«Ո՞վ է անելու այդ ռեֆորմը․ ուսուցիչը կա՞, որն ավելի լավ է սովորեցնելու, դասախոսը կա՞». Արտակ Քյուրումյան
«Երբ նայում ենք փաստաթղթի բովանդակությանը և գործընթացներին, որոնցով այն անցավ, իմ տպավորությունն այն է, որ մենք ոնց որ անցյալից դասեր չենք քաղում և նորից կրկնում ենք նույն սխալները»,- «Մեդիա կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին: Նա նաև ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի ռազմավարությունն ընդունվի մասնակցային ձևով, այսինքն, թիրախները, նպատակներն առաջին հերթին համաձայնեցվեն, հետո նոր փաստաթուղթը գնա դետալ շարադրման:
«Նման փաստաթղթերը ձախողվում են, որովհետև վերջում այն մնալու է կառավարության և իշխանության վրա: Ոչ հասարակական սեկտորը, ոչ ուսուցիչներն ու դասախոսները, և ոչ էլ ոլորտի մյուս խաղացողները չեն աջակցելու այս փաստաթղթին: Իսկ այս տեսակի փաստաթուղթը, եթե մնում է զուտ կառավարության փաստաթուղթ՝ իրագործման և հաջողության որևէ շանս չունի: Կարևոր էր, որ նախ հիմնական թեզերի շուրջ նախարարությունը կարողանար բոլոր խաղացողներին հավաքել մի սենյակում և այնքան քննարկումներ անել, մինչև ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գային, ապա նոր շարադրեին: Կարծում եմ, որ ավելի շուտ ստացվել է շարադրություն, քան ռազմավարական ծրագիր»,- մանրամասնեց կրթության փորձագետը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ նշեց, որ փաստաթղթի քննարկումը 2017 թվականից էր փորձ արվում դարձնել հանրային և մասնակցային: Ըստ նրա՝ փաստաթղթի ծավալի մեծ մասը շարադրում է գրեթե բոլոր խնդիրները, որոնք ունի մեր կրթական համակարգը:
«Պետք է հասկանալ, թե ինչու 25-30 տարվա ընթացքում մենք հասանք կրթական համակարգի այս վիճակին: Եթե դա չենք կարողանալու բացահայտել, մնացած ծրագրերը չեն համոզելու, որ լուծելու են այս խնդիրները: Փաստաթղթում ներկայացված է հետևանք, բայց կարևոր է հասկանալ խնդիրների իրական պատճառները, հիմքը, այլապես կմնա հռետորաբանական փաստաթուղթ, որտեղ մարդիկ խոստովանեցին խնդիրները, բայց ոչ մի լուծման հնարավորություն չկարողացան գտնել»,- ասաց Դավիթ Ամիրյանը:
Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն էլ ընդգծեց՝ ՀՀ-ում լրջագույն խնդիր է ռեսուրսների հարցը:
«Ամենածանրը հավանաբար մարդկային ռեսուրսների հարցն է: Բոլոր ոլորտներում ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, և սա մեր կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառն է: Ու փաստաթղթում, հատկապես այն հատվածում, որ նպատակների մասին է խոսում, կրում են հռչակագրային բնույթ: ԹԻՄՍ-ի ինչ-որ նպատակներ են սահմանել 2030 թվականի համար: Ում հետ խոսեցի՝ ասացին, որ դրա համար շատ մեծ աշխատանք է հարկավոր: Ռեսուրս է պետք. ո՞վ է անելու այդ ռեֆորմը: Ուսուցիչը կա՞, որն ավելի լավ է սովորեցնելու, դասախոսը կա՞: Եթե մենք ունենք ոչ նպատակային, անարդյունավետ գործող համակարգ, ապա ինչքան ուզում ես՝ ֆինանսական ռեսուրսներն ավելացրու՝ դու ավելացնում ես անարդյունավետ գործող համակարգի ֆինանսավորումը, ինչը վերջում դրական արդյունք չի կարող տալ»: