«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». Պատմության թանգարանում կցուցադրվի Արենի-1 քարանձավային համալիրի պեղումներից հայտաբերված կաշվե ոտնամանը
Սեպտեմբերի 9-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությունը:
Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում՝ 500-300 հազար տարի առաջվա ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազ. թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազ. փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի, որը լայնորեն կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում։
Ներկայացված է նաև 2008 թ. Արենի-1 քարանձավային համալիրի պեղումներից հայտաբերված կաշվե ոտնամանը:
Այն, ըստ Կալիֆոռնիայի և Օքսֆորդի համալսարանների սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննության՝ թվագրվում է Ք.ա․ 3600-3500թթ․։ Կաշվե ոտնամանը կներկայացվի հատուկ ոտնամանի համար պատրաստված կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը ձեռք է բերվել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ցուցադրությունը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Արենի 1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի, «Արմոս» կոշիկի ձեռնարկության, «Յունայթեդ Ստեյթս Օֆ Արմենիա» ազգային-հայրենասիրական հասարակական կազմակերպության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։
«Երկար ժամանակ կաշվե ոտնամանի պահպանությունը մեզ մտահոգում էր: 2021թ. ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ տրամադրեց թանգարանին, որպեսզի պատրաստվի հատուկ ցուցափեղկ»,- ասուլիսի ժամանակ ասաց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ նշեց՝ թանգարանում շատ բաներ արդիականացման կարիք ունեն, սակայն պետական բյուջեի հաշվին կարողացել են առնվազն լուծել օդափոխման համակարգի հարցը, որն այսօր արդեն կապահովի խոնավության ճիշտ աստիճան:
«Այդ նախաձեռնության համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 400 մլն դրամ: Կուզեի նշել, որ հայտարարել ենք մրցույթ՝ էլեկտրոնային տոմսային համակարգերի համար, և մրցույթը դեռ բաց է, հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել: Հույս ունենք, որ, ի վերջո, կունենանք համակարգ, որը QR կոդերով է, միասնական է ու կտա բազմաթիվ առավելություններ՝ այցելուների համար: Սա շարունակական գործընթաց է, և ոչ միայն՝ Պատմության, այլև՝ բոլոր թանգարաններում օգտագործելու ենք հնարավոր ռեսուրսները, որպեսզի ունենանք ժամանակակից ցուցասրահներ և պատշաճ ընդունենք մեր քաղաքացիներին, զբոսաշրջիկներին»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն էլ ընդգծեց՝ կենսատարածքը, որտեղ ապրել և ձևավորվել է ժողովուրդը, և մի մաս է կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, համաշխարհային մշակույթի մեջ ահռելի ներդրում ունի, ինչը ցույց են տալիս նաև վերջին տարիների պեղումները:
«Ոչ միայն ընդգծվում է այս տարածքի կարևորությունն ու ներդրումը, որն ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության մեջ, այլ նաև փոխում է այսօրվա գիտական պատկերացումներն այս կամ այն խնդրի մասին: Աշխարհի հնագիտությունը մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ են ձևավորվում:
Հայաստանի հնագիտությունն այսօր այդ ձևաչափում փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը:
Ցուցադրության ընթացքում կտեսնեք բազմաթիվ նորույթներ, որոնք վերաբերում են այդ թեմաներին: Որպես օրինակ՝ բերեմ Աֆրիկայից դուրս թեման: Քանի որ մարդու բնօրրանը այսօրվա գիտությունը դիտարկում է Աֆրիկան, քանի որ այնտեղ են գտնվել մարդու լավագույն հետքերը, ճիշտ է, թե սխալ՝ դա թողնենք մի կողմ, իսկ մեր վերջին տարիների պեղումները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհը Աֆրիկայից դուրս մարդու երկրորդ բնօրրանն է:
Այսինքն, եթե մարդը դուրս է եկել Աֆրիկայից, եկել, հասել է Հայկական լեռնաշխարհ և հետո տարածվել ամբողջ Եվրասիայում: Ցուցադրության ժամանակ կարող եք տեսնել նաև «Արենի» քարանձավից գտնված ասեղը, իսկ նման բաներն աշխարհում մատների վրա են հաշված»,- մանրամասնեց Բորիս Գասպարյանը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանն էլ նշեց, որ ինստիտուտն ու Պատմության թանգարանը սերտ համագործակցում են վերջին տարիներին, ինչն ուրախալի փաստ է, քանի որ փոխշահավետ համագործակցությունից շահում են գիտաշխատողները, թանգարանի աշխատողները:
Հավելենք, որ ցուցադրության ժամանակ հնարավորություն կունենաք շոշափել կաշվե ոտնամանը, որն օրիգինալի կրկնօրինակն է: Կան նաև այլ նմուշների մի քանի կրկնօրինակներ, որոնց ևս թույլատրվում է ձեռք տալ: