«Լավ է, որ նման հեռահար և ճոխ ծրագրեր կարող ենք այսօր դնել շրջանառության մեջ, բայց կարծում եմ՝ դեռ դրան պատրաստ չենք». Լիլիթ Արզումանյան
2018 թվական ապրիլի 13. «թավշյա հեղափոխականները» «կոտրում են» Մայր բուհի դիմադրությունը, մտնում ներս: Բայց սա միայն սկիզբն է երկանց:
2018 թվականից սկսած՝ փորձագիտական տարբեր շրջանակներ սկսում են արձանագրել՝ բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին ճիշտը հակառակը:
2021 թվականի մարտի 28. Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրայնացնում է բուհերի շուրջ իր մտորումները․ «Կա այսպիսի մի գաղափար, Երևան քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»:
2022 թ. հուլիսի 28. Այս «գաղափարն» արդեն հավանության է արժանանում «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծի» շրջանակներում:
2022թ. սեպտեմբերի 1. դրա մասին արդեն կառավարության նիստում է բարձրաձայնում Նիկոլ Փաշինյանը. «Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից՝ մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»:
Հերթական հայտարարությունից հետո կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ նշում են՝ «նախաձեռնություն»-ը քննարկումների, հստակ հիմնավորումների կարիք ունի, փորձագետներն էլ արձանագրում՝ վստահ չեն, թե ակադեմիական քաղաքի կառուցմամբ բուհերում կբարձրանա կրթության որակը:
Ի դեպ, այս օրերին մամուլում նաև հրապարակում եղավ, ըստ որի, Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի օպտիմալացման և ակադեմիական քաղաք ստեղծելու մասին ելույթից հետո որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի կարծիքով՝ ներկայացված գաղափարը դեռևս «հում» է:
Դա տեսլական է, բարի ցանկություն, որն իրականացնելու համար դեռ մեր երկիրը պատրաստ չէ: Եվ ինչո՞ւ միայն պետական բուհերը. այսինքն՝ թիրախը դառնում են միա՛յն պետական բուհերը: Որ բուհերը պետք է կրճատվեն, օպտիմալացվեն, կողմ եմ դրան, որովհետև 50-ից ավելի բուհեր ունենք, բայց խոսքը չպետք է վերաբերի միայն պետական բուհերին, այլ ընդհանրապես՝ բուհական համակարգին: Այսպես ստացվում է, որ պետական կրթական համակարգն է թիրախավորվում. նորմալ չէ, իմ կարծիքով:
Ընդհանրապես, բուհական համակարգը կարելի է վերանայել, բայց ավելի խելամիտ, երկար քննարկումներից հետո, հիմնավորված, և հիմնական գաղափարը, միտումը պետք է լինի այն, որ հանկարծ ոչ մի բան չքանդվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Արզումանյանը:
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք»-ի մասին դիտարկումներին՝ ռեկտորը նկատեց, որ այն լուրջ և ծախսատար պրոցես է:
«Լավ է, որ նման հեռահար և ճոխ ծրագրեր կարող ենք այսօր դնել շրջանառության մեջ, բայց կարծում եմ՝ դեռ դրան պատրաստ չենք»,- շեշտեց նա:
Քանի որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծում ակադեմիական քաղաքի ստեղծումը պարզաբանվում է՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ, Լիլիթ Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քաղաքի փոփոխությունով ականատես կլինենք կրթության որակի բարձրացման:
Նա ի պատասխան՝ նշեց. «Իհա՛րկե ոչ. Դա ընդամենն ուսանողության տեղակայման խնդիրն է, իսկ կրթական համակարգը՝ դա ուրիշ հարց է»:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին: