Հանգստի օրը
«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8):
«Եվ Հիսուս ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար. ապա ուրեմն՝ մարդու Որդին տերն է և շաբաթ օրվա» (Մարկ․ 2:27-28):
Շաբաթ օրը սուրբ պահելու առաջին հիշատակությանը հանդիպում ենք արարչագործության պատմության մեջ, ուր նկարագրվում է, որ Աստված վեց օրում ողջ տիեզերքը ստեղծելուց հետո յոթներորդ օրը հանգստացավ, այսինքն՝ դադարեց գործելուց։ «Աստված օրհնեց յոթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել»:
Այս պատմական հիշատակությունը հետզհետե օրենքի ուժ ու կարգավիճակ է ստանում և ապա Տասնաբանյայի շարքում դառնում է չորրորդ պատվիրանը: Եվ իրապես, մեր կատարած գործերից հետո անհրաժեշտություն կա հանգիստ առնելու: Եթե անտեսենք այդ հանգիստը, կվտանգենք մեր անձը: Անդադար ու ռոբոտացված աշխատանքով ապրելն ապրել չէ: Մարդը մեքենա չէ, նա աստվածային ու մարդկային էակ է, որ թեև բաղկացած է խրթին օրգանական համակարգից, սակայն սքանչելիորեն կերտված լինելու շնորհիվ մշտապես ձգտում է փառավոր նպատակ իրականացնելու:
Հանգստի օրվա հրամանը վճռական է, և նրանք, ովքեր չեն ցանկանում հարգել հանգիստը, որպես հետևանք արժանանում են մտավոր ու ֆիզիկական ուժգին հարվածների և նույնիսկ պատժվում են կանխահաս մահվամբ:
Հանգստի օրվա հարցի վերաբերյալ բավականին խնդիրներ են հարուցվել: Ես կուզեի իմ այս քարոզի միջոցով նախ բացատրել, թե որն է իրական հանգիստը, և ապա լույս սփռել քրիստոնյա մեր այն բարեկամների մտքին, որոնք, հանգստի օրվա տառին կապված, հրաժարվում են սուրբ պահել կիրակի օրը և նախընտրում են որպես հանգստի օր անփոփոխ պահել հրեական շաբաթը:
Նախ՝ հանգիստ կարող ենք գտնել բնության հրաշալիքների մեջ: Բնության տեսարանները, լեռների վեհությունը, անտառների հովաշուք զովությունը, քաղցրանուշ ծաղիկների բույրը, մարգագետնի զմրուխտ կանաչը հոգուն և մարմնին հրճվանք պատճառելուց զատ այնքա՜ն անհրաժեշտ հանգստի են ասես մղում մեզ:
Ես չեմ համարձակվի ուրանալ բնության տեսարանների պարգևած հանգիստը: Ինքն իրեն բնության հետ հարաբերության մեջ դնելով՝ մարդ գտնում է իր հուզված և խռովյալ հոգու հանդարտությունը, իր հոգնաբեկ օրգանիզմի համար վերանորոգող մի ուժ: Բնության գրկում առանձնության մեջ լինելը, անգամ առանց որևէ բան անելու կամ խոսելու, արդեն իսկ մեծագույն բարիք է:
Այո՛, թեև բնությունը գեղեցիկ է, սակայն նույնքան էլ խիստ ու դաժան է: Թեպետ բնությունն անձ չէ, սակայն այն երբեմն շա՜տ անգութ է: Երբ մարդ միայնակ նայում ու վայելում է բնությունը, իսկույն մի տրտմություն է զգում իր սրտում: Լեռների բարձր գագաթների լերկությունը, անհունածավալ ծովեզերքների միայնությունը մարդուն զգացնել են տալիս սեփական սրտի միայնությունը:
Բնությունը հաճախ ժպտում է այն պահին, երբ պետք էր արտասվել, և լալիս է այնժամ, երբ պետք էր երգել: Բնության մեջ չկա այն արձագանքը, որ մեր հոգին ցանկանում է լսել: Բնության մեջ հաճախ անողորմ արձագանք ենք գտնում՝ ի պատասխան մեր սիրտը բզկտող աղաղակների:
Ահա թե ինչու է, որ նրանց, ովքեր ցանկանում են երկար ժամանակ մնալ բնության ծոցում, ես պիտի թելադրեմ այնտեղ երկար չմնալ հանգիստ փնտրելու համար, այլ գնալ ավելի հեռուն, ավելի խորքերը:
Ո՞ւր պետք է գնալ…
Արդյո՞ք հանգիստը պետք է փնտրել բարեկամների շրջապատում: Բարեկամությունն այնքա՜ն գեղեցիկ ու լավ բան է, որ ավելորդ կլիներ հակառակն ասել: Բարեկամ ընտրելը, սրտակից ունենալը, գաղափարակիցների հետ շփման մեջ լինելը, նրանց հետ զվարթ վիճաբանություններ ու նրբամիտ խոսակցություններ ունենալն արդարև մեծ առանձնաշնորհում է: Բարեկամությունը երիտասարդացնում է սիրտը, հոգուն արիություն է տալիս և քաղցրացնում կյանքը, և առանց բարեկամության կյանքն անտանելի կլիներ:
Սակայն չեմ կարծում, որ նրանք, ովքեր բարեկամական շրջապատում են գտնվում, կարող են գտնել ճշմարիտ հանգիստ: Անշուշտ բարեկամներն ավելի լավ հանգիստ են ընծայում մեզ, քան դա անում են բնության հմայիչ տեսարանները: Սակայն մեր բարեկամներն էլ մեզ նման են, նրանք էլ թերություններ ունեն, նրանք էլ են իրենց սառն ու անտարբեր վերաբերմունքով վիրավորում մեր զգայուն սրտերն ու շատ հաճախ լքում են մեզ: Մենք, եթե ուզենք էլ մտածել նրանց մասին, նրանք մեզ մոռանում են, չնայած, որ մեր աչքերն ու սիրտը հաճախ նրանց են փնտրում:
Ո՛չ, բարեկամները չեն կարող ճշմարիտ հանգիստ պարգևել մեզ, լավագույններն անգամ չեն կարող այդ հանգիստն ընծայել: Հանգիստն այլ տեղ պետք է փնտրել: Ուրեմն որտե՞ղ պետք է փնտրել այն…
Արդյո՞ք կարելի է այդ հանգիստը գտնել մեր ներքին սրբարանում՝ մեր սրտի խորքում: Մեր տենդագին աշխատանքներից հետո կարելի՞ է ապաստանել այնտեղ: Սեփական անձին անդրադարձ կատարելն իսկապես որ օրհնություն է: Դա մեր առաջին պարտականությունն ու ամենափառավոր առանձնաշնորհումն է: Սա մեր նկարագրի ամենաիրական առաքելությունն է, քանի որ այն պահին, երբ մարդ անդրադառնում է իր անձին, այդ պահից իսկ իր սուրբ, զեղուն ու կենսունակ ապագայի սկիզբն է դնում:
Բայց դարձյալ պիտի ասեմ, որ սիրտն էլ չի կարող մեզ տալ փափագելի հանգիստը: Քանի որ, ավա՜ղ, սիրտն է, որ «չար խորհուրդների կացարանն է»: Չէ՞ որ որքան զգայուն և կարեկից սիրտը սիրո աղբյուրն է, նույնքան էլ այդ նույն սիրտն իր հակակրությամբ, նախանձով, հպարտությամբ, տարակույսներով ու եսասիրությամբ թունավորում է մեր օրերը՝ հատկապես հանգստի օրը:
Ահա այս իսկ պատճառով է, որ մարդ զգուշանում և, պիտի ասեի, վախենում է ու չի ցանկանում հայացք գցել դեպի իր էության խորքերը: Քանի որ սիրտն է, որ մարդուն զգացնել է տալիս իր բոլոր դառնությունները, իսկ գիտակից մարդը զարհուրանքով է նկատում այդ ամենը:
Պողոս առաքյալը, հայացք գցելով իր սրտի խորքերն ու այդ գիտակցությունն ունենալով, արտահայտում է իր հուզումը, երբ գրում է. «Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ. 7։24): Օ՜հ, ճշմարիտ հանգիստը գտնելու համար ավելի խորքերը պետք է գնալ:
Որտե՞ղ կարելի է գտնել այդ հանգիստը: Մարդուն կատարյալ հանգիստ է պետք, այսինքն՝ հանգիստ, որը թափանցում է մեր անձի ամբողջության մեջ, հանգիստ ֆիզիկապես, բայց նաև և ավելի շատ իմացակա՛ն հանգիստ: Բարոյական հանգիստ, բայց նաև և դրանից առավել հոգևո՛ր հանգիստ, հանգիստ սրտի, բայց նաև խղճի…
Անփույթ գտնվել մեր էության որևէ մասի նկատմամբ, կնշանակի վտանգել այն հանգիստը, որը մենք փնտրում ենք մեր հոգնած մտքի, սրտի ու մարմնի համար: Մեզ մի կատարյալ հանգիստ է պետք, որը մեզ ուժ կներշնչի, որպեսզի կարողանանք վերանորոգված կյանքով ապրել:
Իրականում, այո՛, խիղճն է, որ կարող է մեզ ճշմարիտ հանգիստ պարգևել: Այդ խիղճն Աստծու ներկայությունն է: Երբ կարողանում եք գոհացնել խիղճը, երբ այն այլևս բողոքի ու հուզումի ձայն չի արձակում, ահա այդ ժամանակ է, որ կարող ենք մեզ հանգիստ զգալ: Խիղճը մարմնի ներքին սրբարանն է: Մենք չպիտի ջանք խնայենք այն հանգիստ պահելու համար, եթե ուզում ենք օգտվել հանգստի օրվա առավելություններից:
Հանգստացրե՛ք խիղճը և հանգստացրած կլինեք նաև մարմինը, միտքն ու սիրտը: Եվ երբ իրական հանգստություն զգաք, ձեր ուժերը կվերանորոգվեն և եռանդով կանցնեք ձեր պարտականությունների կատարմանը՝ ձեր ու ձեզ նմանների, Աստծու և սեփական հոգու հանդեպ:
Իրական հանգստի մասին այսչափ խոսելուց հետո այժմ կցանկանայի փոքր-ինչ բացատրություն տալ հանգստի օրվա մասին: Եկեղեցու ծոցում շաբաթ օրվա մասին երկու հստակ միտում կա: Ոմանք իրենց դնում են Սինայի օրենքի տակ: Այդպիսիք կոչվում են «շաբաթականներ» և հիմնվելով Տասնաբանյայի հավիտենական արժեքի վրա՝ ուզում են մեզ էլ պարտավորեցնել՝ ընդունելու շաբաթն իբրև սուրբ օր:
Ուրիշները քրիստոնեության տեսանկյունից իրավամբ նկատում են, որ մենք այլևս օրենքի տակ չենք, այլ շնորհի ներքո ենք, ու, հետևաբար, հայտարարում են, որ «շաբաթը» մեզ համար այլևս պատվիրանի նշանակություն չունի, և պետք է կիրակին համարել Եկեղեցու հաստատունության համար օգտակար, գերազանցապես նվիրական սուրբ օր, որն ինքնին իր վրա է կրում աստվածային դրոշմը:
Ինչպես քարոզիս սկզբում նշեցի, հանգստի օրվա հաստատումը Սինայի օրենքից էլ ավելի վաղ թվագրություն ունի: Եվ երբ բացում ենք Ծննդոցը, այնտեղ՝ առաջին էջերում, այդ պարզ ու վսեմ գրքում տեսնում ենք անծանոթ, հին աշխարհի լույսը:
Այդ գրքի միջոցով սովորում ենք, որ Աստված մեկ է, որ Նա հոգի է, ազատ է: Դարձյալ սովորում ենք, որ արարչագործությունն Աստծու ազատ կամքի դրսևորումն է, և որ Նա Իր ստեղծած մարդուն էլ է ազատություն տվել: Ապա կարդում ենք, որ երբ Աստված ավարտեց Իր արարչագործությունը, յոթներորդ օրը հանգստացավ:
Գուցե չէիք սպասում, որ իմ նյութից կշեղվեի, բայց ցանկանում եմ մի պարագա ձեր ուշադրությանը հանձնել: Աստված հանգստի կարիք չուներ, քանի որ Նա մշտապես գործում է: Չեմ կարծում, թե Մովսեսը կարիք ուներ իր ժողովրդին հայտնելու, որ Աստված հանգստից, ինչպես նաև հոգնությունից վեր է: Քանի որ հստակ է, որ Աստված հանգստի կարիք չունի, ուստի հետևում է, որ շաբաթ օրվա սահմանումը մարդ արարածի համար էր: Մովսեսի նպատակն էր հասկացնել, որ շաբաթը մարդո՛ւ համար էր, ինչի մասին նաև Հիսուս խոսեց:
Ահավասիկ հանգստի օրվա սկզբնական իմաստը: Բայց շաբաթականները, առանց նկատի ունենալու, որ շաբաթը մարդու համար է սահմանվել, և չուզենալով սուրբ պահել կիրակի օրը, վճռականությամբ պայքար են մղում, որպեսզի վերացնեն կիրակին սուրբ պահելու քրիստոնեական Եկեղեցու այդ հնագույն կարգադրությունը: Նրանց այդ ջանքերը խափանում են քրիստոնեական միությունը և դեմ են դուրս գալիս Քրիստոսի հետևյալ վսեմ աղոթքին. «Թող որ ամենքը մի լինեն… կատարյալ լինեն միության մեջ, ինչպես որ մենք մի ենք» (հմմտ. Հովհ. 17։21-23):
Բայց նախ գիտենանք, թե շաբաթականներն ինչ են ասում: Նրանք ասում են հետևյալը.
– Եկեղեցու համար մեծագույն, աններելի ոճիր և նույնիսկ Սուրբ Հոգու դեմ մեղանչում է հեթանոսական ազդեցությամբ շաբաթ օրվա փոխարեն կիրակին սուրբ պահելը: Ըստ տասնաբանյայի՝ շաբաթ օրը սուրբ պահելու հարցն աստվածային է, մինչդեռ կիրակնօրյա հանգստի կարգադրությունը մարդկային է:
Սուրբգրային ոչ մի բնագիր չի արդարացնում կիրակին հանգստի օր դարձնելու կարգադրությունը: Այդ կարգադրությունը Կոստանդիանոս կայսեր մի հրամանի հետևանք է: Նա, հազիվ հավատքի եկած, ավելի շատ հեթանոս, քան թե քրիստոնյա լինելով, 321 թվականին հրովարտակով պարտադրեց կիրակին պահել որպես «քաղաքային օր». ոչ թե որպես «Dies Domini»՝ «Տերունի օր», այլ որպես «Dies Solis»՝ արևի օր, համաձայն այն պաշտամունքի, որ կայսրը մատուցում էր Ապոլոնին:
Կամ էլ գուցե կայսրը նպատակ ուներ միևնույն խորհրդանշանի ներքո Ապոլոնի պաշտամունքը միացնել Քրիստոսի պաշտամունքին: Այդ ամբարիշտ օրենքը հաղթանակեց 364 թվականին՝ Լավոդիկեի ժողովի ժամանակ, որի 27-րդ կանոնը խստագույնս արգելում է շաբաթ օրը սուրբ պահել:
Ինչպես տեսանք, շաբաթականները, փաստորեն, կիրակին սուրբ պահելը հեթանոսական կարգադրություն են համարում, և ըստ այդմ Եկեղեցին նույնպես հեթանոսական ու սատանայական ներշնչումներից ազդված մի հաստատություն պետք է լիներ:
Սակայն դա դեռ ամենը չէ: Շաբաթականները, համոզված լինելով, որ շաբաթ օրվա փոխարեն կիրակին սուրբ պահելու պատճառով է միայն առաջ եկել աշխարհը փրկելու հարցում անկարողությունն ու ապիկարությունը, համոզված լինելով, որ այդ նույն պատճառով է ուշանում Աստծու թագավորության գալուստը, որին այնքա՜ն կարոտ է կորուսյալ մարդկությունը, ասում են. «Եթե միայն քրիստոնյա աշխարհը կիրակի օրը սուրբ պահելու փոխարեն սկսի շաբաթը սուրբ պահել, ամեն ոք անպայմանորեն պիտի փրկվի»:
Ահա թե որն է նրանց տեսության եզրակացությունը: Ո՜վ հավատացյալներ, ես էլ իմ հերթին եմ հարցնում ձեզ. դուք հավատում եք շաբաթականների՝ փրկության մասին ունեցած այս տեսակետի՞ն, թե՞ Պետրոս առաքյալի խոսքին, որն ասում է. «Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2։21):
Ինչպե՞ս չբողոքել շաբաթականների այս հայտարարությունների դեմ, ինչպե՞ս չվերադառնալ Տիրոջ այն խոսքին, թե՝ «շաբաթն է մարդու համար, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար, քանի որ մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա», այսինքն՝ Հիսուս Քրիստոս վեր է շաբաթից, նրա Տերն է, և մարդն էլ, մարդու փրկությունն էլ շաբաթից ավելի վեր են:
Մենք անգամ կարող ենք ասել. «Թող կորսվի շաբաթը, բավական է միայն, որ մարդը փրկվի»: Բայց շաբաթականներն ասես սրան հակառակն են ասում իրենց արարքներով. «Թող կորսվի մարդը, բավական է միայն, որ շաբաթը փրկվի»: Եվ մի՞թե Պողոս առաքյալն իրավունք չուներ խնդրելու Կողոսացիներին, որ շաբաթ օրվա վերաբերյալ խնդիրներ չհարուցեն, քանի որ շաբաթը Քրիստոսի մարմնի ստվերն է, և ուրեմն շաբաթը մի երևույթ է, պատրանք է և ոչ թե իրականություն:
Սակայն միայն բողոքելը բավական չէ: Պետք է հիշատակել այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս, որ շաբաթականների վարդապետությունը հիմնովին սխալ է: Արդ, պատմությունից գիտենք, որ նախնական Եկեղեցում նորադարձ հրեաները շարունակում էին շաբաթը պահել իբրև սուրբ օր, և դա բնական էր: Մինչդեռ նորադարձ հեթանոսներն ինքնահոժար «Տիրոջ օր» էին հռչակում հարության օրը: Ո՞վ կարող էր համարձակվել՝ ասելու, որ նրանց այդ հռչակումը ոճիր էր: Եվ մի՞թե կար ավելի մեծ մի իրողություն, քան Հիսուսի հարությամբ մահվան նկատմամբ տարած հաղթանակը:
Մի որոշ ժամանակ երկու օրերն էլ՝ և՛ շաբաթը, և՛ կիրակին հավասարապես պահվում էին որպես Տերունական օրեր: Եվ հավանաբար մի ժամանակ այնպես պատահեց, որ հրեա քրիստոնյաների և հեթանոս քրիստոնյաների միջև վիճաբանության առարկա դարձավ շաբաթը կամ կիրակին սուրբ պահելու հարցը՝ հստակեցնելու համար՝ շաբա՞թը, թե՞ կիրակին էր պետք սուրբ պահել:
Հետագայում, երբ հեթանոս քրիստոնյաները մեծամասնություն կազմեցին, բնականաբար արդարացրին իրենց դավանած տեսակետը, և նախապատվությունը տվեցին քրիստոնեության հոգին եղող հարության օրը սուրբ պահելուն: Կոստանդիանոսն իր հրովարտակով օրինականացրեց կիրակի օրը սուրբ պահելու սովորությունը ոչ թե իր քմահաճությանը տուրք տալու նպատակով, այլ որովհետև դա ժողովրդի մեջ համընդհանուր սովորության էր վերածվել: Այդ սովորությունը կատարելապես օրինավոր էր հետևյալ մի քանի պատճառներով.
– Նախ և առաջ այն պատճառով, որ, ըստ Պողոս առաքյալի խոսքերի իսկ, քրիստոնյաների համար «բոլոր օրերն էլ հավասար են»: Նա Հռոմի նորադարձ քրիստոնյաներին գրում է հետևյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար. յուրաքանչյուր ոք թող շարժվի, ինչպես ինքն է դատում» (Հռոմ. 14։5):
Հիսուսով իրապես խափանվում են բոլոր առանձնաշնորհումներն ինչպես օրերի, նմանապես նաև մարդկանց պարագայում: Երբ ասվում է, որ բոլոր մարդիկ Քրիստոսի անունով սուրբ պիտի լինեն, ինչպես նաև Նրա անունով պիտի անդամակից լինեն սուրբ քահանայությանն ու հոգևորությանը, ուստի նաև բոլոր օրերը պետք է հավասար և սուրբ լինեն: Մի բան, որ արտոնված է այսինչ օրվա համար, պետք է արտոնված լինի նաև ուրիշ օրերի համար, և այն, ինչ արգելված է որևէ օրվա համար, պետք է արգելված լինի նաև մյուս օրերի համար:
Ամեն բան պետք է սուրբ և նվիրական դառնա մեր կյանքով. «Ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10։31): Որքան սուրբ է շաբաթը և շաբաթ օրվա պաշտամունքը, նույնքան սուրբ է կիրակին, երկուշաբթին և այդ օրերին կատարված պաշտամունքը:
– Մյուս կողմից էլ, քանի որ Տասնաբանյան մեզ պատվիրում է յոթ օրերից մեկը սուրբ պահել, ավելի ճիշտ՝ սուրբ պահել վեց օրերին հաջորդող յոթներորդ օրը, ուստի որևէ պատճառ չկա, որ այդ օրը այս կամ այն օրը լինի, ուստի և՛ շաբաթը, և՛ կիրակին, և՛ որևէ այլ օր կարող է համարվել վեց օրերին հաջորդող «հանգստյան յոթներորդ օր»:
Բայց սա էլ դեռ ամենը չէ. քանի որ շաբաթականները տառապաշտորեն կառչում են իրենց տեսակետին, բացարձակապես սխալվում են նախ՝ այն պատճառով, որ որևէ փաստ չունեն «հանգստի օրը» շաբաթվա օրերից որևէ մեկին առնչելու համար: Անհնար է ճշգրտել, թե արարչագործության վեց օրերին հաջորդող շաբաթ օրը որ օրվան է համապատասխանում: Չէ՞ որ մենք հստակորեն գիտենք, որ վեցօրյա արարչագործության օրերը 24 ժամյա շրջաններ չէին ենթադրում, այլ երկա՜ր, հազարավոր տարիների մի ժամանակաշրջան, որի ընթացքում հետզհետե մեր մոլորակի վրա և նրա շրջակայքում երևացին արարչագործության պտուղները:
Երկրորդ՝ շաբաթականներն իրավացի չեն այն պատճառով, որ շաբաթ օրվա պատվիրանն անհնար է աշխարհի բոլոր կողմերում համաժամանակյա իրականացնել: Երկրագնդի տարածության ու կլիմայի համեմատ շաբաթը փոփոխվում է, ասել է թե՝ երբ, օրինակ՝ Ճապոնիայում շաբաթ օրն ավարտվում է, մենք Եվրոպայում դեռևս ուրբաթ օրվա մեջ ենք:
Եթե հարցը ստույգ օրվան վերաբերեր, ապա Սուրբ Գրքում այն պետք է արծարծվեր, քանի որ ըստ շաբաթականների՝ Եկեղեցու և աշխարհի փրկությունը կախում ունի շաբաթ օրը սուրբ պահելուց: Ահա թե ինչու, որքան էլ ցանկանամ, ես չեմ կարող ըմբռնել շաբաթականների պնդումները: Ինչո՞ւ են նրանք այդքան կարևորություն տալիս օրվան և ուզում Եկեղեցուց անջատ, զատորոշյալ մի համայնք կազմել:
Ներկա քարոզովս շաբաթականներին պիտի խնդրեի չկապվել Սուրբ Գրքի տառին, քանի որ «գիրը սպանում է»: Այլ մաղթում եմ, որ նրանք ներշնչվեն Հիսուսի հոգով և գիտենան ըմբռնել Նրա խոսքը, Ով ասում է. «Մարդու Որդին շաբաթի տերն է»:
Պիտի խնդրեի նրանց, որ անհետևանք չթողնեն Տիրոջ այս խնդրանքը. «Թող որ ամենքը մի լինեն… կատարյալ լինեն միության մեջ, ինչպես որ մենք մի ենք»: Այնժամ, երբ մարդկությունը մխիթարության համար կյանք է խնդրում, փոխանակ Հարության հաղթանակը հռչակելու՝ պետք չէ նրանց կանգնեցնել Հիսուսի գոց գերեզմանի առջև: Քանի որ որքան ժամանակ նրանք կառչած են մնում շաբաթին, այդքան ժամանակ մարդկությանը կանգնեցնում են Հիսուսի անկենդան մարմնի առջև, մինչդեռ մարդկությունը չի ուզում կանգնած մնալ Հիսուսի գոց գերեզմանի առաջ: Շաբաթականները կարծես հրավիրում են մարդկությանը գլուխը կախ մշտապես գերեզմանին նայելու:
Հրեաները Հիսուսին Գողգոթա բարձրացրին Նրա՝ շաբաթը չպահելու պատճառով: Դժբախտաբար շաբաթականներն էլ, հրեաների նման, Քրիստոսի անվանը հավատացողներին ցանկանում են Գողգոթա բարձրացնել, քանի որ վերջիններս փարիսեցիաբար չեն պահում շաբաթը: Օ՜հ, շաբաթականները բնավ հաշվի չեն առնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց այդ մոլեռանդությունը:
Եկե՛ք ուրեմն, ո՜վ դուք՝ ամենքդ, որ Հիսուսի անունն եք տալիս, հավաքվե՛ք Նրա շուրջը, Ով գիտի ճշմարիտ հանգիստ պարգևել խղճին, ով գիտի խաղաղություն շնորհել խռովված հոգիներին. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, ու Ես կհանգստացնեմ ձեզ»: Եկե՛ք գնանք Նրա մոտ, Ով ասաց այս անմոռանալի ու նշանակալից խոսքը. «Մարդու Որդին տերն է նաև շաբաթի». ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը