն՝ գումար չկա, կարելի է հակադարձել, ասել՝ ընդամենը մեկ ամիս առաջ մոտ 720 մլն դրամ ուղղվել է պետական պահպանության ծառայության կարիքներին, այսինքն՝ վարչապետի պահպանությանը։ Ընդլայնվում է անօգուտ ոստիկանական ստորաբաժանումը՝ պարեկային ծառայությունը, այն ծավալվում է, այսինքն՝ միջոցներ կան։ Մյուս կողմից՝ չեն կարող ասել, թե իբր նախկինները չեն գնել, քանի որ ավելի քան չորս տարի անց այդ թեզն անգամ ամենավերջին մոլորյալը չի ընկալի։ Հիմա գտել են մի նոր մանիպուլյացիա, լկտի սուտ, թե իբր մեզ զենք չեն վաճառում։ Եթե անգամ ոչ ոք չի վաճառում, մենք ունենք տեղական ընկերություն, որն ունակ է զենք արտադրելու, նրան կարելի է պատվիրել, ճիշտ է՝ ՀՕՊ սեգմենտում չէ, բայց մի քանի տեսակի անօդաչուներ է արտադրում»,- ամփոփեց Դավիթ Ջամալյանը: