«Միակ տարբերությունն այն է, որ երեկ Ջերմուկի հատվածում ծանր արտիլերիան է աշխատել, իսկ այս պահին չի աշխատում». Վայոց ձորի ֆերմեր

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

168.am-ի հետ զրույցում Վայոց ձորի ֆերմեր Տիգրան Եղոյանն ասաց, որ կոնկրետ այս պահին մարզում չէ, Գեղարքունիքում է, սակայն իրեն փոխանցել են, որ Վայոց ձորում՝ Ջերմուկի հատվածում, իրավիճակը նույնն է, ինչ երեկ։

«Միակ տարբերությունն այն է, որ երեկ Ջերմուկի հատվածում ծանր արտիլերիան է աշխատել, իսկ այս պահին չի աշխատում, այսինքն՝ հետևակն է գրոհ կազմակերպում։

Կոնկրետ վայրը չասեմ, բայց ասեմ, Գեղարքունիքում էլ գրեթե նույն լարված վիճակն է, թշնամին մշտապես կրակում է։ Առավոտյան եղել եմ Վարդենիսում, զանգել եմ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որպեսզի որևէ բան անեն։ Այս պահին էլ կան կրակոցներ, և ինչպես տեսնում եմ՝ այս ամենը կանգնելու միտում չունի։ Հասարակ ժողովուրդը բանակի կողքին կանգնած է, մնում է  ռազմաքաղաքական ղեկավարությունը կանգնի  բանակի կողքին։ Թիկունքում ընտանիքներն են՝ նահանջելու ճանապարհ չկա»,- նշեց Տիգրան Եղոյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց՝ որոշ ժամանակ սպասելու են Գեղարքունիքի մարզում, հասկանալու՝ ինչ է լինելու, ապա կմեկնեն Վայոց ձոր։

«Տղաների փոխանցմամբ՝ այս պահին թշնամին ավելի շատ կենտրոնացել է Վայոց ձորի վրա»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս